Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե երբևէ փոխհատուցման գործընթաց տեղի ունենա, կարևոր դեր է խաղալու ոչ թե ՀՀ քաղաքացի լինել-չլինելը, այլ Արցախում թողած գույքի վերաբերյալ սեփականության վկայականները. Լիլիթ Ստեփանյան

Ապրիլ 08,2024 16:27

«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպումների ընթացքում, ի թիվս բարձրացվող տարբեր հարցերի, կարմիր թելի պես ձգվում է մի մտահոգություն՝ ստանա՞լ ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ, դա ի՞նչ կտա նրանց և ինչի՞ց կզրկի։

Կցանկանամ պատասխանել դրանց ևս մեկ անգամ, հույսով, որ կստացվի ինչ-որ կերպ փարատել այդ կասկածները՝ տալով սպառիչ պատասխաններ։

Ըստ այդմ՝

 ՀՀ քաղաքացիություն ստանալը չի՞ չեղարկի արդյոք սոց. աջակցությունների ծրագրերում ընդգրկվելը։

Ոչ, ՀՀ քաղաքացիություն ստանալը բացարձակապես չի կարող ազդել սոց․ աջակցությունների ծրագրերում ընդգրկված լինելու վրա։

Պետական կամ մասնավոր համակարգում մշտական աշխատանք ունենալու դեպքում կշարունակե՞նք մնալ սոց․ աջակցությունների ծրագրերի շահառու։

Այո։ Զբաղվածություն ունենալը պետական կամ մասնավոր համակարգերում չի խոչընդոտում լինել այս կամ այն աջակցության ծրագրի շահառու։ Դա կարող են փաստել շուրջ 4000 արցախցի, ովքեր աշխատում են Երևանի և ՀՀ տարբեր մարզերի տարբեր կառույցներում։

 ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում չի՞ դադարում արդյոք գործել պետության հատուկ պաշտպանության կարգավիճակը (փախստականի կարգավիճակը)։

ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ավտոմատ դադարում է գործել փախստականի կարգավիճակը։

ՀՀ քաղաքացի դառնալով և դադարելով ունենալ փախստականի կարգավիճակ հնարավո՞ր է արդյոք հետագայում՝ ինչ-որ ժամանակ, երբ առաջանա Արցախում թողնված շարժական կամ անշարժ գույքի փոխհատուցման ծրագիր, ապա շատերը չընդգրկվեն այդ ցուցակում։

Սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիների վրա տարածվել է պետության ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը։ Հետագայում, եթե երբևէ փոխհատուցման գործընթաց տեղի ունենա, ապա կարևոր դեր է խաղալու ոչ թե ՀՀ քաղաքացի լինել -չլինելու հանգամանքը, այլ Արցախում թողած շարժական կամ անշարժ գույքի վերաբերյալ սեփականության վկայականները։ Հետևաբար, ՀՀ քաղաքացի դառնալը չի կարող խոչընդոտել այս գործընթացին, եթե այն ինչ-որ ժամանակ դառնա օրակարգային հարց։

Ինչպես հայտնի է, Կառավարությունը շուտով մեկնարկելու է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը։ Հաշվի առնելով մեր տեղահանված հայրենակիցների մեծ թիվը՝ ծրագիրը կիրագործվի փուլերով՝ ըստ առաջնահերթությունների։ Ըստ այդմ, առաջնահերթության սկզբունքով բնակ․ ապահովման ծրագրի շահառու կդառնան ՀՀ քաղաքացիություն ունեցող այն արցախցիները, որոնք՝

ունեն 3 և ավելի անչափահաս երեխաներ,

ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների ընտանիքները,

եթե ընտանիքում 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք կան։

Պարտադիր պայման է ՀՀ քաղաքացի լինելը։

Քաղաքացիություն չստանալու հետևանքով, ինչպես պարզվեց հանդիպումներից, որոշ ուսանողներ դուրս են մնացել կարևոր պետական կրթական ծրագրերից, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» զինվորական ծրագրից, շատերը չեն կարողանում մասնակցել այն թափուր աշխատատեղերը համալրելուն, որտեղ, ըստ ՀՀ օրենսդրության, պարտադիր պայման է ՀՀ քաղաքացի լինելը, օրինակ՝ քաղ․ ծառայության համակարգը։

Սիրելի արցախցիներ, սիրելի հայրենակիցներ, բոլորս հրաշալի գիտակցում ենք այս որոշումն ընդունելու կամ չընդունելու էմոցիոնալ հենքը։ Հասկանալի է, որ այս պահին դուք գուցե մտածում եք, թե դավաճանում եք Արցախին կամ ձեր որոշմամբ հավերժ փակում եք երբևէ այնտեղ վերադառնալու ձեր երազանքի դռները։ Բայց այս պահին՝ այստեղ, ունենք այն, ինչ ունենք։ ՀՀ վարչապետը բազմիցս իր խոսքում շեշտել է, որ մենք անելու ենք ամեն բան, որպեսզի դուք մնաք ու ապրեք Հայաստանում։ Մշակվում են տարբեր ծրագրեր դրան հասնելու համար։ Եթե ձեր ու ձեր ընտանիքների ապագան տեսնում եք Հայաստանում, ապա որքան շուտ ստանաք ՀՀ քաղաքացիություն, այնքան ավելի անխոչընդոտ կլինեն ընթացակարգային մի շարք գործընթացներ։

Ցանկանում եմ նշել ևս մեկ անգամ, ՀՀ քաղաքացիություն ստանալով որևէ մեկը չի զրկվում ոչ մի արտոնությունից կամ աջակցության ծրագրից, ընդհակառակը՝ մի շարք ծրագրեր ու ծառայություններ ավելի հասանելի են դառնալու, որոնցից այս պահին օգտվում են միայն ՀՀ քաղաքացիները։ Օրինակ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերի «16 մլն դրամ» ծրագրից կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները, ընտանիքում 3-րդ ու հաջորդ երեխաների 50 հազարական դրամը 6 տարով տրվող աջակցությունից կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացի լինելու դեպքում, Կառավարության օժանդակությամբ ու սուբսիդավորմամբ գործող փոքր բիզնեսի և տնտեսության ակտիվության տարբեր ծրագրերի համար կարող եք հայտ ներկայացնել, եթե դիմեք և ստանաք ՀՀ քաղաքացիություն»։

Լիլիթ Ստեփանյան

 ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Քաղաքացիական պայմանագիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930