«Մեզ խոչընդոտեցին առձեռն փոխանցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ուղղված նամակը, սակայն միջնորդավորված կերպով դա հնարավոր եղավ փոխանցել»,- ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ վարչության անդամ Դավիթ Ֆիդանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԳՆ-ի դիմաց ցուցարարները բարձրացրել էին «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներ, Արմեն Աշոտյանի, Վազգեն Սաղաթելյանի, Բակո Սահակյանի և այլոց նկարներով պաստառներ, Արցախի և ՀՀ-ի դրոշները։ Ցույցը տեղի էր ունենում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի` ԱԳՆ-ում նախատեսված հանդիպման ընթացքում:
Դավիթ Ֆիդանյանը ընթերցեց ԵԽ գլխավոր քարտուղարին ուղղված նամակը, որում մասնավորապես ամրագրված էր․ «Կոչ ենք անում ՀՀ իշխանությունների առաջ պարտադիր պայման դնել հրատապ և առանց շահարկումների ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորությունների շրջանակներում ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Որպես ԵԽ գլխավոր քարտուղար՝ վստահաբար տեղեկացված եք, որ առ այսօր Ադրբեջանում կան ազգությամբ հայ ռազմագերիներ և պահվող անձինք։ Արցախում իրականացված էթնիկ զտման և հայրենազրկման պատճառով Ադրբեջանը պատանդառել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ակնկալում և պահանջում ենք հրատապ քայլեր ձեռնարկել նշված անձանց ադրբեջանական գերությունից ազատ արձակելու ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Նամակում ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արվում հրատապ անդրադառնալ վերը նշված հարցերին և ջանքեր գործադրել նշված թեմաները ԵԽԽՎ օրակարգ ներառելու ուղղությամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից