Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ և շատ ճիշտ է անում, որ զբաղվում է

Ապրիլ 08,2024 14:57

Մինչև 2018 թվականը հրապարակայնորեն չէր քննարկվում այն հարցը, թե Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում է, թե ոչ, որովհետև բոլորն էլ այն մտքին էին, որ Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։ Չէր զբաղվում, որովհետև քաղաքական գործիչները իրենց գործին տիրապետում էին, իսկ Եկեղեցին ամբողջությամբ լծված էր իր հոգևոր առաքելության մեջ։ Եկեղեցին ու պետությունը իրար հետ լավ թե վատ համագործակցում էին, ինչը ժամանակի քննադատների բնութագրմամբ «սերտաճել» էր համարվում։

2018 թվականի հայտնի դեպքերից հետո Եկեղեցու քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու հարցը արդիականացավ և մինչ օրս այս հարցում հստակ ընկալում չկա։

2018 թվականին երբ հալածում էին Ամենայն Հայոց Հայրապետին մենք դա դիտարկեցինք որպես հալածանք Հայ Եկեղեցու դեմ։ Այդ տրամաբանությամբ, եթե Կաթողիկոսը պահանջում է վարչապետի հրաժարականը, ապա նշանակում է՝ Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, քանի որ հայտարարությունը քաղաքական է, այլապես երկակի ստանդարտների նմանվող երևույթի հետ գործ կունենանք։

Գենադի Մնացականյան

Կարծում եմ, չպետք է խուսափել «Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ» եզրույթը օգտագործելուց։ Քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր չէ, որ հոգևորականը որևէ կուսակցություն ներկայացնի, քանի որ նա միշտ ու ամենուր հայ ազգին է ներկայացնում իր ամբողջության մեջ, միակ սկզբունքային և անսակարկելի պայմանն այն է, որ ոչինչ չպետք է արվի ի վնաս հոգևոր ծառայության, որը Եկեղեցու բուն առաքելությունն է։

Ոմանք Եկեղեցի բառի ստուգաբանության տրամաբանությամբ առաջնորդվելով ասում են, թե Եկեղեցին դա ժողովուրդն է, դա քրիստոնեական համայնքն է, Եկեղեցի նշանակում է հավաքատեղի և այլն, ինչը, անշուշտ, շատ ճիշտ է, բայց, մենք առաջնորդվում ենք մեր թեմայի տրամաբանությամբ, այսինքն` երբ հալածում են Կաթողիկոսին ո՞վ է հալածվում, Կաթողիկո՞սը, թե՞ Եկեղեցին։

Փորձեմ ավելի պարզեցնեմ մտքերս։ Դիցուք, Պողոսն ու Պետրոսը պահանջում են վարչապետի հրաժարականը, նրանք կատարում են քաղաքական հայտարարություն, այս դեպքում ոչ ոք չի մտածելու, որ քանի որ Պողոսն ու Պետրոսը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են ու պահանջում են վարչապետի հրաժարականը, ուրեմն Եկեղեցին է պահանջում վարչապետի հրաժարականը կամ ուրեմն Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, որովհետև այդ մարդիկ՝ լինելով Հայ Առաքելական Եկեղեցու զավակ, շարքային քաղաքացիներ են և իրացնում են իրենց սահմանադրական իրավունքները՝ արտահայտելով իրենց անձնական կարծիքը։

Վերջապես, Հայ Եկեղեցին 85 տարեկան վաստակաշատ երգահան չէ, որ կասկածելով իշխանությունների մեծահոգության վրա՝ վախենա որևէ հարցի շուրջ տեսակետ հայտնել։

Հայ Եկեղեցին Տիրոջ նախախնամության ներքո գտնվող, Հայոց պատմության ողջ ընթացքում ազգապահպանման գործում ամենաշատ ավանդ ունեցող, ամբողջ աշխարհում ընդունված, ճանաչված ու միլիոնավոր հետևորդներ ունեցող ավելի քան 1700-ամյա Սուրբ հաստատություն է։ Այնպես որ․ Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ և շատ ճիշտ է անում, որ զբաղվում է։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930