Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ճգնաժամային իրավիճակներում անվնաս տեղափոխել կամ կոնսերվացնել թանգարանների հավաքածուները

Ապրիլ 08,2024 14:42

«Ուրախ եմ ազդարարել մի կարեւոր ծրագրի մասին, որի մեկնարկը տրվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին: Այն իրականացնում ենք փուլ առ փուլ: Ծրագիրը կոչվում է՝ «Համախմբելով պահպանենք մշակութային ժառանգությունը»: Դեռեւս 2020թ 44-օրյա պատերազմի ընթացքում ԻԿՕՄ Հայաստան-ը իր հնարավոր բոլոր լծակներով փորձում էր միջազգային եւ մասնագիտական հանրույթի ուշադրությունը սեւեռել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանությանը, պաշտպանությանը: Այդ քայլերը բարեհաջող ավարտվեցին, երբ 2022 թ. մենք կարողացանք առաջին մեծամասշտաբ դասընթացը կազմակերպել՝ ներգրավելով միջազգային գործընկերների: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվել էր ԻԿՕՄ-ի գլխավոր գրասենյակի կողմից»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Թանգարանների միջազգային խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի (ԻԿՕՄ Հայաստան) նախագահ Հայկ Մկրտչյանը:

Թանգարանների միջազգայի խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի (ԻԿՕՄ Հայաստան) նախագահ Հայկ Մկրտչյան

«Երբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի մեր գործընկերները հայտարարեցին այս կարեւոր ծրագրի դրամաշնորհի մասին, մենք որոշեցինք շարունակել արդեն իսկ իրականացված դասընթացները եւ մասնագիտական կարողությունների ամրապնդման գործընթացը՝ հատկապես թիրախավորելով մեր սահմանամերձ շրջանները: Այս դեպքում մեր ամբողջ քայլերն ուղղվում եւ իրականացվում են Սյունիքի եւ Վայոց ձորի թանգարանների մեր գործընկերների հետ միասին: Ծրագիրը բազմաշահառու համագործակցության մասին է, մասնակցում են ոչ միայն թանգարանները, այլեւ բազմաթիվ այլ կառույցներ: Մշակութային ժառանգության պահպանությունը մասնակցային գործընթաց է, դրա մեջ պետք է ներգրավեն բոլորը՝ անկախ մասնագիտությունից, տարիքից, սեռից եւ այլն»,-հավելեց ԻԿՕՄ Հայաստանի նախագահը:

Ընդգծվեց, որ առաջիկա դասընթացները կիրականացվեն մասնավորապես Եղեգնաձորում եւ Գորիսում: Հույս հայտնեց, որ տարվա վերջին էլ կհրատարակվի ձեռնարկ-ուղեցույց՝ «Առաջին օգնություն մշակութային ժառանգությանը», որն անվճար կբաժանվի մասնագիտական կառույցներին:

Թանգարանների միջազգայի խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի անդամ Արմինե Բաչաչյան

Թանգարանների միջազգային խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի անդամ Արմինե Բաչաչյանը նշեց, որ ծրագրի առաջին փուլում՝ հունվար-փետրվար ամիսներին նպատակային այցեր են իրականացրել ոչ թե ծրագրով ընտրված 7, այլ 12 թանգարաններ՝ Վայոց Ձորում, Սյունիքում եւ Արարատի մարզում: Տեղի փորձագետների հետ մշակվել է ռիսկերի եւ կարիքների գնահատման հարցաթերթ, որն ուղարկվել է համապատասխան թանգարաններին: «Հարցաթերթը 5 բաժնից բաղկացած տեղեկատվություն է պարունակում թանգարանների մասին՝ մասնավոր եւ ընդհանուր բնույթի, որը կօգնի հետագայում առավել ճշգրիտ ձեւով հասցեագրել այն կարիքները, որոնք տեսանելի են աշխատակիցներին՝ ճգնաժամային, հատկապես պատերազմական իրավիճակներում հավաքածուները անվնաս տեղափոխելու կամ որոշակի կոնսերվացիա անելու համար»: Արմինե Բաչաչյանի խոսքով, այդ թանգարանների մեծ մասը Հայաստանի ազգային թանգարանների մասնաճյուղեր են:

Թանգարանների միջազգային խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյան

Թանգարանների միջազգային խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը նշեց, որ իրենց իրականացրած դասընթացների մեծ մասին մասնակցել են միջազգային փորձագետներ, վերջինները նույնպես բացառություն չեն: Նա ուրախությամբ փաստեց, որ դասընթացին մասնակցում են ոչ միայն թանգարանների աշխատողներ, այլեւ արձագանքել են եւ փրկարար ծառայությունը, եւ համայնքների ղեկավարներն ու աշխատակիցները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930