Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Պատահական չէ, որ Ադրբեջանը փորձ է անում այն տեղանքները վերցնել, որտեղ ջրային աղբյուրների ակունքներն են, որովհետեւ ջուրը 21-րդ դարի նավթն է»

Ապրիլ 08,2024 14:24

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում խոսելով Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մտադրության մասին՝ ասաց. «Իր գալու օրից այս իշխանությունը հանրությունը բաժանելու, պառակտելու եւ հատվածական կերպով ինչ-որ հարցեր տեղավորելու, լուծելու մեթոդ է որդեգրել: Մենք դա տեսանք Սյունիքում, երբ որոշակի հատվածներից հետ քաշվեցին ու Գորիս-Կապանը (ճանապարհը.-խմբ) հանձնեցին: Շուռնուխը հանձնեցին եւ փորձ արեցին դա ներկայացնել որպես սյունեցիների խնդիր:

Տավուշ այցը նույնպես այդ միտումն ուներ: Մի կողմից դա ներկայացնել տեղական ինչ-որ խնդիր, մյուս կողմից էլ տավուշցիների համաձայնությունը ստանալով՝ դա բարդել ժողովրդի վրա:

Ես այստեղից էլ նշել եմ, որ մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը՝ անկախ նրանից, թե որ սարի գագաթին, ինչ ձյունածածկ տարածքում կամ ինչ քար ու փշի տակ է գտնվում, մեր բոլորի սեփականությունն է եւ դրա հետ կապված, պետությունն ունի օրենքներ: Դրանց հետ կապված որեւէ փոփոխություն օրենքներով, օրենքներին համապատասխան գործառույթներով պիտի դրանց հետ կապված խնդիրները լուծվեն: Եվ այստեղ նրանց իրականացրած բոլոր քայլերը բացարձակապես ապօրինի են եւ հակասահմանադրական:

Այստեղ խնդիրն այն է, ես սրա մասին էլի նշել եմ, որ Ադրբեջանը իր ցանկությունների ցանկից մեզ համար խիստ ցավալի եւ անընդունելի պահանջներն է ներկայացնելու, որոնք մի կողմից հանրային ընդվզում կառաջացնեն, հետեւաբար, դրանց սպասարկումը շատ ավելի կբարդանա, մյուս կողմից հնարավորինը կպոկի՝ այսպես բանակցային գործընթացը կենդանի պահելու տրամաբանության շրջանակներում: Իսկ հաշվի առնելով, որ այս ամենի մեջ թույլ օղակը Հայաստանը ներկայացնող անձինք են, ապա Արեւմուտքը, բնականաբար, ճնշում է գործադրելու հայկական կողմի վրա, որպեսզի հերթական զիջման միջոցով իբրեւ թե բանակցային գործընթացը կենդանի պահելու եւ ընթացք ապահովելու խնդիրը լուծի: Իրենք իրենց բերանով արտահայտեցին դա, որ Ադրբեջանը ուրիշ բանի չէր համաձայնում եւ համաձայնեց միայն Տավուշի հատվածում սահմանազատում, գծում անելուն, չնայած դա էլ անհասկանալի երեւույթ է, քանի որ դա մեզ համար Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների ապօրինի կարգով հանձնում է թշնամուն: Այդ թվում՝ նաեւ ահավոր խոցելի, մեծ, հսկայական ռիսկեր ստեղծելով մեզ համար»,-ասաց տիկին դեսպանը:

Նա նաեւ նշեց, որ իշխանությունն իր նշած 29,8 քկմ-ն կամաց-կամաց մսխելու գործընթացի մեջ է եւ անընդհատ շարունակվելու է: «29,8 քկմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, մտնում են Սյունիքի, Ջերմուկի, Գեղարքունիքի բոլոր այն տարածքները, որտեղ ադրբեջանցիները եկել՝ նստել են:

Այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որի մասին անպայման պետք է ասել: Պատահական չէ, որ Ադրբեջանը փորձ է անում ոչ միայն գերակա դիրքերի վրա հայտնվել, այլեւ այն տեղանքները եւ դիրքերը վերցնել, որտեղ ջրային աղբյուրների ակունքներն են, որովհետեւ ջուրը 21-րդ դարի նավթն է»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930