Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սկսել ենք Տավուշից, նշանակում է, որ ինչ-որ փակ սենյակում Գլխավոր շտաբը որոշել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար սկսել»․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 08,2024 14:10

«Եթե պետական սահմանի թեկուզ փոքր հատվածում սահմանագիծը արդեն հաստատվի, դրա պաշտպանելը դառնում է շատ հեշտ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանազատումը Տավուշի մարզից արդեն սկսվե՞լ է։

«Բոլոր գործողությունները բերելու են նրան, որ եթե պետական սահմանի թեկուզ փոքր հատվածում սահմանագիծը արդեն հաստատվի, դրա պաշտպանելը դառնում է շատ հեշտ։ Ինչո՞ւ, որովհետեւ դրանից հետո կանգնելու են այն ուժերը, որոնք պատասխանատու են դրա չխախտման համար՝ սահմանապահ զորքերը։ Պարզ չէ, չէ՞, որ եթե սկսել ենք այդ հատվածից, դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության  ինչ-որ մարմին նայել է՝ որտեղի՞ց է ավելի նպատակահարմար։ Դա կոչվում է Գլխավոր շտաբ»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյան

Դիտարկմանը, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից հայտնել են, որ Տավուշում սահմանազատման-սահմանագծման աշխատանքները դեռ չեն մեկնարկել, Քոչարյանը պատասխանեց․ «Հիմա աշխատանքները սկսված են, այսինքն՝ այն մասշտաբով, որ քաղաքական մեր ամբողջ ներկապնակը գտնվում է Տավուշի մարզում։ Ընդ որում, խոսում են բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Գնում են այնտեղ, ծառերի տակ նկարվում են, ասում են՝ Հայաստանն իր գյուղերը տվեց։ Ասում ենք՝ գյուղերը չենք տալիս, դա անհնար է, գյուղ տվողը դառնում է հանցագործ։ Մենք, ըստ էության, սկսում ենք պետական սահմանի իրավական ձեւավորման գործընթաց»։

Հարցին, թե այդ աշխատանքներից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները կկարողանա՞ն անվտանգ ապրել իրենց գյուղերում, Քոչարյանը պատասխանեց․ «Սովետական տարիներին անվտա՞նգ են ապրում, ձեր ծնողներին կհարցնեք։ Այսօրվա հրթիռները էնքան երկար են թռնում եւ թիրախային։ Հիմա վտանգի գնահատումը որտե՞ղ եք տեսնում։ Վտանգի գնահատումը խաղաղ ապրելու մեջ պետք է լինի։ Եթե դուք կարծում եք, որ սահմանագծելը բերելու է ձեր պատկերացրած անվտանգ միջավայրի ստեղծմանը, դա երկար տարիներ է պահանջում։ Այդ տարիները փոխվստահությունը վերականգնելու ճանապարհով պետք է լինեն։ Այս սահմանամերձ գյուղերը, ինչպես ապրել են ինչ-որ մի պահ, պետք է կարողանան ապրել նաեւ հետո։ Բայց մենք պատերազմ ենք անցել, թշնամանքը խորացել է, նախկինում այդ գյուղերն իրար հետ եւ առեւտուր են արել, եւ ապրել են։ Սովետական տարիներին համեմատաբար կարող էր թշնամանք լինել, բայց դա քիչ էր, որովհետեւ մեկ ընդհանուր անվտանգային տանիքի տակ էին գտնվում բոլոր հանրապետությունները»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930