Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այստեղ հավաքվել ենք Երևանի և Բաքվի քաղբանտարկյալների համար»․ Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 08,2024 13:55

Քիչ առաջ, երբ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մուտք էր գործում ՀՀ ԱԳՆ, շենքի դիմաց ցույցի մասնակիցները գոչեցին՝ «freedom»:

ԵԽ գլխավոր քարտուղարը շուրջ կես ժամ անց դուրս եկավ ՀՀ ԱԳՆ շենքից։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ցուցարարները ճանապարհեցին «freedom» վանկարկումներով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԳՆ-ի դիմաց ցուցարարները բարձրացրել էին «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներ, Արմեն Աշոտյանի, Վազգեն Սաղաթելյանի, Բակո Սահակյանի և այլոց նկարներով պաստառներ, Արցախի և ՀՀ-ի դրոշները։ Ցույցը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի` ԱԳՆ-ում նախատեսված հանդիպման ընթացքում:

Young members of the Republican Party of Armenia hold a protest action in front of the RA Ministry of Foreign Affairs in Yerevan, Armenia

Ցույցի մասնակից ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանն ասաց, որ ԵԽ գլխավոր քարտուղարից շատ հարցերի պատասխաններ է ուզում ստանալ․ «Օրինակ՝ ինձ հետաքրքիր է՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը երկուսն էլ ԵԽ անդամ երկրներ են՝ արդյոք կարելի՞ է, որ 21-րդ դարում, ԵԽ պատասխանատվության գոտում մի հետամնաց բռնապետ խախտի միջազգայնորեն ընդունված պայմանավորվածությունները, սկզբունքները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա՝ բացառապես իր էթնիկ խմբին պատկանելու իմաստով, ցեղասպանության ենթարկի, որից կարճ ժամանակ հետո այդ մարդկանց իրենց հայրենի բնօրրանից բռնի տեղահանեն։ Արդյոք ժամանակակից Եվրոպայի արժեքները պիտի այդ դրսևորումնե՞րն ունենան, որ մարդկանց իրենց բնակավայրից բռնի տեղահանեն։ Կա՞ ԵԽ երկրորդ երկիր, որտեղ մարդու իրավունքների պաշտպանը դառնա հետախույզ, դատախազը դառնա մարդու իրավունքների պաշտպան։ Այստեղ այդպես է։ ԵԽ որևէ երկիր կա՞, որտեղ օրենքներն ընդունվում են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում մեկ իշխանական խմբակցության կողմից»։

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարեց՝ այստեղ են հավաքվել, որ տիկին Բուրիչին հիշեցնեն, որ ժամանակին ՀՀ-ի հետ կապված կարմիր գծեր կային․ «ԵԽ-ում ՀՀ-ի համար քաշել էին կարմիր գծեր, որ սա չի կարելի, սա հակաիրավական է, մարդուն չի կարելի ձերբակալել քաղաքական պատճառներով, գետնին տապալել, ոտքը դնել գլխին քաղաքական պատճառներով։ Այս երևույթները հիմա գոյություն չունեն։ Մենք հիշում ենք այդ ժամանակները, պահանջում, որ երկակի ստանդարտներ չկիրառեն։ Երկակի ստանդարտներ արտահայտությունն անգամ չի արտահայտում ողջ իմաստն այն երևույթի, որ ՀՀ-ի նկատմամբ կիրառվում է։ ՀՀ-ում այս պահի դրությամբ առնվազն հինգ քաղբանտարկյալներ կան»։

Ռուբեն Մելիքյանը նաև ասաց՝ իրենց ցույցի նպատակն է նաև ԵԽ գլխավոր քարտուղարին իրազեկել Բաքվում գտնվող մեր քաղբանտարկյալների մասին․ «Մեր իշխանությունները, այս շենքում գտնվող մարդիկ՝ Արարատը, մյուսները վստահաբար չեն բարձրացրել Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարցը, գոնե այստեղից նրանք լսեն, որ ՀՀ-ում չեն մոռացել ու չեն մոռանալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ որպես խղճի բանտարկյալ, որպես իրենց ազգության համար բանտում գտնվող մարդիկ։ Նրանց մասին միջազգային հարթակներում չեն խոսում։ Այստեղ հավաքվել ենք Երևանի և Բաքվի քաղբանտարկյալների համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930