Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կրակոցները ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունեն, դրանք անկանոն ու անիմաստ կրակոցներ են, այդպես շատ է եղել»․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 08,2024 13:16

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանային իրավիճակին ու ադրբեջանական գործողություններին։

Անդրանիկ Քոչարյան

Քոչարյանն ասաց, որ ադրբեջանական կրակոցների հետեւանքով սահմանային գյուղերում ապակի է կոտրվել։ «Ապակիները կվերանորոգենք, ամեն ինչ կանենք, որպեսզի նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն, նաեւ եվրադիտորդների մակարդակով։ Եվ կհասնենք նրան, որ կրակոցներ չլինեն։ Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ եւ աննպատակ են»,- ասաց նա։

Հարցին, թե հայկական կողմը կրակոցներով չի՞ պատասխանելու, Քոչարյանը պատասխանեց․ «Եթե անհրաժեշտ լինի, իհարկե, կպատասխանենք»։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում այս լարվածությունը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Հիստերիկ դրսեւորումներով։ Կարող է մյուս կողմում կանգնածներն այդ օրը որոշել են անկանոն կրակոցներ ուղարկել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Այդպես շատ է եղել, ոչ մի բանի հետ կապ չունի»։

Հարցին, թե ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ ունե՞ն կրակոցները, նա պատասխանեց՝ ոչ։

Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից իրավիճակը լայնածավալ էսկալացիայի տանելու միտում դեռ չի տեսնում։ «Երբ որ կտեսնենք, կարծում եմ, այս հարցերն էլ չեն առաջանա, մենք կանցնենք մեր բնակավայրերի լիարժեք պաշտպանության»։

Հարցին, թե Ադրբեջանի ձեռագիրը խաղաղության գնացող պետության ձեռագի՞ր է, Անդրանիկ Քոչարյանը նման պատասխան տվեց․ «Ես ձեռագիր չեմ տեսնում, խանգարողներն ավելի շատ են, եւ միայն Ադրբեջանը չէ։ Խանգարողները նաեւ երկրի ներսում կարող են լինել»։

Նա նշեց, որ Եվրամիության դիտորդների արձանագրումները մնայուն փաստեր են։ Եվ ցանկացած պահի հայկական կողմը, երբ ունենա այդ հնարավորությունը, այդ արձանագրումները կօգտագործի։ «Երբ ժամանակին ՄԱԿ-ի բանաձեւերն ընդունվում էին, մենք ասում էինք՝ ՄԱԿ-ի բանաձեւ է, հետո՞։ Բայց 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետո պարզվեց, որ մեզ աջակիցներ չկան, որովհետեւ գոյություն ունեն այդ բանաձեւերը։ Հիմա, երբ մենք ասում ենք՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները պետք է լինեն անխոչընդոտ, դա նշանակում է, որ այդ արձանագրումներն անելու են իրենց գործը, երբ սեղանի շուրջ նստելիս կասեն՝ նայեք։ Եվրամիությունն արդեն 209 դիտորդներ ունի եւ կարող է ավելացնել։ Եվ ամեն մի արձանագրում ունի իր արժեքը, որովհետեւ դրանք արդեն ձեւակերպված փաստեր են»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը, Բաքվի գործողությունները «հիստերիա» որակելուց որոշ ժամանակ անց ինքն իրեն ուղղեց․ «Հիստերիա բառը գուցե մի քիչ կոպիտ եմ ասել, դրանք գործողություններ են, որոնք որեւէ իմաստ չեն արտահայտում, անիմաստ են։ Ոչ մի հարց չի լուծում դրանով, ընդամենը կրակոցներ են, որը պետք է արգելել նույն դիտորդների գործողությունների շնորհիվ, որ այդ կրակոցները չլինեն։ Եթե կրակոցներ կան, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»։

Լրագրողները ճշտող հարց տվեցին՝ այսինքն` լայնածավալ պատերազմի վտանգ չի՞ տեսնում Անդրանիկ Քոչարյանը։ Ի պատասխան նա ասաց․ «Եթե ծավալվի, ուրեմն կծավալվի, մենք էլ կպաշտպանենք մեր սահմանները։ Հիմա չի ծավալվում։ Եթե ծավալվի, ուրիշ ռեժիմում է գտնվելու մեր երկիրը, եթե չի ծավալվում՝ այլ ռեժիմում է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930