Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում շարունակվում է հիմնանորոգման ծրագիրը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այստեղ բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար կապահովվեն հարմարավետ պայմաններ:
***
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կունենա գեղարվեստական լուսավորություն: Նախագիծը դեռևս մշակման փուլում է: Հանձնարարվել է արդիականացնել նաև Մայր Հայաստան հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը:
***
2023-ի ապրիլին Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Անցած մեկ տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ: Նախագծով մեծ տեղեկատու դաշտով վահանակներից արդեն իսկ ամբողջությամբ մաքրվել են Բաղրամյան պողոտան ու Կիևյան փողոցը:
«Այն չափորոշիչները, որոնք հաստատել ենք նախորդ տարի, իրապես լավագույն փորձն են ներառում և Երևանում տեսողական այդ աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էին: Այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որպեսզի պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի տեսքը բացվի»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով մետրոպոլիտենում շարժակազմերի մոտենալու մասին քաղաքացիները կիրազեկվեն հետհաշվարկով աշխատող ժամատախտակներով:
***
Երևանյան 28 փողոցների վերգետնյա մալուխները փուլ առ փուլ անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունն ու քաղաքի արտաքին տեսքը բարելավելու անհրաժեշտությունը՝ հանձնարարվել է դիտարկել ամբողջ կենտրոնը, որից հետո գործընթացը կտեղափոխվի մյուս վարչական շրջաններ:
***
Շարունակվում է Կիևյան կամրջի նորոգումը: Կառույցի սպասարկման համար առաջնահերթորեն նորոգվել են հենարանների միջև գտնվող աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ: Բացի այդ, ամբողջությամբ կբացվի, կհիմնանորոգվի ու բնակիչներին կհանձնվի ստորգետնյա հետիոտնային անցումը:
Երևանի քաղաքապետարան