«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Տեղական և Տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանում՝ դիմելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումներից հետո հանձնակատար Միյատովիչը այցելել էր Հայաստան և ԼՂ տարածք և տեղում ծանոթացել իրավիճակին։ Չնայած այն հանգամանքին, որ տիկին Միյատովիչը իր աչքով էր տեսել Արցախի դատարկված բնակավայրերը, այդուհանդերձ էթնիկ զտման գնահատական չէր հնչեցրել և ողջունել էր Ադրբեջանի քայլերը վերադարձի իրավունքի ապահովման վերաբերյալ։
Դավիթ Խաժակյանը իր ելույթում նշել է, որ Միյատովիչի այցից հետո վայրագություններ և մշակութային ժառանգության ոչնչացումներ են տեղի ունեցել ամբողջ Արցախի տարածքում, ինչը նշանակում է, որ մարդու իրավունքների հանձնակատարի ողջույնի խոսքերը ուղղված վերադարձի իրավունքի ապահովմանը Ադրբեջանը այլ կերպ է ընդունել։