Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ես հույսը չունենամ, որ մի օր գնալու եմ Արցախ՝ մեր տուն, եղբայրական գերեզման, Շուշի, ես պարզապես կդադարեմ ապրել»

Ապրիլ 08,2024 11:49

«Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամը ս․ թ․ ապրիլի 7-ին կազմակերպել է «Արցախի կանայք հայկական հիմնախնդիրների մասին․ աղետի և պայքարի պատմություններ» խորագրով պանելային քննարկումը։ Բացման ողջույնի խոսքում հիմնադրամի տնօրեն Սիրանուշ Ասատրյանը շնորհավորել է ներկաներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ ցանկանալով, որ իրենց ուժն ու պայքարի ոգին փոխանցվի բոլոր հայ կանանց ու մայրերին՝ դրանով իսկ նպաստ բերելով վերստին ազատ Արցախ ունենալու բոլորիս մեծ գործում։

Պանելային քննարկման ժամանակ բանախոսել են լրագրողներ Ծովինար Բարխուդարյանը, Աննա Մանգասարյանը, Ալվինա Աղաբաբյանը, Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի երիտասարդության և մշակույթի հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը, ԱՀ և ՀՀ նախկին պետական ծառայող, ներկայում՝ քաղաքացիական ակտիվիստ Արեգա Հովսեփյանը։

Բանախոսները պատմել են շրջափակման, պատերազմի և բռնի տեղահանության ժամանակաշրջանի դժվարությունների, դրանք վերապրելու և հաղթահարելու պատմությունների մասին։ Անդրադարձ է եղել նաև առհասարակ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև արցախցիների ներկայիս սոցիալ-մշակութային հիմնախնդիրներին և դրանց լուծման միջոցներին՝ հատուկ ընդգծելով կանանց դերի նշանակությունը։

Զուգահեռներ են տարվել նաև մեր օրերի և 1990-ականների պայքարի ու արցախցիների տոկունության միջև՝ արձանագրելով, որ վերջնական հաղթանակի հանդեպ հավատը հաղթանակն ապահովող կարևոր պայման է։ «Եթե ես հույսը չունենամ, որ մի օր գնալու եմ Արցախ՝ մեր տուն, եղբայրական գերեզման, Շուշի, ես պարզապես կդադարեմ ապրել»,- նշել է բանախոսներից Ա․ Հովսեփյանը։

Ա․ Աղաբաբյանն իր ելույթում, ի շարս պատերազմի ականատես լինելու անձնական ապրումների ներկայացման, անդրադարձել է նաև Հայաստանի սահմանների և տարածքների ներկայիս վտանգվածությանը, ինչպես նաև երկարաժամկետ և տևական հաղթանակի համար իշխանության փոփոխությունից բացի՝ նաև բնակչության զանգվածային ոգեփոխության և ճգնաժամային տոկունության բարձրացման հարցերին։

Ե․ Հայրիյանն հիշատակել է արցախյան ինքնատիպ ենթամշակույթի, այդ թվում՝ բարբառների ու խոսվածքների վտանգվածության հարցը։ Ծավալված քննարկման ընթացքում ներկաները կիսվել են պատմություններով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները խոչընդոտում են արցախցիների՝ միասին համախումբ բնակվելու և դրա միջոցով սեփական խմբային դիմագիծն ու ենթաինքնությունը պահելու փորձերը։

«Հայկական առաքելություն» հիմնադրամն ակտիվ գործունեությունն սկսել է 2023 թ սեպտեմբերին՝ Արցախի ժամանակավոր հայաթափման օրերից։ Կազմակերպության գործունեությունն ուղղված է բռնի տեղահանված արցախցիներին տարաբնույթ աջակցության ցուցաբերմանը։ Հիմնադրամի գործունեության կարևորագույն սկզբունքներից մեկն իրականացվող ծրագրերի աստիճանական ընդլայնումն է ու դրանց շարունակականության ապահովումը։ Մինչ այս պահը «Հայկական առաքելություն» հիմնադրամն աջակցել է 1500 արցախցու, որից 406-ը՝ երեխաներ, աշխատանքով ապահովել 5 ընտանիքի, կազմակերպել 31 մասնագիտական դասընթաց և ամանորյա 2 միջոցառում։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930