Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չկա գիտական այլ տեսակետ, քաղաքից պետք չէ ժամանակ խլել»․ Ավինյանը ծառերի փոխարինման ծրագրին հակափաստարկ չներկայացնելու մասին

Ապրիլ 08,2024 11:06

Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հիշեցրեց, որ նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ ժամանակավոր կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով գիտական շրջանակներից ստանալ գրավոր հիմնավոր որեւէ փաստաթուղթ, որը նվազագույնը հարցականի տակ կդներ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը։ Ապա Ավինյանը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց՝ արդյոք ներկայացվել է այդ հակափաստարկը։

Արմեն Բեգոյան

Բեգոյանն ի պատասխան ասաց, որ որեւէ մեկը գիտական հանրության կողմից մինչ այս պահը հակափաստարկ չի ներկայացրել․ «Ավելին, Ազգային Ակադեմիայում նախաձեռնվել էր քննարկում, որին մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Հիմնական միտքը, որ հնչեցվել է այնտեղ, բացառությամբ մեկ անձի, այն էր, որ թեղիները Երեւան քաղաքից պետք է հանվեն, դա ակնհայտ է։ Կենսաբազմազանության ինստիտուտն ու էկոնոսֆերայի կենտրոն էր ուզում ներգրավված լիներ։ Խոստացել եմ, որ գիտատեխնիկական խորհուրդ կհրավիրվեն նաեւ այդ գերատեսչություններից մեկական գիտնականներ։ Ակադեմիան ասում էր, որ որեւիցե ինստիտուտ մինչեւ այս պահը չի հետազոտել․․․կներեք, շատ վատ է, որ չի հետազոտել, որովհետեւ այս խնդիրը 2000 թվականից կախված է Երեւանի գլխին։ Քննարկման ժամանակ հիմնական մեխն այն էր, որ թեղիները իրենց սպառել են, Երեւանի կլիմային այնքան էլ հարմար ծառատեսակ չեն եղել, որ դրանք բերվել են Երեւան հեշտ եւ արագ լուծում տալու համար, դրանք պետք է փոխարինվեն հետագա տարիների ընթացքում»։

Բեգոյանն ասաց, որ ծառերի փոխարինումը կտեւի 10-20 տարի ՝ հաշվի առնելով թեղիների մեծ քանակը Երեւանում։

Տիգրան Ավինյան

Ավինյանը ներկայացրեց 20-ի ավելի գիտնակաների եզրակացությունը ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ, որը կայացվել է նախորդ տարի փետրվարին․ «Երեւան քաղաքի կանաչ տնկարկները լիարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշտ էկոհամակարգային ծառայությունները՝ սանիտարական, էկոլոգիական եւ գեղագիտական։ Երեւանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում գլխավոր եւ երկրորդական փողոցներում առկա են դեֆորմացված եւ կենսունակության ավարտին մոտ ծառատեսակներ՝ թեղի մանրատերեւ, հացենի սովորական եւ այլն, որոնք կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը, աղտոտված օդային ավազանի մաքրման փոշու, օդում կախված մասնիկների կլանման, աղմուկի մեղմացման, գեղագիտական տեսքի եւ այլ նպատակային նշանակության առումներով։ Այսինքն, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները շատ դեպքերում ապահովում են ընդամենը քանակային ներկայություն՝ պատշաճ չիրականացնելով իրենց ֆունկցիոնալ նպատակները»։

Այս եզրակացությունը, ըստ Ավինյանի, տարբեր ինստիտուտների 24 գիտնականերն են տվել։

«Որպեսզի այս խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, գիտական մյուս կողմը, որը մեկ այլ բան է պնդում, պետք է ներկայացնի հակափաստարկ, եթե չկա, մնացածը սիրողական, հուզական խոսակցություններ են»,-ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ ժամանակին բոլորը՝ մեր այս ընդդիմադիրներն ու ընդդիմախոսները խոսում էին, որ բոլոր թեղիները պետք է հեռացվեն։

«Ինձ այս գիտական աշխատաժողովը համոզել է, որ սա է ճիշտ ճանապարհը։ Եթե կա մեկ այլ գիտական տեսակետ, պատրաստ ենք լսել, եթե չկա, ուղղակի քաղաքից պետք չէ ժամանակ խլել»,-ասաց Ավինյանը։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930