Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, բայց առանց Արցախ՝ Հայաստան չի լինելու»

Ապրիլ 08,2024 13:00

«Առավոտի» զրուցակիցն է Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը։

– Պարոն Ավանեսյան, դեպի Արցախ հավաքական վերադարձի համար ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այսօր, ի՞նչ պետք է անել։

– Այդ հարցի՝ օրակարգում մնալ-չմնալը մեզանից է կախված։ Մենք տեսնում ենք, թե Հայաստանի վրա ինչ ճնշումներ կան տարբեր կողմերից։ Մենք չգիտենք, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ոչ հրապարակային դաշտում ինչեր են կատարվում, որովհետեւ արդեն պետական պաշտոնյաներն են իրենց թույլ տալիս բացահայտ մեղադրել միմյանց ու ի ցույց դնել, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Այդ հանցավոր զույգը՝ Ռուսաստանն ու Թուրքիան, որոնց կարելի է միացնել նաեւ Ադրբեջանն ու Իսրայելը, շարունակում են հայերին որպես ազգ պատմությունից հանելու քաղաքականությունը։ Հիմա մեզ Արցախից հանել են, ամեն կերպ այնպես են անելու, որ չվերադառնանք։ Տեսնում ենք, որ 200 տարի հայաթափման, հայկական տարածքները հայերից ազատելու քաղաքականություն է իրականացվում։ Մեր միակ խնդիրն այն է, որ անընդհատ պետք է այդ թեման բարձրաձայնենք։ Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ անընդհատ նույն բանն են ասում, որ ով շահ չունի, մեզ չի օգնելու։ Բայց մենք տեսնում ենք, որ կան պետություններ, որոնց շահերը մեր հետ համըկնում են, օրինակ՝ Իրանը։ Արցախցիների վերադարձի հարցում միջազգային հանրությունը մեզ աջակցում է, եւ երբ ժամանակը գա, այդ հարցը վերակենդանացվելու է։

– Բայց առանց Հայաստանի իշխանությունների աշխատանքի, առանց պետական քաղաքականության հնարավո՞ր է այս հարցում առաջընթաց ունենալ։ Պետական մակարդակով հրաժարվելով իրավունքներից՝ հնարավո՞ր է հետագայում վերադարձ ապահովել։

– Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ճիշտ չէ, տպավորություն է, որ ՀՀ իշխանություններն իրոք ձեռքերը լվացել են Արցախից։ Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, որովհետեւ առանց Արցախ՝ Հայաստան չի լինելու։ Այսօրվա սահմաններով Հայաստանը որպես պետություն երկար չի դիմանա։ Իմ կարծիքով՝ ճնշումը շատ մեծ է, բայց Հայաստանի իշխանություններն էլ են գիտակցում, որ այսպես երկար հնարավոր չէ շարունակել։ Վերջին շրջանում տարբեր տեղեր կարծես փորձում են հնչեցնել վերադարձի հարցը, թեպետ ես որպես քաղաքականություն դա չեմ տեսնում։ Նաեւ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը պետք է ակտիվ լինեն այդ հարցում։ Մենք օրակարգից չպետք է հանենք այդ հարցը, եւ այնպես չէ, որ մենք աշխարհում առաջինն ենք լինելու, կա Կոսովոյի օրինակը, պատմական այլ նախադեպեր կան։ Մենք պետք է իրավիճակը դրան հասցնենք։

– Արցախցիների պայմանն այն է, որ եթե միջազգային անվտանգային երաշխիքներ չապահովվեն, հնարավոր չէ վերադառնալ։ Առանց միջազգային երաշխիքի մարդիկ չեն վերադառնա՞։

– Այո, միանշանակ պետք է միջազգային երաշխիքներ լինեն, այս հարցում երկու կարծիք չի կարող լինել։ Վերջին վեց ամիսները իրոք շատ դժվար ամիսներ էին արցախցիների համար՝ թե հոգեբանական, թե քաշքշուկների առումով։ Խայտառակ իրավիճակ էր անձնագրային բաժիններում, խառնաշփոթ էր։ Նաեւ հակաարցախյան մի զանգված կա հանրության մեջ, որն անընդհատ իրեն դրսեւորում է։ Բայց կարծես թե այդ վիճակից դուրս եկանք, կարծես հայ ազգն էլ է արդեն սկսել հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ինձ թվում է՝ ամիսների ընթացքում մարդիկ ավելի շատ կհասկանան իրավիճակը, հայաստանաբնակ ժողովուրդն էլ ավելի ակտիվ կլինի արցախյան հարցում։ Հիմա այնպիսի տպավորություն է, որ իշխանությունների կողմից կա հակաարցախյան տրամադրություններ սերմանելու քաղաքականություն։ Բայց հույս ունեմ, որ սա հաղթահարվում է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930