Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտության եւ խորեոգրաֆիայի «միջնորդը»

Ապրիլ 08,2024 12:00

Հայտնի է, որ դաշնակահար- կոնցերտմայստերը ինքնուրույն կատարող չէ, նա աշխատում է անսամբլային տարբեր կազմերի հետ։ Ինչպես ընդունված է նրան անվանել՝ նվագակցողը, այս դեպքում՝ բալետային խմբի, առանձնահատուկ մասնագիտություն է, նա մասնակցում է ստեղծագործական ողջ գործընթացին։ Պարզ ասած՝ բալետի նվագակցողի դերը այն է, որ նա ակտիվորեն մասնակցի պարուսույցի կողմից առաջադրված խնդիրների լուծմանը եւ կարելի է ասել, որ բալետի նվագակցողը միջնորդ է երաժշտության ու խորեոգրաֆիայի միջեւ։ Ինչպես նշեցինք՝ նվագակցողն ինքնուրույն կատարող չէ, այլ աշխատում է անսամբլում։ Նա պետք է հասկանա «ոտքերի, ձեռքերի լեզուն», կարճ ասած՝ խորեոգրաֆի յուրաքանչյուր շարժում եւ իր ճիշտ աշխատանքով օգնի հասնելու ցանկալի արդյունքի։ Այս ամենը պահանջում է գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, փորձ, որոնց ձեռքբերման համար շատ ժամանակ է պահանջվում, այսինքն՝ դրանք գալիս են տարիքի հետ։ Մյուս կողմից՝ նվագակցողը պետք է նպաստի ուսուցիչ-պարուսույցի երաժշտական գաղափարների զարգացմանը, լինի ակտիվ համագործակցող, օգնական, դաշնակից եւ ձգտի փորձասենյակում ստեղծագործական մթնոլորտ ստեղծել։ Նշենք, որ նվագակցողը պետք է տիրապետի նաեւ իմպրովիզացիայի արվեստին։ Բավական է ասել, որ դաշնակահար-նվագակցողը պետք է կարողանա լիարժեք փորձ անցկացնել ուսուցիչ-պարուսույցի բացակայության դեպքում, պարզ պատճառով՝ նա պարուսույցի օգնականն է։

Ներկա էինք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի փորձին ու արձանագրեցինք հետեւյալը. պետք է գրագետ ձեւավորել թրեյնինգները, վարժությունները, դրանք կապելով երաժշտական նյութի հետ, կարողանալ կողմնորոշվել երաժշտական տեքստում, եթե ուսուցիչ-պարուսույցը կանգ է առնում՝ ընդհատելով փորձը, ճշտումներ անում, ապա նվագակցողը պետք է իմանա, թե որտեղից նվագել ստեղծագործությունը։ Այսինքն՝ նրանից պահանջվում է ոչ միայն երաժշտական գիտելիքներ, այլեւ խորեոգրաֆիայի իմացություն։ Երաժշտական տերմինները իտալական ծագում ունեն, իսկ խորեոգրաֆիկականը՝ ֆրանսիական։ Նշանակում է՝ նվագակցողը պետք է ծանոթ լինի, թե ինչպես է կատարվում տվյալ վարժությունը, որպեսզի ընտրի ճիշտ երաժշտական նյութ։ Սա դեռ ամենը չէ բալետի նվագակցողի դժվարին աշխատանքի մասին։

Այսօր թատրոնի բալետային խմբում նվագակցողի իրենց գործունեությունն են ծավալում չորս դաշնակահարներ՝ Անուշ Կարապետյանը, Ռուզաննա Աստվածատրյանը, Լիանա Մնացականյանը եւ Սոնա Ալթունյանը։ Վերեւում արդեն նշեցինք, որ բալետային մեկ փորձի մասնակից ենք եղել եւ ռոյալի մոտ էր դաշնակահար- նվագակցող Անուշ Կարապետյանը, ով այս տարի տոնելու է ծննդյան 80-ամյակը։ Կարելի է պատկերացնել, թե ավելի քան կես դար նա ինչ «տաժանակիր» աշխատանք է կատարել… Պարտադիր չէր նրա հետ հարցազրույց վարել՝ իմանալու համար, թե տասնամյակների ընթացքում նա ինչ երեւելի խորեոգրաֆների, կոմպոզիտորների, արտիստների հետ է համագործակցել եւ հանդիսատեսի համար իր «աննկատ» դերն ունեցել բալետային ներկայացումներում։ Ներկայացումների թվարկումը երկար ժամանակ կպահանջի, բայց բարձրաձայնենք գոնե մի քանի անվանի արվեստագետների անուններ, որոնց հետ համագործակցել է դաշնակահարը՝ Արամ Խաչատրյան, Մաքսիմ Մարտիրոսյան, Յուրի Գրիգորովիչ, Օլեգ Վինոգրադով, Վիլեն Գալստյան, Աշոտ Ասատուրյան…, բազմաթիվ են հայ եւ արտասահմանյան բալետի պրեմիեր եւ պրիմա պարողները, որոնց անունները թվարկելը դարձյալ երկար ժամանակ կպահանջի։ Ի դեպ, դաշնակահար-նվագակցող Անուշ Կարապետյանը բալետի արտիստների հետ մասնակցություն է ունեցել հյուրախաղերի, այդ թվում՝ Սիրիա, Եգիպտոս, Քաթար, Թուրքիա, Ֆինլանդիա, Ռուսաստան, Ուկրաինա, Մեքսիկա, Արգենտինա եւ այլն։

Օպերային թատրոնի թանգարանում մեր ուշադրությունը գրավեց Արամ Խաչատրյանի լուսանկարի վրա կոմպոզիտորի ձեռքով գրված հիացական տողերը՝ ուղղված հայ դաշնակահարուհուն, իսկ Յուրի Գրիգորովիչը մեզ հետ հարցազրույցում կարեւորելով փորձառու կոնցերտմայստերի դերը «Սպարտակ» բալետի բեմադրական աշխատանքներում, ասել էր. «Այս բալետի բեմադրական աշխատանքները հնարավոր չէր առանց դաշնակահար-կոնցերտմայստեր Անուշ Կարապետյանի մասնակցության։ Ողջ բեմադրական աշխատանքները ինձ եւ բալետային խմբին մեծ հաճույք պատճառեցին…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել