Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ, որ ԵՄ-ն կբացի իր շուկաները կամ գոնե արտոնյալ պայմաններ կստեղծի հայկական ապրանքների համար»

Ապրիլ 08,2024 13:30

Ըստ Արմեն Վարդանյանի՝ եթե մենք չանենք այս անցումը, առաջիկա 10-20 տարիներին լինելու ենք թույլ ու խոցելի, որեւէ  հնարավորություն չենք ունենալու վերականգնել Ադրբեջանի հետ կորցրած ռազմական բալանսը։

«Իհարկե, Թուրքիան, ՌԴ-ն եւ Ադրբեջանը լուրջ մտահոգություններ ունեին այս հանդիպման հետ կապված, փորձեցին ճնշումներ գործադրել ամերիկյան եւ եվրոպական կողմերի վրա, որպեսզի հանդիպումը կամ չկայանա, կամ Ադրբեջանն էլ ներկայանա, բայց, բնականաբար, այդ ճնշումները որեւէ արդյունք չտվեցին»,-«Առավոտի» դիտարկմանը՝ այն մթնոլորտում, որում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը՝ մասնավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հնչող արձագանքները, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ՝ որպես հանդիպման արդյունք, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Էնթոնի Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայեն հանդիպումը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն էր տարածել Բրյուսելում նախատեսված ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման վերաբերյալ եւ քննադատել այդ նախաձեռնությունը։ Անկարան պնդում է, որ բրյուսելյան հանդիպումը «անտեսում է Ադրբեջանի դիրքորոշումը», ինչը «միայն հիմք կստեղծի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր տարաձայնությունների համար»։

Ըստ Արմեն Վարդանյանի՝ ընդհանրապես ՀՀ-ի դեմ պատերազմ սանձազերծելով՝ Թուրքիայի հովանավորությամբ եւ ՌԴ-ի չեզոքությամբ Ադրբեջանը, Թուրքիան եւ ՌԴ-ն ցանկություն ունեին, որ ՀՀ-ն լինի թույլ, խոցելի եւ իզգոյ մի երկիր՝ մերժված բոլորի կողմից, որտեղ ամեն մեկը պետք է տորթից իր բաժինը ստանար. «Հիմա, երբ տեսնում են՝ ՀՀ-ն փորձում է դուրս գալ այդ եռյակի աքցաններից, որ Արեւմուտքը արդեն սկսել է ՀՀ-ին զենք մատակարարել Ֆրանսիայի կողմից, ֆինանսական մեծ հոսքեր են ապահովվում ՀՀ-ին, Հայաստանի տնտեսությունն են փորձում դիվերսիֆիկացնել, դրա համար իրենց մոտ կան մտահոգություններ, որովհետեւ իրենք ուզում էին, որ ՀՀ-ն լինի իրենց աքցանների մեջ եւ խիստ խոցելի։ Հիմա տեսնում են, որ ՀՀ-ն փորձում է դուրս գալ այդ եռյակի ճահճից»։

Մեր հարցին՝ այն, որ պաշտոնական Անկարան հայտարարում է, թե Բրյուսելում կայացած հանդիպումը «միայն հիմք կստեղծի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր տարաձայնությունների համար», չեք կարծո՞ւմ, որ այդպիսով Թուրքիան ակնարկում է հետագա սրացումների հետ կապված, քաղաքագետը պատասխանեց. «Ակնհայտ է՝ Թուրքիան եւ հատկապես ՌԴ-ն փորձում էին Ադրբեջանի միջոցով այստեղ սահմանին բախումներ հրահրել, խափանել այդ հանդիպումը։ Բայց ապրիլի 3-ին Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգն Ալիեւին ամենայն հավանականությամբ՝ ես ավելի քան վստահ եմ, այն տոնայնությամբ էր, որ հանկարծ Ադրբեջանի մտքով չանցնի սահմանին ինչ-որ բախումներ հրահրել եւ փորձել խափանել այդ հանդիպումը»։

Ըստ Արմեն Վարդանյանի՝ տարածաշրջանը լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին է։ ՀՀ-ն ավանդաբար համարվել  է ՌԴ-ի «ֆորպոստը», ՌԴ-ն Հայաստանը համարել է իր բացառիկ ազդեցության գոտի, հիմա, բնականաբար, խանդով է վերաբերվում Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի  եւ ԵՄ-ի դիրքերի ուժեղացմանը. «Բնականաբար, լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու տարածաշրջանում, որովհետեւ ՌԴ-ի դիրքերն ակնհայտորեն ավելի են  թուլանալու, ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ի  վրա ավելի է փոքրանալու ժամանակի ընթացքում, եւ դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ ՀՀ-ն նոր որակի հարաբերություններ է սկսում Արեւմուտքի հետ՝ նույնիսկ ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերություններ որոշ ոլորտներում։ Եվ այո, ՌԴ-ն, Թուրքիան եւ Ադրբեջանը մտահոգվելու լուրջ պատճառներ ունեն»։

Արմեն Վարդանյանն ասաց՝ որքանով տեղյակ է, չափազանց մեծ օրակարգով եւ մեծ նշանակություն ունեցող հանդիպում է եղել, նաեւ ինչ-որ առումով շրջադարձային. «Արտաքին քաղաքականության մեջ շատ հաճախ կտրուկ շրջադարձեր չեն լինում. տարիներ շարունակ դրա հիմքերը դրվում են։ Ես կարծում եմ՝ հիմա դրվում է հիմքը, որ ապագայում ՀՀ-ն ավելի ու ավելի է թեքվելու դեպի Արեւմուտք։ Հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ տնտեսական հզորության ու դիմակայության ուժեղացումը։ Դա ենթադրում է նաեւ ՌԴ-ից ունեցած տնտեսական կախվածության թուլացում։ Ենթադրում եմ, որ ԵՄ-ն կբացի իր շուկաները կամ գոնե արտոնյալ պայմաններ կստեղծի հայկական ապրանքների համար, քանի որ ՀՀ-ի արտաքին առեւտրի մեծ մասը բաժին է ընկնում ՌԴ-ին։ Մեր արտահանման 40 տոկոսից ավելին բաժին է ընկնում ՌԴ-ին, ինչը ահռելի թիվ է՝ ավելի քան մի քանի  միլիարդ դոլար, դա էլ է ՌԴ-ն օգտագործում՝ որպես քաղաքական լծակ։ Ժամանակ առ ժամանակ Լարսն են փակում, ՌԴ-ի սանիտարահիգիենիկ ծառայությունը ինչ-որ բաներ է գտնում հայկական ապրանքների մոտ. նույնիսկ ՀՀ-ից արտահանվող վարդերի մեջ էին ինչ-որ բաներ գտել։ Հիմա ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն տնտեսական առումով ՀՀ-ին կփորձեն գումարներ հատկացնել, նաեւ կբացեն շուկաները։ Էներգետիկ առումով շատ լուրջ համագործակցության նախանշաններ են արվում, կարծում եմ՝ դա էլ քննարկման լուրջ առարկա կլինի։ Կարծես թե ՀՀ-ն քաղաքական որոշում է կայացրել, որ Մեծամորի  ատոմակայանը փոխարինելու է ամերիկյան մոդուլային ատոմակայաններով եւ նաեւ այս ոլորտում ՌԴ-ից ունեցած կախվածությունն է թուլացվելու։ Նաեւ տեղեկություններ կան, որ ՀՀ-ն կներառվի ԵՄ-ի խաղաղության հիմնադրամի շահառուների ցանկում, որը ենթադրում է ոչ մահաբեր զենքի տրամադրում։ Բնականաբար, դրա համար Ադրբեջանը մտահոգվում է»։

Մեր հարցին՝ դա չի՞ ունենա իր բացասական  արտահայտությունը ՀՀ սահմաններին, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, ունենալու է։ Մենք գիտենք՝ ինչ վտանգավոր երկիր է ՌԴ-ն, որ նույնիսկ չի վարանում իր ազգակիցներին՝ ուկրաինացիներին կոտորելուց, ռմբակոծելուց։ Իհարկե, ՌԴ-ն շատ վտանգավոր երկիր է, բայց ես կարծում եմ՝ իշխանության ամբողջ խնդիրն այն է, որ իրենք պետք է սկսեն գնահատել ռիսկերը եւ փորձեն այդ հնարավոր ռիսկերը չեզոքացնել կամ այնպես անել, որ այդ անցումը, շրջադարձը նվազագույն կերպով ցավոտ լինի ՀՀ-ի համար։ Որոշ ժամանակ հետո ՌԴ-ն գազի գնի հարց է բարձրացնելու, փորձելու է ասենք՝ Լարսը փակել, անընդհատ խնդիրներ է ստեղծելու ՀՀ-ի համար։ Բոլորն էլ գիտակցում են՝ որեւէ մեկը չի ասում, որ հեշտ է լինելու անցումը։ Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն ցավոտ է ընդունում խորհրդային երկրների հեռացումն իրենից եւ ամեն անգամ այդ երկրների համար  խնդիրներ է ստեղծում։ Բայց Հայաստանն այլեւս որեւէ այլ ճար չունի։ Եթե ստեղծված իրավիճակում մնանք, մշտապես լինելու ենք թույլ ու խոցելի։ Եթե մենք չանենք այս անցումը, առաջիկա 10-20 տարիներին լինելու ենք թույլ ու խոցելի, որեւէ  հնարավորություն չենք ունենալու վերականգնել Ադրբեջանի հետ կորցրած ռազմական բալանսը»։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930