Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները»․ Ռիմա Տիգրանյան

Ապրիլ 07,2024 21:40

Մեր զրուցակիցն է ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան/արբիտր Ռիմա Տիգրանյանը։

-Ինչպե՞ս է օրենքը տարբերակում թրաֆիքինգը և հարակից այլ հանցագործությունները, ինչպիսին՝ օրինակ, մաքսանենգությունն է։

-Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը ՀՀ-ում ամրագրված է քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածում, մասնավորապես՝ Մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ խոստանալու կամ առաջարկելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի կողմից նման համաձայնություն տալու համար նման օգուտ ստանալու կամ առաջարկն ընդունելու միջոցով՝պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:

Թրաֆիքինգը մաքսանենգությունից էականորեն տարբերվող եզրույթ է։ Եթե մարդկանց մաքսանենգությունը մարդկանց անօրինական սահմանահատումն է ֆինանսական կամ այլ նյութական շահի ձեռք բերման նպատակով, ապա մարդկանց թրաֆիքինգի նպատակը շահագործումն է մարդուն հավաքագրելով, տեղափոխելով, փոխանցելով, թաքցնելով։ Մարդկանց թրաֆիքինգի համար անպայման չէ, որ տեղի ունենա երկրի սահմանի հատում, այն կարող է տեղի ունենալ նաև երկրի ներսում:

-Որո՞նք են հիմնական մարտահրավերները թրաֆիքինգ իրականացնողներին հետապնդելու և վերապրածներին իրավական համակարգում աջակցելու հարցում:

-Հարկ է նշել, որ մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները: Ուստի պետք է ավելի շատ ընդյալնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը պետք է շատ ավելի հաճախ կազմակերպել իրազեկման ուղղված միջոցառումներ, ընդյալնել հոգեբանական կենտրոնները և թրաֆիքինգ վերապրած անձանց համար ներդնել սոցիալական վերականգման ծրագրեր, քանի որ հնարավոր է՝ նրանք այդպես էլ չկարողանան արդյունավետ կյանքի վերադառնալ:

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցման մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ը սահմանում է, որ յուրաքանչյուր զոհ և հատուկ կատեգորիայի զոհ ունի օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն և պաշտպանություն ստանալու իրավունք: Զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանության և աջակցության ձևերը, տեսակները, տևողությունը, չափերը որևէ կերպ չեն կարող փոխկապակցված կամ պայմանավորված լինել իրավապահ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գործողություններին նրանց մասնակցության հանգամանքով: Աջակցության և պաշտպանության տրամադրումը չի կարող հետապնդել տրամադրված ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որևէ փոխհատուցում ստանալու ակնկալիք: Աջակցության տրամադրումը ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ պաշտպանությունը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Թրաֆիքինգ վերապրած մարդիկ կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող աջակցությունից, որը կարող է ներառել է կացարանի տրամադրում, բժշկական օգնություն և սպասարկում, հոգեբանական օգնություն, խորհրդատվական օգնություն, իրավաբանական օգնություն, անվտանգ վերադարձի կազմակերպում, միանվագ դրամական փոխհատուցում։

-Ինչպե՞ս է օրենքն անդրադառնում թրաֆիքինգի վերապրածների պաշտպանությանն ու իրավունքներին, ներառյալ իրավական օգնության և աջակցության ծառայություններից նրանց հասանելիությունը:

Ցավոք, մարդկանց շահագործման խնդիրը դարձել է մտահոգության առարկա ինչպես Հայաստանի Հանրապետությունում այնպես էլ ողջ քաղաքակիրթ և իրավական հասարակությունների համար։ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցման մասին» օրենքի նպատակն է նպատակը մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձանց շահերից բխող՝ նրանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, աջակցության, պաշտպանության և հասարակությանը սոցիալական վերաինտեգրման արդյունավետ ապահովումն է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձևավորմամբ:

ՀՀ-ում ձևավորվել է նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը, որը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմից բաղկացած մարմին է: Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հիմնական ուղղությունների որոշումը, այդ ոլորտում պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր համակարգումը, խորհրդին կից գործող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների վերահսկումը: Թրաֆիքինգ վերապրած մարդիկ կարող են դիմել նաև ՀՀ փաստաբանական պալատում գործող Հանրային պաշտպանի գրասենյակ, որտեղ օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն կարող է տրամադրվել։

Ի՞նչ միջոցներ կան թրաֆիքինգի կանխարգելման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում:

-Միջազգային մակարդակում ստեղծվել են բազմաթիվ կառույցներ և կոնվենցիաներ, որոնցով կարգավորվում է թրաֆիքինգին վերաբերող հարցերը։ Օրինակ՝ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (ՄԱԹՀՊԳ) ղեկավարում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային ծրագիրը, որն աջակցում է անդամ երկրներին՝ կանխարգելել և հետապնդել հանցավորության այս տեսակը, պաշտպանել տուժողների իրավունքները, և խթանում է անդամ երկրների միջև համագործակցությունը:

«Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակներն են ՝ կանխարգելել մարդկանց շահագործումը (թրաֆիկինգ) և պայքարել դրա դեմ` միաժամանակ երաշխավորելով գենդերային հավասարություն, պաշտպանել մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհերի իրավունքները, սահմանել զոհերի ու վկաների պաշտպանության և օգնության համընդգրկուն շրջանակ՝ միաժամանակ երաշխավորելով գենդերային հավասարությունը, ինչպես նաև ապահովել քննության և քրեական հետապնդման արդյունավետ միջոցներ., խթանել միջազգային համագործակցությունը մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի ոլորտում: ՀՀ-ում ինչպես Ոստիկանությունում այնպես էլ Քննչական կոմիտեում կան առանձնացված ստորաբաժանումներ՝ որոնք զբաղվում են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) քրեականացմամբ, օրենսդրության և օրենքների կիրառում և (թրաֆիքինգի) կանխարգելմամբ։

Կա՞ն բացթողումներ կամ թերացումներ գործող օրենսդրությունում, որոնք պետք է լուծվեն թրաֆիքինգի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար:

-Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի, որն ուժի մեջ է մտել 2008թ փետրվարի 1-ից, նպատակներից է՝ ազգային գործողությունների համակարգման և միջազգային համագործակցության քաջալերումը: Կարծում եմ՝ մեր երկրում պետք է միջազգային համագործակցությունը խթանվի, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն թրաֆիքինգի ենթարկված մեր քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում։ Ապահովվի նրանց անվտանգ վերադարձը հայրենիք՝ պահպանելով նրանց ապահովությունը և արժանապատվությունը։

Ինչպե՞ս են իրավապահ մարմինները համագործակցում իրավաբանների հետ՝ թրաֆիքինգի դեպքերը հետաքննելու և հետապնդելու համար:

-Իրավապահ մարմինները համագործակցում են այնքանով, որքանով դա մտնում է իրենց լիազորությունների մեջ։ Օրինակ կարող են առնչվել այն դեպքում, երբ տվյալ գործով ներգրավված է պաշտպան ։

Ըստ Ձեզ ի՞նչ դեր կարող են խաղալ լրատվամիջոցները թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացման և դրա դեմ պայքարի ջանքերին աջակցելու գործում։

-Լրատվամիջոցները գործունեությունը կարևոր է, քանի որ ժամանակակից աշխարհում զանգվածային լրատվամիջոցների դերն այնքան մեծ է, կարող է մարդկանց մոտ բարձրացնել իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակը։ Նման երևույթները պետք է լուսաբանել հեռուստատեսային և ռադիո հաղորդումների միջոցով, քննարկումներով, հանդիպումներով , սոցիալական գովազդների ցուցադրություններով և այլ ձևերով։

-Լրատվամիջոցները ինչպե՞ս պետք է լուսաբանեն մարդկանց շահագործման մասնավոր դեպքերը, որ չվնասեն տուժածներին:

-Պետք է հնարավորինս մանրամասն ներկայացնեն դեպքերը և իրադարձությունները առանց անհատականացող տվյալներ նշելու։ Այս տարբերակով կբարձրանա բնակչության, հատկապես ռիսկային խմբերի` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների մասին տեղեկացվածության մակարդակը, դրա դեմ պայքարելու հնարավորությունների մասին իրազեկվածությունը: Կարծում եմ նման կերպ նաև կնվազի թրաֆիքինգի ենթարկվելու հնարավորությունը։ Լուսաբանելով, բնակչությունը կտեղեկացվի մասնավոր զոհերի կյանքի պատմությունները նրանք ավելի զգույշ և զոհեմ կլինեն ինչպես նաև շահագործման զոհերի նկատմամբ անհանդուրժողականությունը կնվազի։

Անահիտ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930