Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական նիստին՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Միքայել Մարտիրոսյանը անհամբերությամբ էր սպասում։ Թաքուն հույս ուներ, որ նախագահող դատավոր Գոռ Շահբազյանը քննելով նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը՝ իր օգտին որոշում կկայացներ։
Հիշեցնենք, որ սպանության համար դատապարտված Միքայել Մարտիրոսյանն արդեն 21 տարի անազատության մեջ է։ Նախորդ անգամ, մեզ հետ զրույցում Միքայելն ասել էր, որ ամուսնանալ է ուզում, բայց չէր ցանկանում իր երեխաները հորը ճանաչեին բանտում․․․
«Կարծում եմ, մի օր պարոն դատապարտյալի ազատման օրն էլ կգա»․ դատախազ
Փետրվարի 28։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Դատական նիստերի դահլիճում ցմահ դատապարտյալն է, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատողները, դատական կարգադրիչները, դատախազը, պրոբացիայի ծառայության աշխատակիցները։ Միքայելի բարեկամները չէին եկել՝ չէր ցանկացել մեկ անգամ եւս հուզվեին, եւ գուցե զայրույթ ապրեին։
Կարդացեք նաև
«Ոտքի՛ դատարանն է գալիս»՝ լսվում է դատականի նիստի քարտուղարի ձայնը ու դատավոր Գոռ Շահբազյանը ազդարարում է դատաքննության մեկնարկը։ Քրեակատարողական ծառայության զեկույցը դրական է՝ Միքայել Մարտիրոսյանը նորմալ վարքագիծ է դրսեւորել եւ քրեակատարողական ծառայությունը եզրակացրել է, որ նա արդեն պիտի վերաինտեգրվի հասարակությանը։
Ըստ պրոբացիայի ծառայության զեկույցի՝ դատապարտյալի մոտ նոր հանցագործություն կատարելու հավանականությունը մեծ է, ուստի նրան ազատության մեջ գտնվելը վաղաժամ են համարում։
Դատախազ Արթուր Զաքարյանը չցանկացավ անդրադառնալ զեկույցներին։ Նրա խոսքով նախկինում երկու տույժ է ունեցել դատապարտյալը, նաեւ խրախուսվել է, ինչու չէ առաջընթաց է՝ որ անվտանգային գոտին են փոխել՝ միջին մեղմ գոտուց տեղափոխել միջինի ցածր խիստ գոտի։
«Ունեցել է օրինակելի վարքագիծ, բայց «Սեւան» քրեակատարողական հիմնարկում սկսել է աշխատել միայն այն ժամանակ, երբ զեկույցները պիտի կազմեին։ Եվ չմոռանանք նա կատարել է ծանր հանցագործություն, ունենք տուժողի իրավահաջորդ, ունենք հասարակություն, ունենք սոցիալական արդարություն, արդյո՞ք տուժողին 3700 դոլար հատուցելով՝ դա բավարար է։ Չմոռանանք, որ սպանություն է ի վերջո կատարվել»,-նշեց դատախազը։
Վերջինս համոզված է, որ Միքայել Մարտիրոսյանը պատրաստ չէ ինտեգրվելու հասարակությանը։ «Մի քանի ցմահ դատապարտյալներ պայմանական վաղաժամկետ ազատվել են, բայց այսօր կարծում եմ, որ մի օր պարոն դատապարտյալի ազատման օրն էլ կգա ու իսկ հիմա առարկում եմ, խնդրում եմ միջնորդությունը մերժել»,- դիմելով դատարանին՝ իր խոսքը եզրափակեց Արթուր Զաքարյանը․
«Եթե ես 21 տարվա ընթացքում չեմ փոխվել, ուրեմն դա նաեւ համակարգի թերությունն է»․ Միքայել Մարտիրոսյան
Ցմահ դատապարտյալ Մարտիրոսյանը պաշտպանի ծառայությունից հրաժարվել էր։ Ըստ Միքայելի՝ ոչ մեկը չի կարող իրեն այնպես պաշտպանել, ինչպես ինքն իրեն։ «Խնդրում եմ՝ անընդհատ մի հիշեցրեք, ինչի համար եմ դատվել։ Կան բաներ, որոնք չեն փոխվի, պետությունը տվել է պատիժ՝ գիտակցելով հանցանքի ծանրությունը եւ ամեն անգամ հիշեցնելով՝ կատարած արարքը չի մեղմանա։ Ու այս հիմքով մերժել դիմումս, կարծում եմ արդար չէ»,-ի պատասխան դատախազի՝ ասաց Միքայելը։ Դատախազը հորդորեց դատապարտյալին խոսելուց իրեն չնայել, այլ՝ դատարանին։ Ցմահ դատապարտյալը հակադարձեց՝ ինքը տեղյակ է իր իրավունքներից, ուղղակի հետաքրքիր է նայել դատախազին ու փորձել հասկանալ նրան։
«Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազը, ինչքանով ես եմ տեղյակ, իր գործառույթով պիտի լինի իմ պաշտպանը։ Չեմ ասում ինչ-որ բաներից պաշտպանի, բայց պիտի վերահսկի՝ արդյո՞ք ինձ տվել է հնարավորություն սոցիալականացվելու, եւ ես չեմ օգտագործել»,-դատախազին հարց ուղղեց Միքայել Մարտիրոսյանը։ Ի պատասխան դատախազի հնչեցրած այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է «Սեւան» ՔԿՀ-ում աշխատանքի ընդունվել ուշացումով՝ ասաց․«Կարծում եմ, եթե հետաքրքրվեիք՝ կիմանայիք, որ «Սեւան» ՔԿՀ-ի պատասխանատու բժիշկն աշխատանքի չէր գալիս, որպեսզի հետազոտեր ու թույլատրեր աշխատանքի անցելու»։
Միքայել Մարտիրոսյանի համոզմամբ՝ եթե մարդ երկար տարիներ ճանապարհ է անցնում, ապա չի կարող չփոխվել․ կամ պիտի առաջ գնա մարդը, կամ պիտի դեգրադացվի։
«Եթե 21 տարվա ընթացքում ես նույն մտածելակերպին եմ մնացել, ինչ 23 տարեկանում՝ հանցանք կատարելու պահին, ապա դա ոչ միայն իմ թերությունն է, այլ նաեւ համակարգի թերությունն է, որ ինձ հետ չի աշխատել»,-նշեց Միքայել Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ինքն անազատության տարիներին, եղած հնարավորության սահմաններում, փորձել է իրացնել իր կրթական, աշխատանքային, մշակութային եւ այլ իրավունքները։
«Դուք ինքներդ ձեզ ներե՞լ եք»․ դատավոր Գոռ Շահբազյանի հարցը Միքայելին
Նախագահող դատավոր Գոռ Շահբազյանը հրապարակեց տուժողի իրավահաջորդի դիմումը, որն նա ուղարկել էր դատարան։ Կտրականապես դեմ եմ Մարտիրոսյանի պայմանական վաղաժամկետ ազատմանը․ նշել էր տուժողի իրավահաջորդը։
«Մարտիրոսյանը կյանքից զրկել է մի մարդու, որին անձամբ չէր ճանաչում, որը իրեն ոչ մի վատ բան չէր արել, իսկ սպանությունը կատարել է առանձնակի դաժանությամբ։ Դատարանը չի կարող հաշվի չառնել, որ Մարտիրոսյանը, ինձ ու եղբայրներից զրկել է հորից, մորս՝ ամուսնուց, երեխաներիս՝ պապիկից։ Այդ ցավը երբեք չի անցնի»,-դիմումը ներկայացրեց դատավորն ու հարց ուղղեց սպանության համար դատապարտված, 21 տարի անազատության մեջ գտնվող Միքայել Մարտիրոսյանին։
«Դուք ինքներդ ձեզ ներե՞լ եք»՝ հարցրեց Գոռ Շահբազյանը։
«Ես երբեք ինձ չեմ ների․ 2006թ-ին մահացավ հայրս, ես կողքին չէի։ 2016թ.-ին մահացավ մայրս, ես կողքին չէի։ Այդ ժամանակ օրենքը թույլ չէր տալիս, որ մասնակցեի հուղարկավորություններին։ Ես հասկացա, որ ես եմ մեղավոր։ Ես գիտեմ, որ հասարակությունը երբեք չի մոռանա, բայց ես չեմ թշնամանում հասարակության հետ։ Ես տուժողի հարազատներին էլ եմ հասկանում»,-նշեց Միքայելը։
Նրա խոսքով, ինքը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել տուժողի հարազատներին․ գուցե չեն կարդացել՝ պատռել, դեն են նետել։ Ցմահ դատապարտյալը կարծում է, որ պիտի լինի մի կառույց, որ փորձի հաշտեցնի տուժողին կամ տուժողի իրավահաջորդին՝ դատապարտյալների հետ։ Ըստ «Պրոբացիայի մասին օրենքի» այդ գործառույթը վերապահված է պրոբացիայի ծառայության աշխատակիցներին, սակայն Միքայել Մարտիրոսյանի փաստմամբ՝ ոչ մեկն այդ քայլը չարեց։
«Ես ինքս ինձ ներել չեմ կարող, ես կապրեմ դրա հետ, մեղքի հետ։ Չգիտեմ՝ կանիծեմ ինձ, կհայհոյեմ ինձ, բայց ներել ինձ՝ հնարավոր չի։ Եթե նույն անեին իմ հարազատի հետ, ինչը ես եմ արել, բնական է՝ ես էլ չէի ների»,-խոսքը եզրափակեց Միքայել Մարտիրոսյանը։
Սպասումի 20 րոպե․․․
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատավոր Գոռ Շահբազյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում։ «20 րոպեն կարծես անազատության 21 տարիներս լինեն, դանդաղ է անցնում»՝ ընդմիջմանը մեզ հետ զրույցում ասաց Միքայել Մարտիրոսյանը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը հրապարակում է որոշման եզրափակիչ մասը․ մերժել «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ Միքայել Մարտիրոսյանի պայմանական վաղաժամկետ ազատումը։
Միքայել Մարտիրոսյանը որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ հույս ունենալով, որ գոնե վերադաս ատյանն իր օգտին որոշում կկայացնի։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ