Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի ժամանակ ինչ տեսել եմ դիրքերում իմ աչքերով, մեզ պարտության չէր տանում. Ծովինար Բարխուդարյան

Ապրիլ 07,2024 16:00

Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանն այսօր Արցախի կանայք՝ հայկական հիմնախնդիրների մասին.  աղետի և պայքարի պատմություններ թեմայով քննարկման ժամանակ անկեղծացավ, որ իրեն հաճախ են մեղադրում, որ սին հույսեր է տվել պատերազմի ժամանակ եւ այդ մեղադրանքները, ինքը սկզբնական շրջանում շատ ծանր է տարել:

«Մեղադրում էին, որ պատերազմի ժամանակ ասել եմ՝ հաղթելու ենք, բլոկադայի ժամանակ ասել եմ՝ պայքա՛ր, պայքա՛ր, մինչեւ վերջ: Սկզբնական շրջանում ես այդ մեղադրանքները շատ ծանր էի տանում, բայց հետո հասկացա մի բան՝ սոցիալական հարթակում, ես լսելիք չունեմ, ես ունեմ ասելիք: Ու ես սկսեցի ընդհանրապես չկարդալ այդ մեկնաբանությունները, որ կարողանամ շարունակել իմ պայքարը: Ինչո՞ւ էի պատերազմի ժամանակ ասում՝ հաղթելու ենք: Եվ ես վստահ էի դա ասում, չնայած ձեզնից շատերից ավելի լավ տեսնում էի, որ մեր գործերը լավ չեն:

Ինչո՞ւ էի բլոկադայի ժամանակ ասում՝ պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ, որովհետեւ օղակի մեջ գտնվող ժողովրդին ոգեւորելու համար, որ կարողանան դիմակայել հետագա դժվարություններին, պետք էր էմոցիոնալ դրական ֆոն, եթե չկար սնունդ, ապա գոնե պետք էր հոգեւոր սնունդ, որ այդ մարդիկ կարողանային շարունակել հաց հայթայթել իրենց երեխաների համար: Որովհետեւ ես իմ աչքի առաջ ունեի ե՛ւ իմ անձնական, ե՛ւ իմ մայրիկի օրինակը: 90-ականներին ես ապրում էի շատ ավելի  ծանր պայմաններում, իմ մանկությունն անցել է շրջափակված Ստեփանակերտում, չորս կողմից ռմբակոծվող հրթիռակոծվող Ստեփանակերտում:

Երեւի եզակի օրեր էին, որ ես կարողանում էի  դրսում խաղալ: Ես իմ մայրիկին չէի տեսնում գիշերները, որովհետեւ նա հաց էր թխում, որ առավոտյան ընդամենը մեկ   հաց ունենայինք, բայց մենք հաղթեցինք այն ժամանակ: Ու թող ոչ մեկ չասի՝ ուժերի հավասարություն, անհավասարություն: Այն ժամանակ էլ մենք չունեինք ոչ մի բան իրենց ունեցածի դեմ: 44 օրյա պատերազմի ժամանակ ինչ տեսել եմ դիրքերում, ինձ հույս էր տալիս ասել՝ հաղթելու ենք: Ինձ համար շոկ էր նոյեմբերի 7-ը, 8-ը, 9-ը, որովհետեւ այն, ինչ իմ աչքերով էի տեսնում, մեզ պարտության չէր տանում»,- ասաց Բարխուդարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930