Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող պուրակում, ավելի կոնկրետ՝ Մոսկովյան 6/7 Tumanyan’s ART / Թումանյան’ս ART սրճարանի բացօթյա տարածքում, հենց այս պահին ընթանում է եւ մինչեւ երեկոյան վեցը կտեւի «Վըսկե ծերքեր» («Ոսկե ձեռքեր») փառատոնը, որը կազմակերպել է «Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ-ն:
Փառատոնի շրջանակներում գործում է տոնավաճառ, որում արցախցի մայրիկները, եւ ինչու ոչ՝ նաեւ հայրիկները, ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները՝ մեկը մեկից հետաքրքիր եւ գեղեցիկ: Մայրիկներին, կանանց, տատիկներին, քույրիկներին եւ դուստրերին նվերներ ընտրելու համար կարող եք այցելել եւ գնել արցախցիների ձեռագործ ստեղծագործությունները:
Սա արդեն երկրորդ փառատոնն է, առաջինը տեղի էր ունեցել Ամանորից առաջ եւ մեծ հաջողություն էր գրանցել:
Իսկ այսօր արդեն երկրորդն է կազմակերպվում՝ ապրիլի 7-ի կապակցությամբ: Ինչպես ասում են կազմակերպիչները՝ իրենց հիմնական նպատակն է օգնել շնորհաշատ կանանց վաճառել իրենց ստեղծագործությունները և ոգևորել՝ նորը ստեղծելու համար: Ծրագրի հովանավորն այս անգամ Club Capital ընկերությունն է: