Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը գործածության մեջ

Ապրիլ 07,2024 14:44

ԱԺ և նախագահական շենքերը մի օր կբացվե՞ն հանրության համար

Ես սովորում եմ Տեխասի «Founders» դասական ակադեմիայի 12-րդ դասարանում։ Օրերս դպրոցական երգչախմբով այցելել էինք մայրաքաղաք Օստին՝ մասնակցելու երաժշտական մրցույթի։

Մրցույթը կայանալու էր Տեխասի Կապիտոլիումի շենքում, որը նահանգի Ներկայացուցիչների տան, Սենատի, նահանգապետի և Գերագույն դատարանի նստավայրն է։

Անվտանգության անցակետը հաջողությամբ անցնելով և մուտք գործելով 1888-ից գործող շենք՝ նկատեցի, որ շենքում առօրյա հագուստով շատ մարդիկ կան։ Բնականաբար, դանդաղ քայլող և միջանցքներն ուշադրությամբ ուսումնասիրող տասնյակ մարդիկ չէին կարող աշխատակիցներ լինել։

 

Վճռեցի, որ սա միգուցե ինչ-որ տուր է, բայց հետաքրքիրն այն էր, որ զբոսավարներ չկային։ Քանի որ մեր երգչախմբի ելույթին դեռ շատ ժամանակ կար, հեռախոսս բացեցի, որպեսզի ստուգեմ կատարվողի իսկությունը։

Տեխասի նահանգի պաշտոնական կայքից տեղեկացա, որ Կապիտոլիումը շաբաթը յոթ օր, սահմանված ժամերին, բաց է հանրության համար, ընդ որում՝ առանց վճարի։

Ու թեւ, օրինակ, ԱՄՆ Կապիտոլիումը նույնպես բաց է քաղաքացիների համար, այնտեղ անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Տեխասի Կապիտոլիում մուտքն ազատ է, անհրաժեշտ է ընդամենն անցնել անվտանգային անցակետ։

Սա զարմացրեց ինձ։ «Արդյո՞ք անվտանգ է ցանկացած քաղաքացու մուտք արտոնել Կապիտոլիում», – մտածեցի ես։ Բայց անվտանգությունն ընդամենը տեխնիկական հարց է։ Մուտք գործելիս բոլորը ստուգվում են համապատասխան ծառայողների կողմից, ինչպես օդանավակայաններում է կատարվում։ Իսկ Կապիտոլիումի բաց լինելը ես բացատրում եմ թափանցիկությամբ և ժողովրդավարությամբ՝ տեխասցին հնարավորություն ունի ծանոթանալ իր իշխանությունների նստավայրին, իրենց գործունեությանը, նահանգային պատմությանը և որոշ դեպքերում նաև պաշտոնյաների հետ հաղորդակցվելու։

Ժամանակին ՀՀ նախագահականի և Ազգային Ժողովի բակերը բաց էին հանրության համար։ Ի վերջո, այս շենքերը պարզապես պետական գրասենյակներ չեն, այլև պատմամշակութային արժեք կրող պետականության խորհրդանիշեր։

Բնականաբար, հակադարձում կարող է բերվել, որ քաղաքացիների մուտքը Հանրապետության նախագահի կամ խորհրդարանի նստավայրեր կարող է վտանգ առաջացնել այդտեղ աշխատող անձանց համար։

Տեխասում, և ընդհանրապես ամբողջ ԱՄՆ-ում զինված հարձակումների և ահաբեկչության ողբերգական դեպքեր, ցավոք, հազվադեպ տեղի չեն ունենում։ Հայաստանը նույնպես ականատես է եղել սարսափազդու դեպքերի, օրինակ՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին կամ ՊՊԾ գնդի գրավմանը։

Ի հեճուկս այս ամենի, ԱՄՆ Կապիտոլիումը (որոշակի սահմանափակումներով և նախապես գրանցվելու պահանջով) և Տեխասի նահանգային իշխանության նստավայրը շարունակում են բաց մնալ հանրության համար, որովհետև անվտանգության ապահովումը, ինչպես արդեն նշել էի, տեխնիկական բնույթի խնդիր է։ Պարզ է, որ մուտք գործող քաղաքացին պետք է անվտանգային ստուգում անցնի նախքան առաջ անցնելը, և շենքում պետք է գտնվեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Քաղաքացին պետք է նաև պատասխանատվություն դրսևորի։

Եթե 30 միլիոն բնակիչ ունեցող Տեխասը առանց նախապես հերթագրվել պահանջելու թույլատրում է մարդկանց մուտքը Կապիտոլիում և կարողանում է ապահովել իշխանության անվտանգությունը, ապա 3 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանը, ենթադրում եմ, կարող է թույլատրել այցելություններ Բաղրամյան 26 և 19։

Հարցն այստեղ գաղափարական է։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և քաղաքացին պետք է հնարավորություն ունենա իր հարկերով պահպանվող շենքերին, դրանց պատմությանը և գործառույթներին ծանոթանալու որոշակի հնարավորություններ ունենա։ Սա, իմ կարծիքով, ժողովրդավարությունը կդնի գործածության մեջ։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930