Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի Սբ․ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա

Ապրիլ 07,2024 12:12

Monument Watch – Տեղ խոշորացված համայնքի կենտրոնի նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Գյուղի կենտրոնում՝ մելիքական ապարանքի հարևանությամբ, գտնվում է Սբ․ Գևորգ եկեղեցին:

Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին 988 թվականին հիմնում և շենացնում է գյուղը այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։

Տեղի ամենանշանակալի հուշարձաններից Սբ․ Գևորգ եկեղեցու վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան։ Կառույցի վերաբերյալ հիմնական տեղեկությունները ստանում ենք 19-20-րդ դարի հետազոտողներից և եկեղեցու ու շրջակայքի վիմագրերից։

Կառույցի արձանագրությունները վերաբերում են 1451-1900 թվականներին (ԴՀՎ 2, 66; Խուրշուդեան 2022, 396, նկ․ 2)։ Իրենց նշանակությամբ առանձնանում են հատկապես շինարարական արձանագրությունները։ Եկեղեցու ներկայումս միակ (հարավային կողմից) մուտքի բարավորի վրա է գտնվում եկեղեցու հիմնական նորոգության 1742 թվականի արձանագրությունը՝ «Յիշատակ է սբ տաջարիս վէմս նոր/էքեցան Բարխուտարն իւր կողակից Թաճ/ումն որ գեղիս նորօքիլն թվ ՌՃՁԶ» (Հասրաթյան 1985, 243, ԴՀՎ 2, 70, նկ․ 3): Մուտքի երկու կողմերի արձանագրությունները վերաբերվում են 1742 և 1743 թվականների եկեղեցու ավազանի և խորանի ոճավորված որմնախորշերի պատրաստմանը (ԴՀՎ 2, 69; Հասրաթյան 1985, 243), իսկ կառույցի ամենաուշ արձանագրությունը վերաբերում է 1900 թվականին և վավերացնում է խորանի աստիճանների նորոգումը (Խուրշուդեան 2022, 396, նկ․ 4)։

Տեղի Սբ․ Գևորգ համալիրը կազմված է բուն եկեղեցուց, 18-րդ դարում արևմտյան կողմից կցված երկհարկ կոպտատաշ շինությունից, դարավանդ-պարսպապատից: Ըստ Ե․ Լալայանի, բակում եղել են նաև այլ սենյակներ։ Հուշարձանը ենթարկվել է մի շարք վերանորգումների։ Եկեղեցու վաղագույն կառույցը վերաբերում է վաղմիջնադարին։ Այն իրենից ներկայացնում է 3․30×7․05 մետր չափերով ուղղանկյուն աղոթասրահով և շեշտված ներգծված պայտաձև աբսիդով թաղածածկ միանավ կառույց և թվագրվում է 5-6-րդ դարերով (Հասրաթյան 1985, 241)։ Նմանատիպ օրինակներ են Սյունիքից Սռնեղցին, Վերիշենի Սբ․ Հռիփսիմեն, Սպանդարյան գյուղի միանավ բազիլիկը և այլն։ Վաղ եկեղեցին կառուցված է տեղական դեղնավուն ֆելզիտի սրբատաշ քարերով, պատերի հաստությունը 0,9 մետր է։ Կառույցը հարավային կողմում ունեցել է 1․05 մտր լայնությամբ մուտք, որը հետագայում փակվել է։ Մուտքի բարավորի վրա առկա են երկու խոշոր 16 և 6 թերթերով վարդյակներ ։ Վաղմիջնադարյան վարդյակներ են քանդակված նաև կառույցի ներսում և հարավային պատին (Տեր-Մինասյան 1986, 61)։ Հավանաբար, եկեղեցին ունեցել է երկրորդ մուտք արևմտյան կողմում։

Եկեղեցու հատակագիծը և հարավային նախնական մուտքի գծապատկերը, հեղ․ Մ․  Հասրաթյան։

Հուշարձանի հիմնական նորոգությունը իրականացվել է 1742 թվականին Մելիք Բարխուդարի և նրա կողակից Թաճումի կողմից։ Կառույցի արևմտյան պատը քանդվել է և վերածվել կամարակապ բացվածքի, ապա նրան կցվել է աղոթասրահի բարձրությամբ և լայնությամբ հատված (նկ․ 6)։ Կից հատվածը կառուցված է կոպտատաշ բազալտից և երկհարկանի է։ Կառույցի ստորին հարկը թաղածածկ դահլիճ է, որը շարունակում է եկեղեցու աղոթասրահը, իսկ երկրորդ հարկը (չի պահպանվել) ունեցել է մուտք հյուսիսային կողմից։ Ըստ Ա․ Տեր-Մինասյանի, կից հատվածի երկրորդ հարկը ավելացվել է 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին, երբ իրականացվել է կառույցի երրորդ շինարարական փուլը (Տեր-Մինասյան 1986, 62)։

Կառույցի նորոգված հատվածներում և դարավանդ-պարսպապատի մեջ վերօգտագործվել են տապանաքարեր, խաչքարեր, ճարտարապետական դետալներ։ Եկեղեցու հարավային պատին առկա է արևային ժամացույց, որը, ըստ Ա․ Տեր-Մինասյանի վերաբերում է 18-րդ դարին (Տեր-Մինասյան 1986, 62)։

2014-2023 թվականներին համալիրում իրականացվել են վերականգնման աշխատանքներ՝ 1984 թվականի չափագրությունների հիման վրա։ Ամբողջությամբ վերականգնվել են Սբ․ Գևորգ եկեղեցին, 17-րդ դարի կից սրահը, հեռացվել է սրահի երկրորդ հարկը, իսկ կից սրահի տանիքի արևմտյան կողմում ավելացվել է քառասյուն զանգաշտարակ։ Ամրակայվել են հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով շքամուտքը, վերատեղադրվել են խաչքարերը և իրականացվել տարածքի ամբողջական բարեկարգումը, ապահովվել է նաև եկեղեցու գիշերային լուսավորությունը: Եկեղեցու արևելյան ճականտի վերին հատվածում ավելացվել է խաչապատկեր՝ «Ս/Ժ/Ե» (2015) արձանագրությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայք)։

Վիճակը 2020-2022 թ․ ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Տեղի Սբ․ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա։

Մատենագրական քննություն

Դիվան հայ վիմագրության երկրորդ պրակում Բարխուդարյանը, հիմք ընդունելով 1451 թվականի վաղագույն արձանագրությունը, կառույցի վաղ շերտը թվագրում է 14-15-րդ դարերով (ԴՀՎ 2, 66):

Գրականություն

ԴՀՎ 2 – Դիվան հայ վիմագրության, պր. 2, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմող Ս Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ․, Երևան, 1960:
Լալայեան 1899 – Լալայեան Ե․, Զանգեզուրի գաւառ, հ. Բ, Թիֆլիս։
Խուրշուդեան 2022 – Խուրշուդեան Ս․, Տեղ գիւղի պատմական յուշարձանները եւ նորայայտ վիմագրերը, Սիոն, թիւ 8-12, Երուսաղէմ։
Հասրաթյան 1985 – Հասրայան Մ․, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան։
Տեր-Մինասյան 1986 – Տեր-Մինասյան Ա․, Պատմական Սյունիքի վաղ միջնադարյան միանավ հուշարձանները, Լրաբեր հասարակական գիտությունների, հ. 1/1, Երևան, էջ 58-65։
Օրբէլեան 1910 – Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս:

Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքի, Տեղ գյուղի Սբ․ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930