«ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց»․ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». – Անցած տարի վարչապետ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ «Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ գնդակն այժմ Եվրամիության դաշտում է՝ որոշելու, թե որքան սերտ կարող են լինել Հայաստանի հետ հարաբերությունները։
Պետեր Ստանո․ – Երկու գործընկերների հարաբերությունների բնույթը միշտ կախված է նրանց հավակնություններից: Այնպես որ, դա, իհարկե, կախված չէ միայն Բրյուսելից կամ միայն Երևանից։ Դա կախված է նրանից, թե որտեղ ենք մենք ցանկանում միասին լինել և որքան հեռու ենք ուզում գնալ մեր համագործակցությունն ամրապնդելու համար: Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց։ Եվ սա հիմնված է ընդհանուր վճռականության վրա:
Կարդացեք նաև
«Ազատություն». – Կարո՞ղ եք մանրամասնել՝ սա նշանակում է խորացնել հարաբերությունները արդեն իսկ գոյություն ունեցող Համապարփակ ու ընդլայնված գործընկերության շրջանակներում, նոր համաձայնագիր ստորագրել, թե՞, միգուցե, Հայաստանին տալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։
Պետեր Ստանո․ – Մեր ընթացիկ աշխատանքում մենք հիմնվում ենք այն հենքի վրա, որ ունենք։ Միաժամանակ արդեն առաջ ենք տանում դա գործընկերության նոր օրակարգով, որը համաձայնեցվել է երկու ամիս առաջ և կրկին ամրապնդվել Բրյուսելում։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, նախագահ Ֆոն դեր Լայենի, բարձր ներկայացուցիչ Բորելի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, իհարկե, ընդգծեց կամ ձևակերպեց՝ ինչ ենք ուզում անել, ինչպես ենք ուզում անել, իհարկե, ելնելով մեր ունեցած հնարավորություններից, միաժամանակ գիտակցումից, որ մենք մեր ունեցածն ավելի ենք ընդլայնում և բերում նոր, ավելի բարձր մակարդակի, որովհետև ուզում ենք համագործակցել՝ առավել սերտ ու ընդարձակ, և առավել լայն հարցերի շուրջ ու ավելի շատ ոլորտներում։
«Ազատություն». – Հայաստանցիների համար այսօր անվտանգությունն է ամենամեծ մտահոգությունը։ Ֆրանսիայի արտգործնախարարը անցած հոկտեմբերին Երևանում հայտարարեց, որ Եվրամիությունը կարող է ավելին անել՝ օգնելու Հայաստանին։ Նա, մասնավորապես, գրավոր դիմում էր ուղարկել Եվրամիության արտգործնախարարին, որպեսզի Հայաստանը ևս ներառվի Խաղաղության մեխանիզմից օգտվող երկրների ցանկում։ Սակայն, առաջընթացն այս ուղղությամբ դանդաղ է, մինչդեռ Հայաստանն անհետաձգելի օգնության կարիք ունի:
Պետեր Ստանո․ – Սա անդամ երկրների որոշելիքն է, քանի որ խոսքը անվտանգության քաղաքականության մասին է, ինչը մի ոլորտ է, որ գտնվում է անդամ պետությունների խիստ վերահսկողության ներքո, և այնտեղ ցանկացած որոշում կարող է ընդունվել միայն բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Բայց նրանք աշխատում են դրա վրա։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են, և ինչ-որ պահի որոշում կկայացվի։ Բայց ԵՄ-ում գործընթացները որոշակի ժամանակ են պահանջում, հատկապես, հաշվի առնելով, որ դրա շուրջ պետք է կոնսենսուս լինի բոլոր 27 անդամ պետությունների միջև։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում