Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկումներ Հատիս լեռան գագաթին գտնվող «Շամիրամի ամրոց»-ում կատարված աշխատանքների, հնագիտական այլ պեղումների վերաբերյալ

Ապրիլ 06,2024 23:45

Մարտի 27-29-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ: 2023թ. ընթացքում ՀՀ տարբեր մարզերում ինստիտուտի աշխատակիցները, այլ հնագետներ իրականացրել են հնագիտական պեղումներ, դաշտային հնագիտական հետազոտություններ։ Եվ այդ աշխատանքների ղեկավար-գիտնականները գիտխորհրդի նիստում ներկայացրեցին հաշվետվություններ կատարված պեղումների և հետագա աշխատանքների վերաբերյալ:

Առաջին օրը ներկաներին ողջունեց ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ կարևորելով կատարված աշխատանքը և մաղթեց հաջողություններ: Առաջինը հաշվետվությամբ հանդես եկավ հնագետ, պ. գ. թ.  հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ուրարտագետ Սիմոն Հմայակյանը:

Ներկայացրեց Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տարածքում գտնվող Արգիշթիխինիլի պատմական քաղաքի տարածքի դամբարանադաշտում կատարված պեղումների արդյունքները: Նույն մարզի Երվանդաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում կատարված հնագիտական աշխատանքները ներկայացրեց հնագետ Սյուզաննա Մուրադյանը: Արմավիրի, Լոռու Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում կատարված տարբեր հնավայրերի պեղումների մասին հաշվետվություն ներկայացրեց հնագետ Արթուր Պետրոսյանը: Հատկապես քննարկումներ եղան Հատիս լեռան գագաթին գտնվող «Շամիրամի ամրոց» կոչվող հնավայրում կատարված աշխատանքների պահով: Ինստիտուտի գիտաշխատող, «Արենի-1 քարանձավ»-ի հիմնադիր Բորիս Գասպարյանը ներկայացրեց Արենի-1, Արենի-2 քարանձավներում և Արփա գետի հովտում գտնվող այլ հնավայրերում կատարված հնագիտական աշխատանքները:

Պատմաբան, հնագետ, մշակութաբան, պ. գ. դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, որը երկար տարիներ ղեկավարում էր Արցախի Տիգրանակերտ քաղաքի հնագիտական աշխատանքները, արդեն 3 տարի է՝ ղեկավարում է Դվինում իրականացվող պեղումները։ Ներկայացրեց արդյունքները, խնդիրները: Կարևոր է, որ հնավայրերում իրականացվող պեղումները, ուսումնասիրությունները ղեկավարվում են նաև երիտասարդ գիտաշխատողների կողմից: Եվ տարբեր մարզերում իրականացրած աշխատանքները ներկայացրեցին հնագետներ Արման Նալբանդյանը, Ավետիս Գրիգորյանը, Բենիկ Վարդանյանը, Մարիամ Շախմուրադյանը, այլոք: Հաշվետվությամբ հանդես եկավ նաև ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ ներկայացնելով ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի լեռնազանգվածի Կարմիր սար՝ Տիրինկատար գագաթի հարևանությամբ բացահայտված վիշապաքարերի տարածքում ստուգողական աշխատանքները:

Բացի այդ ներկայացրեց նաև Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափին գտնվող Արտանիշ հնավայրի, ինչպես նաև Շորժա/Շողակաթ/ գյուղի մոտակա դամբարաննրում կատարված պեղումների մասին:  Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում պահպանված «Ագարակ» պատմամշակութային արգելոց եզակի հնավայրում կատարված նոր պեղումների մասին ներկայացրեց հնագետ Նորա Ենգիբարյանը: Այստեղ ավելի վաղ կատարվել են հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախկին տնօրեն Պավել Ավետիսյանի ղեկավարությամբ։ 2023-ին Պ․ Անանյանը ղեկավարել է նաև Արարատի մարզում գտնվող «Մասիս բլուր» հնավայրում կայացած պեղումները։ Շիրակի և Տավուշի մարզերում ընդհանուր 5 հնավայրերում կայացած հնագիտական աշխատանքների մասին ներկայացրեց Լևոն Աղիկյանը։ Իսկ Աստղիկ Բաբաջանյանը զեկուցեց Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում գտնվող 3 հնավայրերում կատարված աշխատանքների մասին։ Ընդհանուր ներկայացվեց 34 հաշվետվություն։ Բոլոր ներկայացված հաշվետվությունների ընթացքում ու վերջում ներկաները հարցեր էին ուղղում բանախոսին, անում առաջարկներ։ Վերջում գիտխորհուրդը քննարկեց հետագա անելիքները։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930