Լրահոս
Օրվա լրահոսը

Համընդհանուր մերժողականությունն առողջ երեւույթ չէ

Ապրիլ 06,2024 21:35

«Առավոտի» տաղավարում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: Նա անդրադարձել է այս օրերին հաճախ հնչող հարցին, թե արդյոք հոգեւորականը պե՞տք է զբաղվի քաղաքականությամբ: Եպիսկոպոսն առաջարկում է նախ տարանջատել քաղաքականության տարբեր ընկալումները: Ըստ նրա՝ հոգեւորականը չի կարող հանդես գալ հրապարակային ելույթներով, որոնք պառակտում կմտցնեն հասարակության մեջ: Հոգեւորականը չի քննում մարդկանց քաղաքական հայացքները, դրանք կարող են տարբեր լինել: Մյուս կողմից՝ պետք է հիշել, որ Հիսուս Քրիստոսը, թեեւ որեւէ պաշտոնական իշխանություն չուներ, չէր պատկանում իր ժամանակի հոգեւոր դասին եւ որեւէ քաղաքական հոսանքի, այնուամենայնիվ, իր ասածները ունեին քաղաքական հնչերանգ, օրինակ, երբ նա դատապարտում էր հարուստներին կամ թագավոր Հերովդեսին անվանում էր աղվես: Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները նույնպես դարերի ընթացքում մշտապես անդրադարձել են ժողովրդին հուզող խնդիրներին: Բայց հոգեւորականների խոսքը, ըստ սրբազանի, պետք է լինի կոռեկտ եւ հավասարակշռված, որպեսզի կրքեր չբորբոքի:

Գեւորգ սրբազանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր մոլորվել են եւ հայտնվել են աղանդավորական կազմակերպությունների «ճիրաններում», միեւնույն է, մեր ազգի զավակներն են, եւ հոգեւորականների պարտականությունն է՝ օգնել նրանց վերադառնալ ճիշտ ճանապարհի:

Համընդհանուր մերժողականությունը, որն այժմ տարածված է ամբողջ աշխարհում, նաեւ՝ Հայաստանում, հոգեւորականը առողջ երեւույթ չի համարում: Ըստ նրա՝ սկզբից պետք է հասկանալ, խորանալ երեւույթի մեջ, եւ հետո միայն փորձել գնահատական տալ դրան, բայց հիմնական նպատակը պետք է լինի ազգային ինքնության, մեր ժառանգության պահպանումն ու զարգացումը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930