Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեհրանն ընդգծում է «հաստատակամ պատասխան» տալու իրավունքը․ ՄԱԿ-ի ԱԽ նիստը ԻԻՀ հյուպատոսության հրթիռակոծման վերաբերյալ

Ապրիլ 06,2024 19:19

Ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող իրանական դիվանագիտական ներկայացուցչության տարածքի վրա օդային հարձակման թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հայցով նիստ է անցկացրել։

«Ահաբեկչական հարձակում՝ իսրայելական ռեժիմի կողմից»․ ԻԻՀ գործերի ժամանակավոր հավատարմատար

«Ապրիլի 1-ին Դամասկոսում մեր դիվանագիտական տարածքը ահաբեկչական հարձակման է ենթարկվել իսրայելական ռեժիմի կողմից»,- հայտարարել է նիստին մասնակցող ՄԱԿ-ում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Զահրա Էրշադին։

Դիվանագետի խոսքով՝ օդային հարվածների թիրախում է եղել հյուպատոսարանի շենքը, որն ամբողջությամբ ավերվել է և որի փլատակներում դեռ մարդիկ են մնացել, դեսպանի կեցավայրը և դեսպանատան վարչական շենքը։ Էրշադին հայտնել է, որ իրանցի յոթ պաշտոնյա է զոհվել, այդ թվում ավագ ռազմական խորհրդականներ։

«Սա ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության կոպիտ խախտում է։ Սա միայն հանցագործություն չէ, սա զանցանք է միջազգային հանրության կողմից համաձայնեցված՝ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածաքների անձեռնմխելիության նկատմամբ», – ասել է նա։

Մատնացույց անելով Թեհրանի զսպվածությունն ու համբերատարությունը՝ պաշտոնյան վերահաստատել է Իրանի «հաստատակամ պատասխան» տալու իրավունքը։

«Հրթիռային բարբարոսական ագրեսիա»․ Սիրիայի Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Երկրորդելով իրանցի գործընկերոջ խոսքերը՝ նիստին ներկա Սիրիայի Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քաուսեյ Ալդահակը տեղեկացրել է, որ «իսրայելական օկուպացիոն ուժերն օրը ցերեկով հրթիռային բարբարոսական ագրեսիա են նախաձեռնել Սիրիային պատկանող օկուպացված Գոլանի բարձունքներից»։

Պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչը մանրամասնել է, որ Իրանի հյուպատոսարանի շենքը քաղաքացիական խիտ բնակչությամբ և միջազգային, օտարերկրյա ու մասնավոր կազմակերպություններով լեցուն տարածքում է գտնվում։

«Ահաբեկչական այս ագրեսիան վատ նախադեպ է։ Կատարվածը դիվանագիտական տարածքների և ներկայացուցիչների պաշտպանության և անձեռնմխելիության մասին միջազգային կոնվենցիաների և նորմերի կոպիտ խախտում է», – հավելել է Ալդահակը։

«Ե՛վ Սիրիայի, և՛ Իրանի ինքնիշխանության ոտնահարում»․ Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ

«Իրանական դիվանգիտական ներկայացուցչության վրա օդային հարձակումը, որը հանգեցրել է իրանցի յոթ պաշտոնյայի մահվան և մեծ վնաս հասցրել ներկայացուցչության տարածքին, ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ինչպես նաև և՛ Սիրիայի, և՛ Իրանի ինքնիշխանության ոտնահարում»,- իր խոսքում արձանագրել է Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը, հավելել՝ «Չինաստանը խստորեն դատապարտում է այս հարձակումը»։

Հիշեցնելով ԱՄՆ-ի կողմից Հարավսլավիայում չինական դեսպանատան վրա հարձակումը 1999-ին՝ դիվանագետը վշտակցություն է հայտնել Իրանի իշխանություններին և ժողովրդին։ Նա ավելացրել է, որ կատարվածը չի կարող անհետևանք մնալ։ «Հուսով ենք՝ Իսրայելը կարձագանքի Իրանի, Սիրիայի և արաբական այլ երկրների փաստահեն բողոքներին», – նշել է Շուանգը։

«ԻԻՀ-ն մեծ պատասխանատվություն է կրում լարվածության աճի համար»․ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ

«Մեր հավաքական պատասխանատվությունն է՝ անել ամեն հնարավորը տարածաշրջանում լարվածությունը մեղմելու համար։ Տարածաշրջանային բոլոր դերակատարները պարտավոր են զսպվածություն դրսևորել», – ընդգծել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը։ Նիկոլաս դե Ռիվիերի պնդմամբ՝ «հոկտեմբերի 7-ից հետո Իրանն ու իր տարածաշրջանային գործընկերները մեծ պատասխանատվություն են կրում լարվածության աճի համար»։

«ԻԻՀ-ի ապակայունացնող դերն անընդունելի է»․ ՄԹ մշտական ներկայացուցչի տեղակալ

«Մենք ընդգծում ենք դիվանգիտական և հյուպատոսական տարածքների և ներկայացուցիչների անձեռնմխելիության կարևորությունը»։ Այսպես է իր խոսքը սկսել Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Կարիուկին։

Դիվանագետն անընդունելի է որակել տարածաշրջանում Իրանի «ապակայունացնող դերը»՝ մեղադրելով Թեհրանին Իսրայելի վրա հարձակումներ նախաձեռնող ահաբեկչական կազմակերպություններին սատարելու համար։

«Ոչ ինչ չենք կարող հաստատել»․ ԱՄՆ փոխարինող ներկայացուցիչ

Հերքելով իրանական և սիրիական մեղադրանքները, ըստ որոնց՝ ապրիլի 1-ի հարձակումը կատարվել է Վաշինգտոնի գիտությամբ՝ ԱՄՆ փոխարինող ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը շեշտել է․ «Միացյալ Նահանգները որևէ ներգրավվածություն կամ իմացություն չի ունեցել երեկ հաղորդված հրթիռակոծման մեջ։ Սա մենք ուղիղ կերպով հաղորդել ենք Իրանին»։

Ամերիկացի դիվանգետն ասել է, որ դեպքի մասին որևէ դետալ ԱՄՆ-ն չի կարող հաստատել։ Նրա հավաստմամբ՝ Վաշինգտոնում տեղյակ չեն թիրախավորված շենքի կարգավիճակի մասին, սակայն «ցանկացած դիվանագիտական ներկայացուցչության թիրախավորում կմտահոգի մեզ»։

«Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՄԹ-ի պահվածքը ցինիզմի գագաթնակետն է»․ ՌԴ մշտական ներկայացուցիչ


«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Դամասկոսում ԻԻՀ դիվանգիտական ներկայացուցչության վրա հարձակումը», -հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Մոսկվան այն միջազգային իրավունքի ոոտնահարում է որակել՝ կոչ անելով ԱԽ-ին արձանագրել դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների անթույլատրելիությունը։ «Եթե սա մենք չանենք, վաղը ցանկացած պետության դիվանագիտական ներկայացուցչություն կարող է օդային հարձակման ենթարկվել», – ընդգծել է Նեբենզյան։

Երկրորդ անգամ խոսքի իրավունք խնդրելով՝ ՌԴ ներկայացուցիչն անդրադարձավ Արևմուտքի «ցինիզմին և երկակի ստանդարտներին»։

«Ֆրանսիայի ներկայացուցիչն ամեն ինչ ասաց, բայց մեկ բառ չասաց Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումը դատապարտելու մասին։ ԱՄՆ-ն միշտ առաջինն է իմանում դեպքերի զարգացումների մասին, բայց նրանք այսօր չեն կարողանում հաստատել Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման իսկությունը: Միացյալ Նահանգներն ու Միացյալ Թագավորությունը, կարծես, Իրանին են մեղադրում իր հյուպատոսարանի վրա հարձակման համար։ Ցինիզմի գագաթնակետն է սա», – նշել է ռուս դիվանագետը։

Դիվանագետներն այլ հարցերի ևս անդրադարձան

Հյուպատոսարանի վրա հարձակման անթույլատրելիությունը շեշտելու համար մի շարք երկրներ հղում էին անում Վիեննայի 1961-ի և 1963-ի կոնվենցիաներին, որով հաստատվում են դիվանագիտական տարածքների և ներկայացուցիչների անձեռնմխելիությունն ու հատուկ կարգավիճակը։

Դիվանագետներն իրենց խոսքերում անդրադառնում էին նաև Սիրիայում և Գազայում պատերազմներին և Իսրայելի գործողություններին՝ կարևորելով ՄԱԿ ԱԽ բանաձևերի կյանքի կոչումը։ Մեղադրանքներ էին հնչում Իսրայելի հասցեին Գազայում վատթարացող աղետի համար։

Խոսակցություններ եղան Գազայում հրադադար պահանջող նախորդ շաբաթ ընդունված բանաձևի բնույթի շուրջ։ ՄԱԿ ԱԽ երկրների զգալի մասը պնդում է, որ այն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է և պետք է ի կատար ածվի։ Այդ թեմայի մասին նիստի ժամանակ, սակայն, բանաձևին ձեռնպահ քվեարկած և այդպես էլ այն չարգելափակած ԱՄՆ ներկայացուցիչը նշել էր, թե բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի։

Հյուպատոսարանի վրա հարձակման մասին խոսելիս «դատապարտել» բառը կիրառեցին նաև ՄԱԿ ԱԽ անդամներ Ալժիրը, Սլովենիան, Շվեյցարիան, Սիերա Լեոնեն, Գայանան, Էկվադորը և Մոզամբիկը, իսկ Հարավային Կորեան, Ճապոնիան և Մալթան ավելի փափուկ հռետորաբանություն նախընտրեցին։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930