Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։
Գարեգին Միսիրյան․ «Նիկոլը և իր սատանիստները իրենց համեմատում են Աստծո հետ, արդյոք սա պատահականությո՞ւն է, թե՞ ոչ»։
Արմեն Աշոտյան․ Որքան էլ աբսուրդ և սրբատյաց են հնչում Նիկոլի նման հայտարարությունները, ակնհայտ է, որ դրանք պատահական չեն։ Նման կերպ նա վարկաբեկում է Քրիստոնեությունը, թե ստվեր է գցում եկեղեցու վրա, թե իր ձախողված կառավարումը տարբեր զուգահեռներով սվաղելու փորձ է անում, թե շեղում է հանրության ուշադրությունը իրական խնդիրներից։
Իրականում իր էությամբ նա հակա-Քրիստոս է, եթե Հիսուսը բժշկում է մարդկանց, Նիկոլը հիվանդացնում է, եթե Հիսուսը կյանք է տալիս, Նիկոլը մահ է սփռում, եթե Հիսուսը խաչվեց, որ մենք փրկվենք, Նիկոլը խաչում է մեզ, որ ինքը փրկվի, եթե Հիսուսը դավաճանվեց, Նիկոլը շարունակաբար դավաճանում է։
Կարդացեք նաև
Այո, քաղաքական առումով նա դեռևս կենսունակ է, բայց այդ կենսունակության գաղտնիքը ոչ թե ուժի կամ խելքի մեջ է, այլ բարոյականության իսպառ, տոտալ բացակայության։ Խիղճ, պատիվ կամ արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը վաղուց վերջ էր դրել սեփական քաղաքական կյանքին։ Անշուշտ, նա живучий է, բայց կենսաբանությունից էլ է հայտնի, որ բարդ, զարգացած օրգանիզմները կամ տեսակները живучий չեն լինում։
Գեղամ Մկրտչյան․ «Նիկոլը հայտարարել է, որ ռազմական որոշում է կայացրել չհանձնվելու»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը կհանձնի, բայց աթոռը՝ ոչ։
Արմեն Աշոտյան․ Ճիշտ հասկանանք. նա հայտարարել է, որ չի նահանջելու ինչի՞ց։ Հայրենիքը կտոր-կտոր հանձնելուց, պետությունը քանդելուց, հայերին պատվազրկելուց, Ալիևին ծառայելուց, զոհերին ուրանալուց, մարդկանց գրպանը մտնելուց, բանակը կազմաքանդելուց, ձրիակներներին հարստացնելուց, երկիրը կործանելուց։
Այսինքն, նա չի նահանջելու նահանջելուց…
Հիշում եմ, թե «աղջիկ վախտերը» ոնց էր Նիկոլը խոստանում, որ կհեռանա իշխանությունից, հենց ժողովուրդը պահանջեց։ Այն, որ ժողովուրդը մինչև կոկորդը «կուշտ է» Նիկոլի պաշտոնավարումից, որ հոգնել է նրանից և չի սատարում նրան, փաստում են բոլոր սոցիալական հետազոտությունները և Հայաստանով մեկ ծավալվող կենցաղային զրույցները։ Սակայն Փաշինյանը այստեղ էլ է խաբել և խոստովանում է դա. այլևս ոչ թե ժողովուրդն է որոշում նրա պաշտոնավարման հարցը, այլ հենց ինքը Նիկոլը` իր «չնահանջելու» որոշմամբ։
Սակայն անգամ այստեղ Նիկոլը ինքնախաբեությամբ է զբաղվում. իր պաշտոնավարման նպատակահարմարության հարցը ոչ թե ինքն է որոշել, այլ գեոպոլիտիկ տերերը, որոնց սխեման շատ պարզ է։ Նիկոլին նրանք կփորձեն այնքան պահել իշխանության, քանի դեռ նա չի ավարտել իր կեղտոտ գործը. Ադրբեջանին ստրկանալու իրավական հիմքի ստեղծումը և Ռուսաստանին դուրս մղումը։
Կասկած չկա, որ հենց Փաշինյանն ավարտի իր վրա դրված սև առաքելությունը, իր իսկ տերերը նրան կհեռացնեն։ Նիկոլն արդեն այսօր է հիպերտոքսիկ` իր նկատմամբ համատարած ատելությամբ և հանրային դժգոհությունների սեղմված զսպանակով։ Ու Նիկոլը լավ գիտի, որ իր շրջապատում արդեն գոյություն ունի պլան В։ Եվ եթե պոտենցիալ ՔՊ-ական ուսապարկերի հախից նա կարողանում է գալ, ապա իր իշխանությանը սպառնացող առավել արևմտամետների նկատմամբ նա ոչինչ չի կարող անել։ Նրանց պատկերացմամբ, Մավրը կանի իր գործը և մավրին չեն բամփի։
Կարինե Նավասարդյան․ «Ալեն Սիմոնյանը Հ1-ով հորինած քարտեզ էր ցույց տալիս՝ իբր այդ չորս գյուղերը մերը չեն։ Ինչպե՞ս դիմակայել այս կեղծ քարոզչությանը»։
Արմեն Աշոտյան․ Ալեն Սիմոնյանի գրագիտության և բարոյականության մակարդակների քննարկումը անհեռանկարային գործ է։ Իր և մյուս նիկոլականների կարծիքները ածանցվում են բացառապես քաղաքական նպատակահարմարությունից։ Եթե պետք լինի, ապա նրանք մի օր կգնան Սեյշելյան կղզիներ, մի տոկոս կգրեն, կնկարեն և ՖԲ-ում տեղադրելով կգրեն. «Սեյշենյաները իմ հայրենիքն են», իսկ մյուս օրը փրփուրը բերաններին կփորձեն համոզել ձեզ, որ Ալմա-Աթայի հռչակագրով Օպերայի հրապարակը ադրբեջանական է։
Ի դեպ, հետևելով նրա, մի շարք այլ ՔՊ-ականների ճակատագրին, կարող ենք փաստել, որ նրանք այլևս նիկոլական թրաֆիքինգի զոհեր չեն։
Բուլգարկովի հանրահայտ «Շան սիրտը» ստեղծագործությունում պրոֆեսոր Պրեոբրաժենսկին ասում էր. «Մի կարդացեք սովետական թերթերը մինչև ճաշը» (не читайте до обеда советский газет):
Նույն խորհուրդը պետք է տամ Հ1-ի մասով, մի նայեք Հ1-ի լրատվական և քաղաքական հաղորդումները ո՛չ ճաշից առաջ, ո՛չ էլ ճաշից հետո։ Վստահաբար, զգացել եք. Նիկոլը հայկական հողերը սարքում է ադրբեջանական և հանձնում է Ալիևին, Ալիևն էլ անում է նույնը. հայկական հողերը անվանում է ադրբեջանական և վերցնում է։
Մարգարիտա Մեսրոպյան․ «Ձեր դատավարության ընթացքում այս վերջին նիստին պարզ դարձավ, որ դատախազությունն անգամ ճիշտ թվեր չի ներկայացնում դատարան։ Դատախազությունն էլ հերթական անգամ փորձում էր մեծ թիվ ներկայացնել, ինչ կասեք այս ամենի մասին»։
Արմեն Աշոտյան․ Շնորհակալ եմ Ձեզ և տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին ձեր աջակցության, ուշադրության և համերաշխության համար: Հայ ժողովրդի մեծամասնությունն այլևս քաջ գիտակցում է և գիտի, որ իմ դեմ քրեական գործը ոչ միայն թքած-կպցրած է, ոչ միայն ապօրինի է, այլև անգրագետ։ Այն բաղկացած է մեծ և փոքր խախտումներից, հորինվածքներից և ապօրինությունների։
Դատական նիստերին խոշոր տրամաչափի բոլոր սարքոցների և կամադատականությունների վրա, որ դրսևորել են քննչական մարմինները, դատավորը դեռևս ծայրահեղ լոյալ է, աչք է փակում դրանց վրա, ավելին փորձում հիմնավորել այդ ապօրինությունները սկսած մեղադրանքից վերջացրած իմ 10-ամսյա կալանքով։ Ու այս ամենը էլ ավելի աբսուրդային է դարձնում այս քրեական գործը։
Փոքր տրամաչափի խախտումների մակարդակում դատարանն իրեն շռայլություն է թույլ տալիս ճշմարիտ և օբյեկտիվ գնահատականներ տալ, ինչպես եղավ վերջին նիստում։ Անկախ Հայաստանի դատական համակարգի խայտառակ կախյալությունից և քաղաքականացվածությունից, աչքեր ունեցողը տեսնում է, ականջ ունեցողը լսում է, թե ինչ է կատարում է ոչ միայն իմ, այլևս մյուս քաղաքական բանտարկյալների նիստերին։
Մինչև երբ նման գործերով դատարանները կփորձեն ապացուցել, որ մածունը սև է, ածուխը՝ սպիտակ, իսկ երկրագունդը` տափակ, դժվարանում եմ ասել։
Ակնհայտ է, որ Հայաստանում այլևս կալանավորների overdose է, որ կալանքը բացահայտ կերպով օգտագործվում է ոչ թե որպես խափանման, այլև սարքի միջոց։
Ցանկացած երկրի համար քաղ.բանտարկյալներ ունենալը խարան է։ Եվ եթե ոմանք ջայլամների պես գլուխները ավազների մեջ չտեսնելու են տալիս այս հարցը, ապա մեկ է, այդ խարանը դաջվում է նրանց դուրս ցցված մարմնամասի վրա։
Ռոզա Բելգարյան․ «Ակադեմիական քաղաքի նախագիծը ասում են այլևս չեղարկվում է:Հիմա էլ խոսում են նոր նախագծերի մասին,կրթական բարեփոխումների միավորումներ կրթական հիմնարկների:Ձեր Կարծիքը»:
Արմեն Աշոտյան․ Չեմ հանդիպել նման տեղեկատվությանը պաշտոնական մակարդակով: Ավելին,կարծում եմ, նման շշուկները տարածում է հենց իշխանությունը՝ սառեցնելու համար հանրային ընդվզումը և ուսանողական ցասումը այս խայտառակության դեմ:
Իրականում կրթության բնագավառն այնպիսին է, որ մշտական, շարունակվող, դինամիկ բարեփոխումների կարիք ունի, սակայն քանիցս ապացուցել եմ, որ «Ակադեմիական քաղաք» կոչված նախագիծը ոչ մի կապ չունի կրթական բարեփոխումների հետ, այլ բուհական ոլորտը ապականելու և արանքում մեծ փող աշխատելու հերթական ավանտյուրան է։
Նիկոլի կառավարությունն ամբողջությամբ, պետական գերատեսչությունները առանձին-առանձին չունեն իրական բարեփոխումներ իրականացնելու ոչ ցանկություն, ոչ ունակություն, ոչ գիտելիք, ոչ փորձ։
Ցավում եմ, որ երբեմն լուրջ նախարարությունները` ԿԳ-ն, Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության, դարձել են կավե ոտքերով արհեստածին և ամուլ մոնստր, որ ոչ թե զարգացնում է իրեն վստահված ոլորտները, այլ խժռում դրանք։ Ավելի մանրամասն կարող եք ընթերցել «Բուհերը Երևանից չհասնելու 7 պատճառ» իմ հոդվածը։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ