Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ առաքելությամբ էին Հայաստանի օրենսդիրները Սյունիքում

Ապրիլ 06,2024 12:50

Ազգային ժողովի  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը,  նաեւ՝ սյունեցի պատգամավորներ եռօրյա այցով Սյունիքում էին։ Նախ մարզպետի աշխատակազմի վարչական շենքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հյուրընկալությամբ՝ հանդիպում համայնքների ղեկավարների, մարզային կառույցների տնօրենների, մարզպետի աշխատակազմի վարչությունների ղեկավարների հետ։ «Իրականում ուրախ եմ, քանի որ  բազմաթիվ շատ հարցեր կան, որն այս ֆորմատով քննարկելը արդյունավետ կլինի, մանավանդ եթե հաշվի առնենք Սյունիքի հեռավորությունը մայրաքաղաքից»,-ասաց մարզի ղեկավարը։

Ըստ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի՝  այցի նպատակը տեղում ՏԻՄ-երի՝ հանձնաժողովի գործունեության շրջանակներին վերաբերող խնդիրներին ծանոթանալն է, ինչպես նաեւ համայնքներում շրջելով՝ սուբվենցիոն ծրագրերով, պետական ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքների արդյունքներն ուսումնասիրելը։

«Ավելի շատ կենտրոնանանք օրենսդրական նախաձեռնությունների վրա, մեզ մատնացույց արեք այն խնդիրները, մենք կլսենք ձեր ամենախիստ քննադատություններն ու որոշենք, թե  առաջիկայում ոնց ենք շարժվելու։ Ուզում ենք նաեւ ուշադրություն դարձնել պետական ծրագրերին, որոնք այս մարզում մեծ ծավալով են իրականացվում հաշվի առնելով, որ մարզը երկար սահմանագիծ ունի Ադրբեջանի հետ»,-նշեց Ղալումյանը։

Սյունեցիների համար գլխավոր հարցը շարունակում է մնալ անվտանգությունը։ Ծննդով կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանն ասում է՝ մարզի շուրջ լարվածությունը դեռ կպահպանվի։

Դավիթ Դանիելյան

«Մենք անվտանգության խնդիրները լուծելու համար չենք այստեղ։ Ավելի շատ եկել ենք ծանոթանալու տարածքային կառավարման ենթակառուցվածքներին եւ բոլոր խնդիրները կներկայացնենք համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին։ Ինչ վերաբերում է Տավուշին, ապա որոշում կա, որ նախնական Տավուշից սկսել սահմանազատումն ու սահմանագծումը, եւ եթե Տավուշում իրականացվի, ապա հաջորդականությամբ  կհասնենք Սյունիք, եւ վերջապես թշնամական ուժերը դուրս կգան իրենց ելման դիրքեր»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

Հաշվի առնելով, որ Հայաստանի  կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունի բաժնետիրային իրավունքներ, պատգամավորները, չնայած աշխատանքային օրվա ավարտին՝  եղան կոմբինատում, ծանոթացան արտադրական գործընթացին։ «Միջազգային փորձը հաշվի առնելով, կոմբինատի ղեկավար կազմի հետ  քննարկելու ենք  ի՞նչ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կան՝ կապված թե ՛ կոմբինատի արտադրողականության բարձրացման, թե ՛ անվտանգային կանոնների, եւ՛ թե  տեսչական մարմինների աշխատանքի հետ»,-պարզաբանեց Դավիթ Դանիելյանը։

Պատգամավորներն եղան Սյունիքի  բոլոր համայնքներում, հանդիպեցին մարզում  բնակություն հաստատած արցախցիների հետ։ Ի դեպ, այս նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  «Հայաստանի խորհրդարանի արձագանքման արդյունավետության թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում։ Սյունիքն առաջին մարզն է, որ այցելեցին օրենսդիրները։  Նրանք կլինեն նաեւ բոլոր մարզերում։

 Լուսանկարները Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջերից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930