Լրահոս
Օրվա լրահոսը

«Անշշուկ ապրող ներկաներին» Երան Գույումճեանն Արարատ բերեց «Ծիրանի լոյս» գրքով

Ապրիլ 06,2024 11:30

Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի սրահում ապրիլի 5-ին սփյուռքահայ բանաստեղծուհի, հրապարակախոս եւ խմբագիր, Կիպրոսում ապրող Երան Գույումճեանի «Ծիրանի լոյս» (Յուշագրութիւն, Հրապարակագրութիւն, Բանաստեղծութիւն) գրքի շնորհանդեսն էր:

Երան Գույումճեանի հրապարակագրությանը, ակտիվ քաղաքացիական կեցվածքին ծանոթ ենք նաեւ նրա խմբագրականներից, սոցիալական ցանցերում նրա գրառումներից, ուր նա խոսում է հայերենի, հայ ժողովրդին հուզող, հայոց պատմության նոր մարտահրավերների մասին. նա սփյուռքի ուրույն ձայնն է:
Հեղինակի նոր գիրքը ներկայացրեց հրապարակախոս, բանաստեղծուհի Ռուզան Ասատրյանը, նրա կյանքի, գործունեության մասին խոսք ասացին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, Ավ. Իսահակյանի գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզան Բադալյանը:

«Երանի անոր ո՜վ հիւլէ մը լոյս կու տայ աշխարհին
Անձայն, անաղմուկ, բերկրանքով ներքին որ անուն չունի,
Զերթ շողն արեւին որ կը ճառագէ ու կը ջերմացնէ
Անվա՜րձ, անհատո՜յց կը մնայ իր ճիգին միշտ հոգենուէր»…

Ընթերցվեցին հեղինակի բանաստեղծություններից:

Բանախոս Ռ. Ասատրյանն ասաց. «Երանի նախնիներն Ադանայից են… Նա վերակենդանացրել է անշշուկ ապրող ներկաներին, ովքեր խոր հետք թողնելով Երանի զգայուն կյանքում, պարարտ հող էին նախապատրաստում ապագա հասուն գրողի համար»: Իսկ Արմենուհի Դեմիրճյանը մի հրաշալի բացահայտում արեց ներկաներիս համար. Երան Գույումճեանի երկու պապիկները՝ հայրական, մորական կողմի, եղել են իրավաբաններ. «Իրավաբանների ընտանիքի երրորդ սերունդն եք, իրավաբանների ընտանիքի շառավիղն եք»,- ասաց Ա. Դեմիրճյանը: Վերջինս ասաց, որ հասցրել է թերթել գրքի առաջին հատվածը. «Այնքան թանկ անուններ հառնեցին. Վահե Վահյան, Վահան Թեքեյան, Գերսան Ահարոնյան… »:
Բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը տիկին Երանին փոխանցեց ՀՀ գրողների միության անդամի վկայագիրը…
Հայուհին սովորել է Բեյրութի հայ կաթոլիկների «Սբ Ընտանիք» (Սուրբ Հռիփսիմյանց) եւ 1960-1964 թվականներին Հայկական բարեգործական ընդհանուր միության Դարուհի Հակոբյան վարժարաններում։ 1966 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի մաթեմատիկայի եւ Լոնդոնի համալսարանի փիլիսոփայության (1971 թվական) ֆակուլտետները։ 1966 թվականից ապրում է Կիպրոսում: 1997-2003 թվականներին եղել է «Փարոս», 2003-2011 թվականներին՝ «Ազատ ձայն» ամսաթերթերի գլխավոր խմբագիրը, 2011 թվականից` «Ազատ խօսք» էլեկտրոնային պարբերականի հիմնադիր-խմբագիրը:
2014թ. սեպտեմբերի 23-ին նա արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից շնորհված «Մայրենիի Դեսպան» շքանշանին:
Մինչ «Ծիրանի լոյս» գիրքը, Ե. Գույումճեանը հեղինակել է «Հոգիոյս հեւքին հետ», «Հայերգութիւն», «Լուսե անուրջներ» եւ «Քառեակներ» գրքերը, որոնք լույս են տեսել Կիպրոսում:

 

Նրա հրապարակագրության մասն են կազմում խոհագրությունը, մարդու, հայ մարդու ներքին աշխարհի զննումը. «Մարդ էակը պիտի ընդունիլ իր տարօրինակութիւններով, իր թերութիւններով, ոչ թէ՝ զայն չափել ու ձեւել ըստ մեր ցանկութեան…: Ամէն մարդ արարած տիեզերք մըն է, որ ունի իր խորտուբորտ, անկիւնաւոր, պայծառ ու ոչ-պայծառ կողմերը: Ընդունիլ զայն, ինչպէս որ է եւ ջանալ անոր մէջ գտնուող լաւագոյնը յայտնաբերել: Սա է գուցէ ճիշդ վարուելակերպը այլոց նկատմամբ, ըլլան անոնք բարեկամ, ընկեր, ծանօթ, թէ հարազատ: Լաւագոյնը դուրս բերել եւ ընդգծել: Սա չէ՞ նաեւ դաստիարակչական սկզբունք մը, որ կը կիրարկուի մանուկներուն եւս: Նոյնիսկ բուսական աշխարհին մէջ, մոլախոտերը միշտ ալ կ՚աճին ամէնէն չքնաղ ծաղիկներուն հետ միասին: Մեր բոլորին պարտաւորութիւնը պիտի ըլլար խնամել ծաղիկները այնպէս, որ անոնք չխեղդուին այդ վնասակար մոլախոտերուն մէջ»:

Ե. Գույումճեանին խորթ են օտարացումը ազգային ինքնությունից, արմատներից:

Նա գրում է. «ՕՏԱՐԱՑՈՒՄԸ ազգային ինքնութենէն ՍՏՐԿԱՄՏՈՒԹԵԱՆ մէկ արտայայտութիւն է, քանզի անիկա ուրիշ բան չէ, եթէ ոչ հրաժարիլ իր բուն էութենէն եւ անձնատուր ըլլալ մէկ այլ ինքնութեան, կամայ թէ ակամայ, գիտութեամբ թէ անգիտութեամբ: Ինքզինք յարգող, արժանապատւութիւն ունեցող մարդը կը պայքարի կը ոգորի յանուն իր ԻՆՔՆՈՒԹԵԱՆ կենսունակ ՊԱՀՊԱՆՈՒՄԻՆ, կուլ չերթար օտարացնող հոսանքին, կը մաքառի յանուն իր ԱԶԱՏՈՒԹԵԱՆ: Քանի՜-քանի «ղեկավարներ», բարբառելով ազատութեան ընձեռած հնարաւորութեանց եւ բարիքներուն մասին, կամովին ընդ առաջ կ՚երթան գերութեան շղթաներուն, քաղքենիութեան հմայքներուն անձնատուր, միաժամանակ բարձրագոչ աղաղակելով, որ «հայոց լեզուի իմացութիւնը կարեւոր չէ հայ ըլլալու համար»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930