Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը վերաբերում է ոչ միայն Պաղեստինի հայկական համայնքին, այլև ողջ հայությանը. «Փաստ»

Ապրիլ 06,2024 10:10

Սուրբ Երկրում, որտեղ բյուզանդական ճգնավորության հիմնադիրներից մեկը համարվում է հայկական ծագում ունեցող Սուրբ Եվփիմիոսը, հայերի բնակեցման պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին դարում։ 381 թվականի Կոստանդնուպոլսի երկրորդ Տիեզերական ժողովի որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դառնում է պատրիարքություն, իսկ 7-րդ դարում Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ Աբրահամը մեկնում է Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստանում մի հավաստագիր, որով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն անջատվում է հունականից: Այսօր պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազար քմ), ինչը կարևորագույն հատված է Սուրբ քաղաքում։ Եվ պատահական չէ, որ հայկական թաղամասի առկայությունը ամբողջ հայության՝ պետականորեն առաջինը քրիստոնեությունը ընդունած առաջին ժողովրդի հպարտության առարկան է։

Սակայն վերջին շրջանում Երուսաղեմում, որտեղ հայկական ունեցվածքը պատմական և կրոնական բացառիկ նշանակություն ունի, սկսվել է հայության իրավունքների ոտնահարման գործընթաց։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Կովերի պարտեզի» գործարքին, որով Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության է հանձնում իսրայելական ընկերությանը։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը որոշեց չեղարկել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը, բայց դրանից իրավիճակը չփոխվեց։ Եվ ապրիլի 3-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներն արդեն ահազանգում էին, որ Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է իրականացնում Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա:

Բայց Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը վերաբերում է ոչ միայն Պաղեստինի հայկական համայնքին, այլև ողջ հայությանը։ Ու «Կովերի պարտեզի» այս միջադեպը ցույց է տալիս, որ հայկական պատմական ունեցվածքը վտանգի տակ է Սուրբ հողում։ Այստեղ խնդիրը միայն տարածքը չէ, այլ նաև առավել ընդգրկուն է ու աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել։ Ըստ էության, Իսրայելը ցանկանում է հրեա գործարարների միջոցով տիրանալ այն տարածքին, որը Հին քաղաքում է և Պաղեստինի ինքնավարության ներսում է։ Ու դրանով է պայմանավորված, որ «Կովերի պարտեզի» վաճառքի գործարքին կոնկրետ դեմ են Պաղեստինն ու Հորդանանը։ Զարգացումներին զուգահեռ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն ու Պաղեստինի կառավարությունը որոշել են սառեցնել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի պատրիարքական ճանաչումը՝ գործարքը որակելով որպես Իսրայելի ընդլայնմանը նպաստող քայլ։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930