Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցնելո՞ւ են արդյոք Ակադեմիայի կարծիքը «ակադեմիական քաղաքի» մասին

Ապրիլ 06,2024 10:00

Հայաստանի «ժողովրդավարական» կարգերով հպարտանալը դարձել է մեր իշխանությունների հռետորաբանության անբաժանելի մասը: Թե ի՞նչ են նրանք հասկանում ժողովրդավարության տակ, դժվարանում եմ ասել: Հավանաբար՝ ո՛չ իշխանության թեւերի բաժանումը. այստեղ նրանք գլուխ գովելու տեղ չունեն՝ հաշվի առնելով, մասնավորապես, թե ինչպես են աշխատում մեր խորհրդարանն ու դատական համակարգը:

Եթե որպես «ժողովրդավարություն» է ներկայացվում հասարակության, դրա տարբեր հատվածների տեսակետները լսելը եւ հաշվի առնելը, ապա այս չափանիշով նույնպես պարծենալու առիթ չկա:

Օրերս Հայաստանի Գիտությունների ակադեմիան հանդես եկավ «Ակադեմիական քաղաք» կառավարական նախագծի վերաբերյալ իր առարկություններով եւ առաջարկներով: Քանի որ գործընթացը սկսվել է առանց գիտնականների կարծիքը հարցնելու, կարելի է վստահաբար ասել, որ այդ առաջարկները նույնպես հաշվի չեն առնվելու կառավարության կողմից:

Եվ իսկապես՝ ինչո՞ւ պիտի «փտած ինԾիլիգենտների» ասածները հաշվի առնեն: Վայ թե նրանք «Սերժի վախտ» ծառայել են  իշխանություններին: Կամ՝ եթե նույնիսկ չեն ծառայել, ապա հաստատ տոգորված չեն 2018 թվականի հեղափոխության ոգով, չեն հասկանում, թե ինչպիսի երջանկություն է հայ ժողովրդին պարգեւել Փաշինյանի իշխանությունը: Այդ «փաստարկները», թեեւ միշտ չէ, որ բարձրաձայնվում են իշխանությունների ու նրանց քարոզիչների կողմից, բայց ենթատեքստում մշտապես առկա են:

Իրականում բուհական եւ գիտական շրջանակներում դժգոհությունն առկա է: Կա՞  արդյոք, օրինակ, կոնսերվատորիայի որեւէ դասախոս կամ ուսանող, որը համաձայն է, որ երաժշտական այդ բուհը տեղափոխվի 15-րդ թաղամաս եւ միացվի ինչ-որ «քլասթերի»: Արդյո՞ք նույնը չի կարելի է ասել մնացած բուհերի մասին: Այդ թվում՝ ԵՊՀ-ի վերաբերյալ, եթե խոսքը նախկին «իմքայլական» պատգամավոր ռեկտորի եւ նրա մերձավոր շրջապատի մասին չէ:

Պարզ է, որ գիտաշխատողների եւ դասախոսների ճնշող մեծամասնությունը  դեմ է այդ ծրագրին: Բայց նրանց դժգոհությունն ու բողոքը որեւէ նշանակություն չունեն: Որովհետեւ չունեն հասարակական աջակցություն:  Մեր քաղաքացիների հիմնական «կարծիք բարձրաձայնող» հատվածի վերաբերմունքն այդ խնդրին կարելի է տեսնել այն մեկնաբանությունների օրինակով, որոնք տեղադրվում են, ասենք, իմ հրապարակումների տակ: Հիմնական միտքը հետեւյալն է՝ «շատ լավ են անում՝ քշում են քաղաքից, դրանք բոլորը դիպլոմ ծախող են»:

…Ի դեպ, մեկնաբանությունների մասին: Մի առիթով ասացի, որ դեմ եմ հայհոյանքներին՝ անկախ նրանից, թե ում շուրթերից են դրանք հնչում՝ Նարեկ Սամսոնյանի, թե Նիկոլ Փաշինյանի: Մեկնաբանություն՝ «ուրեմն, դու տղամարդ չես»:

Այդ օգտատերը հաստատ նիկոլական «քլասթերից» է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Քանի-որ հեղինակը դեմ է հայհոյելուն, ուստի դրա փոխարեն ստիպված եմ շոյել Ակադեմիական քաղաքի գլխավոր գաղափարախոսներին, հայավարի շոյում եմ (կրճատ – հայշոյում եմ) այն երկերեսանի ռեկտորներին ու ակադեմիկոսներին, որոնք իրենց պաշտոնները կամ բարձր աշխատավարձերը պահպանելու համար ողջունում են Ակադեմիական տափակաբանության ծրագիրը և քծնողական կարծիքներ են հայտնում։ Կարող եմ այս թեմայով էլի շոյել ոմանց, բայց վախենամ մեկնաբանությունս չտպագրվի։

  2. Լավատես says:

    Այն ինչ վերաբերում է կապիտալին եւ նրա շահույթին, նույնն էլ կառավարությանն է վերաբերում եւ իր իշխանությանը.
    ՝՝«Կապիտալը,- ասում է Quarterly Review»-ն (ազդեցիկ գրական-քաղաքական ամսագիր, որը հրատարակվել է Լոնդոնում, 1809-1967 թվականներին), խուսափում է աղմուկից եւ նախատինքներից եւ առանձնանում է իր վախկոտ բնույթով»: Դա ճշմարիտ է, բայց ամբողջ ճշմարտությունը չէ: Կապիտալը վախենում է շահույթի բացակայությունից կամ չափազանց փոքր շահույթից, ինչպես բնությունն է վախենում դատարկությունից: Բայց եթե կա բավարար շահույթ, կապիտալը դառնում է համարձակ: Ապահովեք 10 տոկոս, եւ կապիտալը, համաձայն ցանկացած կիրառության, 20 տոկոսի դեպքում դառնում է աշխույժ, 50 տոկոսի դեպքում պատրաստ է կոտրել իր գլուխը, 100 տոկոսի դեպքում տրորում է մարդկային բոլոր օրենքները, 300 տոկոսի դեպքում չկա այնպիսի հանցագործություն, որին նա ռիսկ չանի գնալ, թեկուզեւ կախաղանի վախի ազդեցությամբ: Մաքսանենգությունը եւ ձկան առեւտուրը համոզիչ ապացուցում են վերոնշյալը»,- Դաննինգ:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4bcf509756af209703627e0eec19ed30
    ՝՝
    300 տոկոսանոց իշխանությունը նույնքան հիվանդ է, որքան ուրիշ պետությունների հույսին մնացած նոր ու հին ստեղծված ու ստեղծվող կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները: Սրանք բոլորը գլոբալիստների վասալներն են կամ այդ վասալների միամիտ վասալները, վասալները՝ առաջին դեմքերը կփրկվեն, իսկ վասալների վասալները գլոբալիստների վասալները չեն, սրանք կանցնեն նյուրնբերգով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930