ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության և երիտասարդության ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը և դրա հետագա ընդլայնումը։
Հանդիպմանը քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և ուսումնական նյութերի արդիականացման հարցերը։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ հաջողությամբ ընթանում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» փորձնական ծրագիրը: Ըստ նախարարի՝ ընդլայնվում է հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցումը, ինչը նշանակում է, որ աշակերտները ոչ միայն ֆրանսերեն են ուսուցանում, այլև ֆրանսերենով սովորում Ֆրանսիայի պատմություն, աշխարհագրություն և այլ առարկաներ։ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է նաև ֆրանսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատությունների թիվը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով երիտասարդության ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է կազմակերպել հայ-ֆրանսիական երկկողմ ճանաչողական այցեր Ֆրանսիայի և Հայաստանի համայնքային երիտասարդական կենտրոններ։ Միաժամանակ, առաջարկվել է դիտարկել փորձի փոխանակում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերի և իրավական ակտերի մշակման ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Նիկոլ Բելուբեն նշել է, որ համագործակցության առաջարկները բավականին հետաքրքիր են և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել առկա համագործակցությունը։ Նախարարը հայ գործընկերոջը ներկայացրել է Ֆրանսիայում գործող հանրակրթական դպրոցների կառավարման մոդելները։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ