Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Օ՛Բրայեն. «Մենք տեսնում ենք տարածաշրջանում Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող ապատեղեկատվություն տարածելու ջանքեր»

Ապրիլ 06,2024 00:07

«Մենք տեսնում ենք տարածաշրջանում Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող ապատեղեկատվություն տարածելու ջանքեր, և մեդիա տեղեկատվության նման շահարկումը սպասելի էր»,- Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔիի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։

Հարցին՝ ՌԴ-ն քայլեր ձեռնարկո՞ւմ է Հայաստանում ձեր գործունեությունը խաթարելու համար, Ջեյմս Օ՛Բրայենը պատասխանեց․ «Ռուսաստանը խաղում է պատմական և ժառանգական դեր Հայաստանում և ողջ Հարավային Կովկասում: Հուսով ենք, որ այն կարող է աջակցել Հայաստանի ժողովրդին, որն ընտրում է ժողովրդավարության բարեփոխումների և տնտեսական բարգավաճման ճանապարհը։ Մենք գիտենք, որ սա շարունակական զրույց է լինելու Երևանի և Մոսկվայի իշխանությունների միջև, բայց պարզ է այն, թե ինչ է ընտրել Հայաստանի ժողովուրդը։ Եվ մենք կարծում ենք, որ կարևոր է աջակցել և հարգել նրանց որոշումը»։

Շարունակելով ՌԴ-ի կողմից տարածվող ապատեղեկատվության թեման՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենն ասաց․ «Տեսել եք, թե այսօրվա համաժողովի առնչությամբ ինչ մեղադրանքներ են հնչել։ Մինչդեռ մեր կողմից աջակցությունը շատ հստակ է՝ աջակցելու Հայաստանի ժողովրդի ընտրած քաղաքական ուղուն։ Դա արվում է տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ինտեգրման ճանապարհով, ինչին մենք ենք աջակցում, ինչը ցանկանում է ՀՀ կառավարությունը, նաև Ադրբեջանի կառավարությունն է ասել, որ ինքն  էլ հետամուտ կլինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել