Հայրենիքի զինվորի երդումը սրբազան ուխտ է, որը նա կապում է հայրենի հողի, զենքի ու իր պատվի հետ, այն ոչ մի ուսադիրների ու կամայական, քաղաքական խաղերի ենթակա չէ, երբ վտանգված է ազգի ու հայրենիքի կյանքը:
Հայկ Ստեփանյանին կարող ես նույնացնել «Խաչ Պատերազմի» էպոսական դյուցազնահերոսների հետ, ում ոգին պատերազմի կրակներում թրծված անպարտելիության դրոշմ ունի, զույգ ոտքերը կորցնելուց հետո անգամ Հայկն ավելի ամուր է կապվել իր նպատակներին, իր հայ մարդու ու հավատարիմ զինվորի երդմանը։
-Հարգարժան Հայկ, դուք զինհաշմանդամություն ստացած այն զինվորականներից եք, որոնց պայքարը պատերազմից հետո էլ շարունակվում է մեր առօրյա կյանքում, քեզ հաճախ կարող ենք տեսնել բուռն հավաքների, ցույցերի մեջ, որտեղ շարունակում եք չհամակերպվել տիրող իրականությանը: Ինչպիսին էր կյանքը 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո, ինչպես եք ներկա իրականության հետ համակերպման եզր գտնում կամ` գտնո՞ւմ եք արդյոք:
– Ծնվել եմ, սովորել Մասիս քաղաքում, 1999թ.-ին ավարտել միջնակարգ դպրոցը, ընդունվել եւ 2003-ին ավարտել եմ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, այնուհետեւ ՊՆ հրամանով ու իմ ցանկությամբ մեկնել ԼՂՀ 1-ին ինքնապաշտպանական շրջան ծառայության, որպես հրամանատար։ Երկար տարիներ տարբեր սահմանամերձ զորամասերում ծառայելուց հետո դուրս եկա բանակից, անցա սովորական, քաղաքացիական կյանքի։ Հրամանատարիս ասացի, որ կներկայանամ սահման, երբ պատերազմը սկսվի, իմ տեղը երբեք բաց չի մնա հայրենիքի պաշտպանության մեջ։ Հետո մեկնեցի ՌԴ։ Եկավ այդ օրը, երբ զանգ ստացա, որ պատերազմ է, աջ ու ձախ չնայելով պատրաստվեցի ու սեպտեմբերի 28-ի առավոտյան ես իմ տղերքի հետ մեկնեցի ԼՂՀ։ Արցախը, բացի այն, որ սուրբ հող է եղել ու կա ինձ համար, Արցախը անվտանգության երաշխիք էր, այն մի ռազմավարական ու մարտավարական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջան էր հանդիսանում ՀՀ-ի համար։
Կարդացեք նաև
Այսօր, երբ կորցրել ենք մեր սուրբ հողը, արդյո՞ք ապահով են մեր՝ Հայաստանի սահմանները։ Որտե՞ղ են մեր ապահով ապրելու, կյանքի իրավունքի երաշխիքները, երբ ամեն օր թշնամին մեզ պահանջներ է ներկայացնում, անօրինական զավթումներ իրականացնում եւ ստանում «իրավունքներ» վաղը, մյուս օրը, մտնելու մի տարածք, որտեղի եկեղեցիներն ու շեները մի քանի հարյուր տարով մեծ են իրենց երկրից, իրենց արհեստածին պետությունից, զավթված հողերի վրա կառուցած իր քաղաքներից ու գյուղերից։ Արցախը մեր տան դարպասն էր, անառիկ ու անմատչելի, դարպասը թշնամիների առաջ բացելու խրատ-պատգամները բազմաթիվ են հայոց պատմության ու հայ գրականության մեջ, այդ դասերով մեծացած սերունդը իննսունականներին լավ սերուցք տվեց, հաղթանակ կերտող սերունդ, կյանքի, անձնազոհության, մեծ նվիրումի ու հայեցի արժեքների պահպանման համար մարտի ելած սերունդ, որը մեզ հաղթանակ ժառանգեց։ Արցախը մեր պետության երկաթե վահանն էր, որի կորստի հետ պետք չէ համակերպվել։ Երկար, մոտ 25 օր մենք ամեն գնով պահում էինք մեր դիրքերը՝ հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով, ազերիների վախը բռնել էինք արդեն, եկավ հոկտեմբերի 25-ի չարաբաստիկ օրը, այդ օրը ես կորցրի իմ ընկերներից շատերին, հակառակորդը տեսնելով, որ ցամաքով չի կարողանում ոչ մի կերպ առաջ գալ, սկսեց մեր վրա անօդաչու ու մի շարք այլ հրետանային զենքերով կրակ բացել, ահավոր տեսարան էր, 23 հոգի էինք մնացել դիրքում, բայց նահանջի ոչ մի միտք անգամ չկար այդ մղձավանջի մեջ, ես նույնիսկ ծիծաղում էի, որ 23 հոգու վրա այդքան շատ ու ինտենսիվ կրակ են բացել, ասես մի քանի վաշտի դեմ դուրս եկած լինեին։ Վիրավորվելուց հետո հասկացա, որ մենք այդ օրերին դրանց վախն ու սարսափն էինք մեր 23 տղաներով։
– Արցախի հայաթափումը, ապրումները, որոնք ունեցանք, որպես բանական հայ մարդ անասելի ծանր են, ինչպե՞ս շտկել իրավիճակը, թունելի վերջում երեւացող լույսը տեսնո՞ւմ եք։
– Ես կարոտում եմ Արցախը, երեխայի նման կարոտում եմ այդ լեռները, այդ հայրենիքը, որտեղ նաեւ իմ ու ընկերներիս արյունն է թափվել։ Արցախն արյուն է, որ հոսելու է մեր մեջ սերնդեսերունդ, պետք է չմոռանալ ու չընդունել այն, որը փորձում են որպես օրենք մատուցել: Մեզ վրա հարձակվածների անհամաչափ ուժի ու տեխնիկայի կիրառումը եւ այլ գործոններ անհավասար մարտի բոլոր նախադրյալներն ունեին, բայց անգամ այդ պարագայում մենք պայքարել ենք, նահանջի ոչ մի մտքով: Թունելի վերջում միշտ էլ լույս կա, պիտի խավարը ճեղքելով հասնես այդ լույսին, գիտելիքի ուժը, դրամի ուժը, միասնականության գաղափարը մեր լինել-չլինելու հարցի լուծումը պիտի տան, պիտի գիտակցությունն արթնանա հայ մարդու, որն այսօր անընդհատ ենթակա է թմբիրի տարբեր տեխնոլոգիաներով, պետք է ուղղակի չտրվել հավերժական մրափին եւ աշխատել հանուն հայրենիքի ու հայության միասնական շահի։
– Մարտունակ սպայի ոգին անգամ հաշմանդամությունը չի կոտրել, այսօր բազկամարտի հաշմանդամների ֆեդերացիայի կազմում եք, բազում մրցույթների մասնակից, նաեւ հաղթող: Կյանքը նորովի շարունակելու փո՞րձ է սպորտը, ի՞նչ է այն ձեզ համար, միշտ դրոշակակրի դերում եք եւ Արցախի դրոշն անգամ այն վայրերում եք բարձրացրել, որտեղ կարող էին նկատողություններ ու սահմանափակումներ դրվեին ձեր անձի վրա:
– Ապրելու ենթագիտակցական որոշումս կայացնելուց հետո ես ուղղակի ուժ հավաքեցի ու «Էրեբունի» հիվանդանոցի բանիմաց բժիշկների օգնությամբ վերածնվեցի, ծնվեցի որպես այլ մարդ, որի առջեւ կա հստակ ճանապարհ, ամեն գնով ոչնչացնել դավաճաններին, պատրաստվել մեծ հաղթանակների ու ստեղծել այդ հաղթանակները իմ տեղում։ Ոտքերս կորցնելուց հետո, վերականգնողական բուժման ժամանակ, «Զինվորի տանը» ես սկսեցի փորձել քայլել, ի զարմանս բոլորի՝ շատ լավ ստացվեց, որովհետեւ ես իմ առջեւ խնդիր ունեի դրած, որը պարտադիր պիտի կատարվեր, հետո «Հայ հերոսներ» վերականգնողական կենտրոնում, իմ լավ ընկեր Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ, սկսեցի զբաղվել բազկամարտով։ Ընդհանուր ունեմ 22 մեդալ, երկու գավաթ տարբեր երկրներից, վերջին նվաճումներն են, Եվրոպայի մրցումներին իմ քաշային կարգում զբաղեցրել եմ երկրորդ տեղը, իսկ Աշխարհի մրցումներին, որը տեղի էր ունեցել Ղազախստանում՝ կրկին անգամ երկար ու մեծ պայքարից հետո զբաղեցրի երկրորդ տեղը։
– Սիմվոլիզմը հայ սպայի ընկալմամբ ի՞նչ կարեւորություն ունի պետության, պետականության եւ ազգի համար ընդհանրապես:
– Սիմվոլիզմի առաջին տեղում ինձ համար դրոշն է։ Դրոշը հայրենիքի դեմքն ու հաղթանակն է: Նրան միշտ գլխիցդ վեր պիտի պահես, հայրենիք ասված մեծ երեւույթի հավաքականն է, որ կարող ես ձեռքդ վերցնել ու հասկանալ, որ հայրենիքդ է քո ձեռքերում, որ այն պահելու պատասխանատվությունը քոնն է։
– «Հայկի թեւեր». ի՞նչ գործունեություն է ծավալելու եւ ի՞նչ կարեւորություն ունի ձեր այս նախաձեռնությունը, ինչպե՞ս եք պատկերացնում անելիքները, որոնք պիտի կյանքի կոչեն կարեւոր նշանակություն ունեցող այս գործունեությունը։
– «Հայկի թեւեր»-ը նշանակում է, որ Հայի տեսակը չի կոտրվում ոտքեր կորցնելուց, մարմնի այլ մասերի կորստից հետո անգամ, այլ հակառակը՝ պատրաստվում է իր ոգեղեն ԹԵՎԵՐՈՎ ուժգին հարված տալ թշնամուն օդից, երկնքից՝ արծվի պես։ Մենք պարտավոր ենք պատրաստվելու, պիտի ջախջախիչ հարված տանք հակառակորդին, որպեսզի իրականում խաղաղություն տիրի իմ հայրենիքում։ Պետք է լավ զինված ու մարտունակ բանակ ունենալ, պետք է ուժեղանալ ամեն կերպ։ Ես ամեն տեղ դրոշս պիտի բարձրացնեմ։ Աշխարհը պիտի ամեն բնագավառում տեսնի Հայիս ուժը ու բազուկը, հասկանալով, որ հայը իր դրոշը բարձրացրել ու բարձրացնելու է ամեն երկրում՝ անկախ ներկա երկրներից, որը ես միշտ անում եմ հպարտորեն, անվախ ու սիրով։
– Անհատի մակարդակով հնարավո՞ր է իրականություն փոխել, թե՞ այն շատ արագ թիրախավորվում է ապազգային ուժերի կողմից:
– Անհատի ուժը եթե կայանում է հայրենասիրությամբ՝ ապա նա չի կարող լինել մենակ։ Անհատի ուժի դեմ անգամ պետություններն են անզոր, համաշխարհային պատմությունը լի է փաստերով։ Անհատը կարող է նույնիսկ պատմության ընթացքը փոխել, եթե նրա գործն արդար է ու Աստծով, մեծն Թեհլերյանը թող լինի օրինակ։
– Որպես պատերազմով անցած զինվոր, ո՞րն է առաջնային այսօր մեր երկրի փոքրացող սահմաններին տեր լինելու եւ այն անխախտ պահելու համար, իրականության ընկալումից շա՞տ ենք հեռու մեր ապրելակերպով եւ ընդհանրապես կառավարման կարգով, թե՞ սա մեկ այլ քաղաքական հաշվարկ է, որով պիտի կարողանանք շրջանցել աշխարհին պատած փոթորիկի կործանարար ալիքները:
– Քանի որ մեր երկիրն այս պահին վտանգավոր վիճակի մեջ է, մենք պիտի առաջինը սիրենք իրար։ Երկրորդը՝ հասկանանք, որ հակառակորդին մինչեւ ծնկի չբերենք, խաղաղություն չի լինի ու վերջ։ Երրորդ՝ կարեւորը դավաճաններից պետք է ազատվել։ Փոթորիկը կանգնեցնելու համար կառավարական ձեւը պիտի փոխվի։
Հարցազրույցը՝ արվեստաբան
Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
05.04.2024