Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելանելի իրավիճակներ չկան, կան վատ կատարողներ»

Ապրիլ 06,2024 12:30

«Ինչքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, այս իշխանությունները, փաստացի, չկարողացան քանդել միայն եկեղեցին: Եկեղեցին այսօր միակ կառույցն է, որն ունի համակարգային կառուցվածք, համակարգային մոտեցում եւ այս իշխանությունների կողմից բոլոր հարձակումները պատվով պահել է, մնացել է իր դիրքերում՝ չզիջելով ոչ մի քայլ». «Առավոտի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

– Վերջին սոցհարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի հակառեյտինգը 75 տոկոս է: Այս ֆոնին Հայաստանի ներքաղաքական դաշտում բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվում. ընդդիմադիր ուժերն անգամ այս պարագայում չեն կարողանում համախմբվել եւ համախմբել հասարակությանը: Ինչո՞ւ: Սրա պատճառները որո՞նք են, ըստ Ձեզ:

– Ես կարծում եմ, այնուամենայնիվ, հիմնական պատճառը՝ դա մի քանի անգամ ձախողված պայքարն է, որից հետո ուժերի վերականգնումը, բնականաբար, ժամանակ է պահանջում: Բայց խնդիրը միայն համախմբումը չէ: Չնայած դա անհրաժեշտ, առաջնային պայման է, բայց ոչ բավարար: Առաջնային պետք է համախմբվեն բոլոր այն ուժերը, որոնք հակաՆիկոլ են՝ անկախ նրանից՝ նրանք արեւմտամե՞տ են, ռուսամե՞տ են, հայամե՞տ են, վրացամե՞տ են, իրանամե՞տ են, թե ի՞նչ են։ Պետք է համախմբվեն, եթե նրանց պայքարն ազնիվ է:

Իսկ բավարար պայմանն, ըստ իս, պետք է լինի՝ Նիկոլի ֆեյք-խաղաղության ծրագրին այլընտրանքային ծրագիր ներկայացնելը: Հասարակությանը համախմբելու համար անհրաժեշտ են կոնկրետ ծրագրեր, կոնկրետ քայլերով, կոնկրետ ճանապարհային քարտեզով, այդ թվում նաեւ՝ կոնկրետ դեմքերով: Այսպես կոչված՝ ստվերային կառավարության կազմով, սեփական թիմով:

– 2020-ից հետո, ընդդիմադիր բոլոր ձախողված շարժումներից հետո խոսվում է համախմբման անհրաժեշտության եւ այլընտրանքային ծրագիր ներկայացնելու մասին…

– Այլընտրանքային ծրագրի մասին նոր են սկսել խոսել:

– Դատելով նրանից, որ համախմբում չի կայանում, ոչ էլ այլընտրանքային ծրագիրն է միս ու արյուն ստանում, կարելի՞ է ենթադրել, որ պայմանական ասած՝ հակաՆիկոլ, քաղաքական ուժերն այդքան էլ անկեղծ չեն իրենց մղումներում եւ իրականում, նաեւ այլընտրանքային ծրագիր չունեն:

– Գիտեք՝ սուրբ տեղը դատարկ չի մնում: Այդ ժամանակը կարող է ձգվել, բայց դա անվերջ չի կարող լինել. չներկայացնեն իրենք՝ կներկայացնեն ուրիշները, չկարողանան համախմբել, կհամախմբեն ուրիշները:

– Բայց քաղաքական դաշտում վակուումը տեւական ժամանակ է. «նախկին» կոչվող ուժերին հասարակությունը չի ընդունում, ներկաներին՝ առավել եւս, բայց նոր ուժեր էլ չեն ձեւավորվում կամ ձեւավորվողները շատ փոքր են, ոչ ազդեցիկ, իրենց շուրջ հանրային համախմբում տեղի չի ունենում:

– Ես իմ խոսքը հենց դրանից էլ սկսեցի՝ դա անվերջ չի կարող տեւել: Ամեն ինչ իր ժամկետն ունի:

– Մենք ունե՞նք այդ ժամանակը: Մենք ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը եւ նրա գլխին կախված մարտահրավերները:

– Ես մի բան գիտեմ՝ անելանելի իրավիճակներ չկան: Կան վատ կատարողներ: Ժամանակ միշտ էլ կա:

– Առաջին, երկրորդ, երրորդ նախագահները 2020 թվականի պատերազմից հետո ինչ-որ փորձեր արեցին՝ միմյանց ներելու, մեկ հարթակում կանգնելու, բայց դրանք ձախողվեցին ու արդյունքում բաց մնաց կամ լղոզվեց նաեւ քաղաքական պատասխանատվության հարցը: Չե՞ք կարծում, որ անկախ ամեն ինչից՝ այդ թվում նաեւ սեփական ամբիցիաներից ու տարաձայնություններից, այդ երեք դերակատարները պետք է վերցնեն քաղաքական պատասխանատվությունը: Ավելի մեծ բան, քան պետության կորուստն է՝ չկա:

– Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ այդպես պետք է լինի: Կլինի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Ավելին, նրանց պետք է միանա նաեւ կաթողիկոսը: Ինչքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, այս իշխանությունները, փաստացի, չկարողացան քանդել միայն եկեղեցին: Եկեղեցին այսօր միակ կառույցն է, որն ունի համակարգային կառուցվածք, համակարգային մոտեցում եւ այս իշխանությունների կողմից բոլոր հարձակումները պատվով պահել է, մնացել է իր դիրքերում՝ չզիջելով ոչ մի քայլ:

-Լիդերությունը կաթողիկո՞սը պետք է ստանձնի:

– Ես ասացի՝ կաթողիկոսը պետք է միանա երեք նախագահներին, որովհետեւ եկեղեցին, այնուհանդերձ, քաղաքական ենթակառուցվածք չէ:

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930