Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալներ Գնել Թևոսյանի, Մովսես Ազարյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի պատիժը խստացվեց՝ եւս երեք տարով. նրանք 18 տարվա ազատազրկման մեջ կմնան։
Այս մասին Aravot.am-ին հայտնեց Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Ըստ նրա՝ 15 տարվա ազատազրկման դատապարտվածներն իրենք են դժգոհ եղել առաջին ատյանի դատարանի վճռից ու առաջինը իրենք են դիմել Վերաքննիչ դատարան, սակայն արդեն իսկ սահմանված պատժաչափը Վերաքննիչ դատարանի վճռով ոչ թե մեղմացվել, այլ մի բան էլ խստացվել է:
Հիշեցնենք, որ կուրսանտի դին հայտնաբերվել էր 2015 թվականի հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ըստ գործի նյութերի՝ մի քանի զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը, ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին: Ավելի վաղ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողներին դատապարտել էր ազատազրկման 15 տարի ժամկետով։
«Արդարադատությունը լրիվ կլիներ այն, որ մեր հայցը լիարժեք բավարարեին, բայց եթե դա էլ չի եղել, գոնե շնորհակալ եմ, որ Վերաքննիչ դատարանը խստացրեց: Մենք հույս էլ չունեինք, որ նման արդյունք կլինի, քանի որ առաջին ատյանի դատարանը տեսանք՝ ինչպիսի անհասկանալի որոշում կայացրեց, առանձնակի դաժանություն ու խուլիգանական դրդումներով քրեական գործերը հեռացնելով, ոչ մի պատճառաբանություն չասելով: Այսինքն՝ առաջին ատյանի դատարանը գտել էր, որ սովորական սպանություն էր: Ես ուզում եմ իմանալ, որ այդ մարդիկ, որոնք այդ վճիռը կայացրել են, իրենց համար ո՞րն է առանձնակի դաժան սպանություն համարվում, ծնող է, չէ՞, երեխաներ ունի, վերջը դատավոր է, եթե դա խուլիգանական դրդումներով առանձնակի դաժան սպանություն չէ, ապա ի՞նչ կարելի է որակել: Հայաստանում ի՞նչ ձեւի պիտի մարդուն սպանես, որ համարվի առանձնակի դաժան սպանություն, տղայիս երակն էին կտրել, բայց դա փաստորեն առանձնակի դաժանություն չհամարվեց»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նկատեց, որ այս գործով ամբաստանյալները մինչեւ վերջ չընդունեցին մեղքը, չզղջացին, ներողություն չխնդրեցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ