Գյումրու համայնքապետարանն այս քաղաքի բնակիչներին ամենաշատ հուզող խնդրին՝ թափառող շների հարցին լուծում տալու նպատակով ավագանու անդամներից բաղկացած աշխատանքային խումբ է ստեղծել ՝ շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին հորդորելով ներկայացնել ծրագրեր՝ «թափառող շների ստերջացման գործընթացին զուգահեռ շների մեկուսացման, պահպանման, նոր ռազմավարության մշակման աշխատանքների վերաբերյալ»։
Ներկայացվե՞լ են արդյոք ծրագրեր, իրատեսակա՞ն են դրանք, Aravot.am-ն այս հարցն ուղղեց աշխատանքային խմբում ընդգրկված «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանին։
Վերջինս տեղեկացրեց, որ ներկայացվել են չորս առաջարկներ տարբեր կազմակերպությունների կողմից, դրանց մեջ կան և՛ հուզական, և՛ իրատեսական առաջարկներ։
Ըստ ավագանու անդամի, աշխատանքային խումբը պատրաստվում է հրավիրել նրանց, լսել ու հասկանալ՝ որքանով են իրագործելի։
Կարդացեք նաև
Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իր առաջարկով է 15 միլիոն դրամ առանձնացվել համայնքային բյուջեից նոր ռազմավարություն մշակելու նպատակով։ Ըստ նրա, այս առաջարկը ներկայացնելիս՝ ի նկատի է ունեցել այն, որ նոր ռազմավարությունը պիտի փոխկապակցված լինի ստերջացման ծրագրի հետ, որի վրա բյուջեից 40 միլիոն դրամ է ծախսվում։
«Ես առաջարկել եմ ստերջացման համար նոր գործիքակազմ մշակել, մրցույթի նոր պայմաններ սահմանել, վերահսկողական մեխանիզմն ուժեղացնել, պարտադիր հաշվարկել՝ քանի թափառող շուն կա Գյումրիում, քանիսն են ստերջացման ենթակա, ուզում էի, որ այս գործընթացը լիներ բաց, թափանցիկ, քանի որ տարիներ շարունակ այս գործընթացը չէր տվել սպասելի արդյունք։
Այսինքն իմ առաջարկը ստերջացման գործընթացին նպաստելու, արդյունավետ դարձնելու նպատակով էր, քանի որ ՀՀ օրենսդրությամբ թափառող շների հարցի լուծման հիմնական գործիքակազմը ստերջացումն է, իսկ շների համար ապաստարան ստեղծելն ու նրանց պահելը Գյումրու համայնքային բյուջեով անհնար է։
Նաև առաջարկել եմ աշխատանքային խմբի կազմում ընդգրկել մասնագետների, ասենք օրինակ՝ Գյումրու համայնքապետարանի անասնաբույժին, այլապես ավագանու անդամները մասնագետներ չեն, որ իմանան ներկայացվող ծրագրերը արդյունավետ են, թե ոչ։
Քանի որ 2024 թվականի համար ստերջացման մրցույթն արդեն իսկ իրականացվել և իրագործվում է նույն պայմաններով՝ առանց փոփոխությունների, գտնում եմ, որ նոր ռազմավարության իմ առաջարկը չի տալու սպասված արդյունքը․ այդ երկուսը միասին պիտի լիներ փոխկապակցված, ուստի այս գործընթացը համարում եմ ոչ արդյունավետ և զերծ եմ մնալու աշխատանքային խմբի քննարկումներից»,-փոխանցեց Վարդևան Հակոբյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ