ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը:
Ներկայացնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացում այս տարվա փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ասել է. «Այս գործընթացն ուղղված է մասնագետների կարողությունների զարգացմանը և գրանցված արդյունքներով՝ նաև ֆինանսավորման մեխանիզմների կիրարկմանը: Այս տարի ընդլայնվել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը․ կարող են մասնակցել շուրջ քսան ուղղությունների մասնագետներ, որոնցից 8-ն արվեստի, մնացածը՝ սպորտի ոլորտում: Հայտագրումը բաց է մինչև ապրլի 20-ը: Ակնկալում ենք, որ կունենանք ավելի մեծ մասնակցություն նախորդ տարվա համեմատ, ինչը պայմանավորված է աշխատակիցների առավել իրազեկվածությամբ և մասնագիտությունների ցանկի ընդլայնմամբ»:
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ անցյալ տարի այս ոլորտում կամավոր ատեստավորումը հաղթահարել էր 46 աշխատակից. նրանց հետ պարբերական քննարկումներով վեր են հանվել խնդիրներ, որոնց հիմքով ներկայում կարգի փոփոխություն է շրջանառվում՝ այս տարվա մասնակիցների համար սահմանելով նոր կարգավորումներ. «Մասնավորապես՝ գործող կարգով հավելավճարը տրվում է մասնագետի ծանրաբեռնածության համադրությամբ, սակայն փոփոխվող կարգում, անկախ ծանրաբեռնվածությունից, մասնագետը պետք է ստանա հավելավճարի ամբողջական չափաբաժինը»:
Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրվի հետևյալ համամասնությամբ.
Կարդացեք նաև
90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 667 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից,
80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 112 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից,
70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 82 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից:
«Եթե գործող կարգով 60-69 տոկոս հավաքածները համարվում էին ատեստավորված, սակայն հավելավճար չէին ստանում, ներկայում նրանք կստանան 55.333 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման դրույքային ծանրաբեռնվածությունից։ Ամբողջական հավելավճարն աշխատակիցները կստանան իրենց հիմնական աշխատավայրից, քանի որ կան համատեղությամբ աշխատող մանկավարժներ»,- հայտնել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ 2023 թ. սպորտում կամավոր ատեստավորում անցկացվել է 4 մասնագիտությամբ՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո և սամբո: Գրանցվել էր 126 մարզիչ-մանկավարժ, որոնցից ներկայում լրավճար ստանում են 8-ը:
«Հասկանալի է՝ առաջին անգամ էր անցկացվում, և շատերը դժգոհ էին տերմիններից, որոնք առօրյայում մի կիրառում ունեն, մասնագիտական գրականության մեջ՝ այլ: Այս տարի այդ խնդիրը չենք ունենա: Ավելացրել ենք ևս 8 մարզաձև՝ ծանրամարտ, բռնցքամարտ, աթլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե: Այս պահին հայտագրվածները քիչ են, սակայն մարզաշխարհը սիրում է հայտը վերջին պահին տալ. դեռ 2 շաբաթ ժամանակ կա, վստահ եմ, որ թիվը կավելանա»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կամավոր ատեստավորման գործընթացը մշակույթի ոլորտի համար կարևորել է մի քանի տեսանկյունից:
«Ամեն անգամ երաժշտական, արվեստի դպրոցների մանկավարժների հետ հանդիպելիս քննարկվում է աշխատավարձի խնդիրը, և ատեստավորումը հրաշալի հնարավորություն է տալիս էականորեն բարձրացնելու այն: Մյուս կողմից էլ սա լավ հնարավորություն է մասնագիտական զարգացման և գիտելիքի թարմացման տեսանկյունից: Պետք է շարունակաբար քաջալերել՝ չերկմտելու և գնալու այդ քայլին: Ատեստավորված ուսուցիչը վստահություն է ներշնչում նաև ծնողների մոտ՝ որպես որակյալ մասնագետ: Այս պահին հաստատված է 190 հայտ: Մշակույթի ոլորտում ևս ուղղություններն ավելացվել են՝ դաշնամուր, սոլֆեջո, երաժշտական գրականություն, երաժշտական գրագիտություն, ազգային փողային նվագարաններից՝ պարկապզուկ, զուռնա և այլն, ազգային լարային նվագարաններից՝ քանոն, սազ, թառ և այլն, լարային գործիքներից՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կերպարվեստ և կիրառական արվեստ,- հայտնել է բանախոսը և հավելել,- ատեստավորման գործընթացը կարծրացած չէ. յուրաքանչյուր տարի ոլորտի գիտակների հետ քննարկվում են և լավարկվում կարգի դրույթները՝ գործընթացն ավելի մատչելի և դյուրըմբռնելի դարձնելով ուսուցիչների համար»:
Հավելելով գործընկերներին՝ Արաքսիա Սվաջյանն իրազեկել է, որ առաջիկա օրերին ԳԹԿ-ն կհրապարակի բոլոր մասնագիտությունների ուղեցույցները՝ գրականության և հարցերի շրջանակի մասին:
«Ներկայում աշխատանքներ են իրականացվում գործնական բաղադրիչի ավելացման ուղղությամբ․ հաջորդ տարվա համար նոր ձևաչափ ենք նախատեսում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նշվել է նաև, որ արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում հաջորդ տարի կրկին ատեստավորմանը մասնակցելու պարտավորություն չունեն: Անկախ արձանագրված արդյունքից՝ նրանք կարող են շարունակել մասնագիտական գործունեությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ