Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ ի սկզբանե նախատեսվում էր շատ ավելի խորը եւ լուրջ հանդիպում, բայց վերջին օրերին ինչ-որ բան փոխվել է»․Արմեն Բաղդասարյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Ապրիլ 05,2024 18:03

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը։ 

Նշենք, որ Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդես են եկել համատեղ հայտարարություններով։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը 270 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին առաջիկա 4 տարվա կտրվածքով։ Իսկ Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն։ Ռազմական ու անվտանգային ոլորտում աջակցության մասին տեղեկություն չկա։

Արմեն Բաղդասարյան

«Ընդհանուր տպավորությունն այն էր, որ ի սկզբանե նախատեսվում էր շատ ավելի խորը եւ լուրջ հանդիպում՝ շատ ավելի լուրջ արդյունքներով։ Բայց վերջին օրերին ինչ-որ բան փոխվել է, եւ սա ուղղակի Արեւմուտքի կողմից ժեստ էր՝ ցույց տալու համար, որ գործընթացը դեռեւս շարունակվում է։ Այսինքն՝ ընդամենը պաուզա տրվեց, բայց չգիտեմ ինչ պատճառներով, բայց որպեսզի այդ ընթացքը պահպանվի, ժամանակավոր ինչ-որ գումար տվեցին Հայաստանին, մինչեւ իրավիճակը տարածաշրջանում ու աշխարհում ավելի կկարգավորվի»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը։

Հարցին, թե Ադրբեջանից ու Ռուսաստանից հնչող հայտարարություններն ազդե՞լ են այս հանդիպման օրակարգի վրա, վերլուծաբանը պատասխանեց․ «Կարող է, բայց ես չգիտեմ՝ Հայաստա՞նն է վերջին պահին իր մտադրությունները փոխել, թե՞ Արեւմուտքն է վերջին պահին շատ ավելի կոշտ պահանջներ դրել Հայաստանի առջեւ՝ ավելի լուրջ աջակցության դիմաց։ Բայց մի քանի օր առաջ խոսույթը բոլորովին այլ էր, խոսվում էր, որ Հայաստանին պետք է թույլ տրվի մոտենալ արեւմտյան տեխնոլոգիաներին, բայց այդ մասին անգամ որեւէ լուրջ հայտարարություն չեղավ։ Դրա համար ենթադրում եմ, որ ինչ-ինչ պատճառներով օրակարգը փոխվել է, եւ շրջանակը շատ ավելի նեղացվել է, մասշտաբները կտրուկ փոքրացել են։ Սա այն չէր, ինչ ակնկալում էր հայկական կողմը, սա այն չէր, ինչ պատրաստում էր Արեւմուտքը, եթե հաշվի առնենք այն քարոզչական աղմուկը, որը կար բրյուսելյան հանդիպման շուրջ»։

Հարցին, թե իսկ հայկական կողմն ավելի լայն պահանջներ ձեւակերպե՞լ է՝ ուղղված Արեւմուտքին, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց․ «Ես այդպես եմ ենթադրում, որովհետեւ տարբեր տրամաչափի պաշտոնյաների հարցազրույցները, որոնք օրեր առաջ հնչում էին, ենթադրում էին, որ, այո, հայկական կողմը շատ ավելի լուրջ ակնկալիքներ ուներ՝ նույն այդ հասանելիությունը արեւմտյան տեխնոլոգիաներին, արեւմտյան շուկաներին։ Այսինքն՝ Հայաստանի պաշտոնյաներն այդ հարցերը բարձրաձայնել էին որպես կայացած փաստ։ Բայց փաստորեն, դատելով պաշտոնական հայտարարություններից, այդ հարցերը չեն էլ քննարկվել կամ քննարկվել են, բայց տեսանելի արդյունք չի եղել»։

Արեւմուտքը պատրա՞ստ է անվտանգության ոլորտում գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին, հարցին մեր զրուցակիցը պատասխանեց․ «Անվտանգության ոլորտում Հայաստանին գործուն աջակցություն ցուցաբերելու միայն մեկ լծակ ունի Արեւմուտքը՝ համոզել կամ պարտադրել Ադրբեջանին, որ հրաժարվի Հայաստանի նկատմամբ որեւէ ագրեսիվ քայլից։ Ադրբեջանը բնականաբար դրա դիմաց պիտի պահանջի իր գինը։ Այսինքն՝ այստեղ սովորական սակարկություն է տեղի ունենալու։ Եթե այդ սակարկությունը հաջողվի, Ադրբեջանը հարյուր տոկոսանոց երաշխիքներ տա Արեւմուտքին, որ չի հարձակվելու Հայաստանի վրա, դա կլինի երաշխիքը։ Որեւէ այլ երաշխիք, օրինակ, կարճ ժամանակահատվածում Հայաստանի բանակը հզորացնել կամ սպառնալ, որ եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա լինի, պատասխան քայլեր կձեռնարկեն, ես կարծում եմ, որ այդպիսի երաշխիքներ Արեւմուտքը չի տա»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930