Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք Ձեզ կոռեկտ չեք պահում դատական նիստերի դահլիճում»․ Նարեկ Մալյանի գործով նիստը՝ դռնփակ

Ապրիլ 05,2024 17:36

Քիչ առաջ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում եզրափակիչ ելույթների ժամանակ նախագահող դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշում կայացրեց դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։

Նարեկ Մալյանի եզրափակիչ ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ Նարեկ Մալյանի և նախագահող դատավորի միջև։ Նարեկ Մալյանը, մասնավորապես, հայտարարեց․ «Այսօր Ոսկեպարն է վտանգված, ու այնքան անէական է այս ամենը․ անկեղծ ամաչում եմ արդարանալ։ Կարևոր արձանագրում եմ ուզում անել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ պաշտպանական թիմին։ Ըստ էության մենք հաղթել ենք, քանի որ բոլորին ակնհայտ է, թե ինչ է կատարվում։ Ի սկզբանե այս դահլիճում ամեն դատական նիստի ժամանակ իրավաբանությունը բռնաբարվել է։ Լայվը, որ արել եմ, ուներ կիրառական նշանակություն․ իմ որոշումը ցույց տալն էր, քանի որ դուք լավ գիտեք՝ մարդկանց վերագրեցին բռնությամբ զուգորդված կեղծ, շինծու մեղադրանքներ։ Այդ ամենն այնքան կանխատեսելի էր, քանի որ մեր ոչ կոմպետենտ, անգրագետ գլխավոր դատախազը…»։

Այս արտահայտությունից հետո մեղադրող դատախազը, դիմելով Նարեկ Մալյանին, ասաց՝ հանգիստ։ Նարեկ Մալյանն էլ արձագանքեց՝ ի՞նչը հանգիստ, խնդրում եմ չմիջամտել իմ ելույթին։

Նախագահող դատավորը հայտարարեց՝ կիրառում է դատական սանկցիա ու դիմելով Նարեկ Մալյանին, ասաց՝ «քանի որ Դուք Ձեզ կոռեկտ չեք պահում դատական նիստերի դահլիճում և վիրավորում եք հանրային մեղադրողին»։

Նարեկ Մալյանը, դիմելով մեղադրող դատախազին հարցրեց՝ Ձեր անունը Աննա Վարդապետյա՞ն է։

Դատավորն ասաց․ «Նարեկ Մալյան, ես խոսում եմ Ձեզ հետ, հարգանք ունեցեք դատարանի նկատմամբ։ Երբ թույլ տամ, որ շարունակեք խոսել, այդ ժամանակ կխոսեք։ Ես չեմ ավարտել»։

Նարեկ Մալյանն ասաց՝ ես էլ չեմ ավարտել։

Դատավորն ասաց՝ եթե Դուք իմ տեղը լինեինք․․․

Նարեկ Մալյանն ընդհատեց դատավորին՝ Աստված չանի։

Դատարանը որոշեց այսուհետ դատական նիստն իրականացնել դռնփակ, քանի որ ըստ նախագահող դատավորի պատճառաբանության՝ «բացականչություններ են հնչում և խանգարում դատական նիստի ընթացքին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930