Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատման-սահմանագծման ոչ մի գործընթաց սկսված չէ, Ադրբեջանը միակողմանի տարածքներ է ուզում Հայաստանից․ Հրանտ Բագրատյան

Ապրիլ 05,2024 17:28

Ասացիք, որ սկսված է սահմանազատման-սահմանագծման գործընթաց․ ոչ մի գործընթաց սկսված չէ։ Ադրբեջանը միակողմանիորեն ուզում է տարածքներ։ Եթե այս ամենը հասնի սահմանազատման-սահմանագծման գործընթացին՝ դա բոլորովին այլ բան է․ այսօր «Միասին» շարժման հրավիրած քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

Երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյային քննարկվելու է կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը։ «Միասին» շարժումը ԱԺ երեք խմբակցություններին է փոխանցել պահանջագիր՝ քվեարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կատարողականին դեմ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելով եւ հարցը քվեարկության դնելով։ Փաստաթղթի հիմնավորումներում նշված է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է 2021 թվականին ԱԺ-ի կողմից հաստատված եւ օրենք դարձած իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնելով տրամագծորեն հակառակ ուղեգիծ։ Փաստաթուղթն ուղարկվել է նաեւ ԱԺ անհատ պատգամավորներին՝ նրանց առջեւ անձնական պատասխանատվության խնդիր դնելով։

Պահանջագրի բովանդակային քննարկումը տեղի ունեցավ այսօր։

Ըստ Հրանտ Բագրատյանի, այսպիսով, Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը չի ներկայացնում Խորհրդային Ադրբեջանը, այսինքն՝ նրա իրավահաջորդը չէ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ ՀՀ իշխանությունների կողմից 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին հղումը «փուչ հռետորաբանություն» է։ ՀՀ-ն հայտարարում է, որ ինքը խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է։

«Սա նշանակում է, որ Ադրբեջանը որեւէ քարտեզ չի ճանաչի։ Նույնիսկ ամենաադրբեջանանպաստ։ Սա նաեւ նշանակում է, որ սահմանազատման գործընթաց լինել չի կարող։ Հարց է ծագում՝ ո՞րն է լինելու Հայաստանի սահմանը։ Այն սահմանը, որն Ադրբեջանը թույլ կտա մենք ունենանք»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ Մհեր Գրիգորյանը կոնկրետ աշխատանք չի տանում, այլ լղոզված բաներ է անում։

Նարինե Դիլբարյանի դիտարկմանը, որ Մհեր Գրիգորյանի շատ հանդիպումներից նույնիսկ տեղեկություններ չեն հրապարակվում՝ քննարկումների ու պայմանավորվածությունների մասին, Հրանտ Բագրատյանը հակադարձեց․ «Չեղած բանը չենք կարող քննարկել։ Կարող է՝ ոչ մի բան էլ չի պայմանավորվել։ Մհեր Գրիգորյանն այն մարդը չէ, որ կարողանա բան պայմանավորվել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930