Այս ձմեռը վերջին 57 տարիների ամենատաք ձմեռն է եղել․ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4 աստիճանով։ Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լեւոն Ազիզյանը։
Ներկայացնելով տեղումների քանակը, Ազիզյանն ասաց՝ սեպտեմբեր, դեկտեմբեր, հունվար, մարտ ամիսներին հանրապետությունում տեղումների քանակը գերազանցել է նորման, կազմելով նորմայի 150-180%-ը, իսկ մարտ ամսին առանձին հատվածներում՝ 200-250%-ը, հոկտեմբեր, նոյեմբեր, փետրվար ամիսներին ամսական տեղումների քանակը հանրապետության գերակշիռ մասում ցածր է եղել նորմայից, կազմելով նորմայի 40-70%-ը։
«2023-2024 թվակաների ձմեռը եղել է շատ տաք, վերջին 57 տարիների ամենատաք ձմեռն է եղել, նորմայից բարձր 4 աստիճանով։ Մարտին շրջանների մեծ մասում օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 1,5-2 աստիճանով։ Այս տարվա մարտի 25-ի դրությամբ հանրապետությունում ձնածածկ առկա եղել միայն 1600 մետր եւ ավել բարձրություններում, ձյան շերտը՝ 2000 մետր եւ ավել բարձրություններում, այն 70-90 սանտիմետրով ավելի է եղել, քան անցյալ տարվա ձնածածկույթը»,-ասաց Ազիզյանը։
Առաջիկա ամիսներին տաք եղանակ է սպասվում։ Ազիզյանի ներկայացմամբ՝ ապրիլին կանխատեսվում է նորմայից 2-3 աստիճան բարձր օդի ջերմաստիճան, տեղումների քանակը կլինի նորմային մոտ, մայիս- հունիսին եւս օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի՝ 1 աստիճանով։
Կարդացեք նաև
Սեւանա լճի մակարդակը ապրիլ-հունիսին կբարձրանա 33-38 սանտիմետրով, եւ ինչպես Ազիզյանն ասաց, սա վերջին երեք տարիներին ամենաբարձր ցուցանիշը կլինի։
Անդրադառնալով ջրամբարների լցվածությանը՝ մասնագետն ասաց, որ Ախուրյանի ջրամբարի լցվածությունը կկազմի 80-85%, Արփի լիճ ջրամբարը՝ 85-90%, Ապարանի ջրամբարը՝ 50-55%, Ազատի եւ Մարմարիկի ջրամբարները՝ 95-100%:
«Այս տարի հինգ խոշոր ջրամբարներում նախորդ տարվա համեմատ կկուտակվի 240-260 միլիոն խորանարդ մետր ավել ջուր»,-ասաց Ազիզյանը։
«Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ հայտնեց՝ այսօրվանից սկսած հանրապետությունում հաստատված կայուն ռեժիմը կավարտվի, Հայաստանին միջերկրային ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որի ազդեցությունը կզգանք այսօր երեկոյան, առաջիկա հինգ օրերին հանրապետությունը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում։
Շրջանների մեծ մասում, ըստ Սուրենյանի, ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային կարճ անձրեւներ, իսկ 2000 մետր բարձրությունից վեր հատվածներում տեղումները կլինեն թաց ձյան եւ ձյան տեսքով։
Վերջին հինգ օրերին բավականին բարձր ջերմային ֆոն է եղել, նորմայից բարձր 3-4 աստիճանով, դրա պատճառը, ըստ Սուրենյանին, Արաբական թերակղզուց ներթափանցած արեւադարձային տաք օդային հոսանքներն էին։ Սակայն վաղվանից եղանակը կփոխվի։
«Վաղվանից սկսած հյուսիս-արեւելքից մեր երկիր կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ եւ օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ը, միայն ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 14-15 աստիճանով»,-ասաց Սուրենյանը։
Մասնագետները, չնայած օդի ջերմաստիճանի նվազմանը, ցրտահարության վտանգ չեն կանխատեսում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ