Այսօր լրագրողների հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ իր տեսակն ուզում են վերացնեն, դրա համար նման մեղադրանք են առաջադրել:
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր նրա ու նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի նկատմամբ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը:
Հարցին՝ դուք ասում եք՝ սա քաղաքական հետապնդում է, բայց ձեզ ինչո՞ւ պետք է քաղաքական հետապնդման ենթարկեին, եթե 2018-ին դուք հրապարակում կանգնել ու գոռում էիք՝ «Ճվա, քայլ արա մերժիր Սերժին»:
Կարդացեք նաև
Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Քու ուշք ու միտդ էլ էդ է, գիշեր-ցերեկ էդ քո սարքած է, բանմ էլ գտել ես: Որ ասում էի՝ «քայլ արա, մերժիր Սերժին», ե՛ս էի ասում, լա՛վ էի անում, շատ լավ եմ արել, հիմա էլ եմ ասում՝ շատ լավ եմ արել, չեմ էլ վախենում ոչ մեկից: Բայց եթե հանկարծ ինձ նորից մի հատ սպանություն դնեն՝ ինձ, տղայիս, մյուսին, ես կասեմ դա ով է անողը: Շատ լավ եմ արել, դեմ եմ, էսօր էլ եմ դեմ նմանատիպ մարդկանց: Էսօրվա ղեկավարին էլ եմ դեմ ու էդպես շատերին եմ դեմ: Ես ուզում եմ, որ երկրում իրոք հավատացյալ, իրոք խիղճ ունեցող էնպիսի մարդիկ լինեն, որ իրոք ժողովրդին տեր ու տիրական լինեն»:
Նա սկսեց հարց տվող լրագրողներին ասել, թե որ ԶԼՄ-ից որ ԶԼՄ են տեղափոխվել, երբ հիշեցրին, որ ինքն էլ մոլի ՀՀԿ-ական էր, հետո ԲՀԿ ցուցակով մտավ խորհրդարան՝ պատասխանեց. «Կուսակցական չդարձա բայց, լավ արեցի: Էն ժամանակ էլ, որ ՀՀԿ-ական եմ եղել, իրենք են խնդրել, որ փրկեմ իրանց, որ շատացնեմ, լավացնեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ