«Ազատություն». Հայաստանի վարչապետը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, Բելգիա, 5-ը ապրիլի, 2024թ.
Մոտ կես ժամ առաջ մեկնարկեց Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումը։ Սա առաջինն է նման ձևաչափով, և հանդիպման մեկնարկին ղեկավարները հայտարարեցին, որ դրա օրակարգում են լինելու Հայաստանի տնտեսական դիմացկունության ամրապնդմանն ու բարեփոխումներին վերաբերող հարցեր։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաղորդեց, որ Բրյուսելը պատրաստ է հավելյալ 270 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին առաջիկա չորս տարում՝ տնտեսության զարգացման, մասնավորապես փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար։
«Մենք ներդրումներ ենք անելու Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր և ցնցումներին դիմակայուն դարձնելու համար։ Մենք կաջակցենք ձեր բիզնեսին, ձեր տաղանդներին, հատկապես ձեր փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի կարողանաք օգնել նրանց զարգանալ, նորարարություններ կատարել և մուտք գործել նոր շուկաներ: Եվ մենք ներդրումներ կանենք հիմնական ենթակառուցվածքային նախագծերում, օրինակ՝ Սև ծովի էլեկտրահաղորդման մալուխում, որը հնարավորություններով լի հաղորդման երթուղի է։ Այն կարող է հատկապես Եվրոպա բերել մաքուր, վերականգնվող էներգիա», – նշեց ֆոն դեր Լայենը:
Կարդացեք նաև
«Մենք միևնույն տեսակետներն ու արժեքներն ենք կիսում»
«Մենք այս հանդիպման մասին պայմանավորվել էինք անցած հոկտեմբերին, հայտարարել, որ պատրաստ ենք ուս ուսի կանգնել Հայաստանի կողքին և այժմ կատարում ենք այդ խոստումը», – շարունակեց Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը՝ բարձր գնահատելով Հայաստանի բարեփոխումները, ինչպես նաև քայլերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու հարցում։
«Սա ցույց է տալիս, որ մենք միևնույն տեսակետներն ու արժեքներն ենք կիսում», – ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ԱՄՆ-ն ուզում է տեսնել Հայաստանը՝ որպես բարգավաճող ու կայուն երկիր, որը խաղաղ է հարևանների հետ
Միացյալ Նահանգների պետքարտուղարը ևս ընդգծեց, որ Վաշինգտոնը հանձնառու է աջակցել Հայաստանին։ ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլարի աջակցություն։
Բլինքենը շեշտեց՝ Նահանգները ուզում է տեսնել Հայաստանը՝ որպես բարգավաճող ու կայուն երկիր, որը խաղաղ է հարևանների հետ։
«Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրացիան կենսական նշանակություն ունի», – հայտարարեց Էնթոնի Բլինքենը, ընդգծելով, որ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որին Բաքուն մինչ օրս պաշտոնապես չի արձագանքել։
«Ավելի կայուն ու ուժեղ Հայաստանը նշանակում է ավելի կայուն ու ուժեղ Հարավային Կովկաս»
Ինտեգրացիոն այս ծրագրի մասին խոսեց նաև Եվրամիության արտգործնախարարը։ Ժոզեպ Բորելը, ի դեպ, նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը տեղի է ունենում արդեն գործող մեխանիզմի՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակներում։ Որևէ նոր համաձայնագրի կամ դրա հնարավորության մասին այսօր խոսք չեղավ։
«Երկու ամիս առաջ մենք Հայաստանի հետ գործընկերության խորհրդի հանդիպում ունեցանք այստեղ Բրյուսելում, և արդեն պարզ էր, որ մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղով, դրանք առավել քան ամուր են, և փոխադարձ հետաքրքրություն կա դրանք ավելի զարգացնելու։ Եվ ահա այսօր մենք այդ գործընկերությունը նոր մակարդակի վրա ենք դնում մեր ամերիկացի ընկերների հետ, միավորում ենք մեր ուժերը՝ ցույց տալու մեր ուժեղ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և դիմակայունությանը», – հայտարարեց ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Հայաստանը դեռ պետք է շարունակի աշխատել բարեփոխումների վրա, որպեսզի մեծացնի իր դիմակայանությունը, և այս ջանքերը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս կկազմեն, շարունակեց Բորելը՝ հավելելով, որ սա նաև կմեծացնի հայաստանյան հասարակության դիմակայունությունը. – «Ավելի կայուն ու ուժեղ Հայաստանը նշանակում է ավելի կայուն ու ուժեղ Հարավային Կովկաս, որից օգուտները կքաղեն տարածաշրջանի բոլոր երկրները»։
Հայաստանը պատրաստակամ է շարունակել բարեփոխումներն ու Արևմուտքի հետ սերտ հարաբերությունները
Հայաստանի վարչապետը երախտագիտություն հայտնեց կողմերին այս շարունակական հանձնառության համար, ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել բարեփոխումներն ու Արևմուտքի հետ սերտ հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանը նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից խոսեց՝ հիշատակելով հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Ալմա-Աթայի հռչակագրին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
ՀԵՂԻՆԵ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ