Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կրթական բազմաթիվ հաջողված ծրագրեր ունի». ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ հանդիպմանն ասել է Ժաննա Անդրեասյանը՝ առաջարկելով փորձի փոխանակում իրականացնել 

Ապրիլ 05,2024 15:36

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։

Գաբրիելա Ռամոսի հետ

Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության, ոչ նյութական ժառանգության պահպանության, մշակութային բազմազանության խրախուսման վերաբերյալ։

Այս համատեքստում խոսվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին` կարևորելով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքի իրացման հարցերը։

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԼՂ տարածքում վտանգված են հայկական պատմամշակութային շուրջ 5000 անշարժ հուշարձաններ:

Էռնեստո Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության և աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է հակամարտությունների արդյունքում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելություններին և վերականգնմանը մասնակցելու առումով։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրներ և Որոտանի հովտի հարակից տարածքներ» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար: Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ «Վերականգնելով Մոսուլի ոգին» ծրագրի շրջանակում մարտ ամսին ավարտվել է Մատենադարանի մասնագետների այցը Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոն՝ նշելով, որ հայկական կողմը կարևորում և խրախուսում է Մատենադարանի ներգրավումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերում։

Նախարարը նաև կարևորել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակցության հետագա զարգացումը։ Այդ համատեքստում նախարարը հաստատել է, որ 2025 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կկազմակերպվի համերգ՝ նվիրված ֆրանսահայ շանսոնյե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Շառլ Ազնավուրին, իսկ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ նվիրված նշյալ կոնվենցիայի կիրարկմանը:

Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին՝ Փարաջանովին նվիրված հոբելյանական միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հյուրընկալելու և միջոցառումներին մասնակցելու համար։

Նույն օրը կայացել է ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։ Քննարկումները ծավալվել են Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների, մշակույթի և արվեստի կրթության նոր ձևաչափի, Աբու-Դաբիի որոշումների, ինչպես նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի շուրջ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է 2023 թվականի հոկտեմբերին Հայաստան փաստահավաք առաքելություն այցի արդյունքների մասին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի կազմակերպումն էր։ Նախարարն առանձնահատուկ կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում:

Ստեֆանիա Ջանինին ընդգծել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրն անչափ կարևոր է, քանզի հատկապես փախստական և բռնի տեղահանված երեխաները հատուկ աջակցության և ուշադրության կարիք ունեն։ Քննարկման ընթացքում նաև շեշտել է մշակութային կրթության վեկտորի զարգացման Հայաստանի հանձնառությունը:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանը բազմաթիվ կրթական, այդ թվում՝ ներառական կրթության հաջողված ծրագրեր և նախաձեռնություններ ունի՝ առաջարկելով իրականացնել փորձի փոխանակում։

Ժաննա Անդրեասյանը կարևորել նաև «խաղաղ կրթության» ապահովումը տարածաշրջանում, որն առանձնակի նշանակություն ունի ՀՀ-ի համար` նշելով, որ այս հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը կարևոր է:

Նախարարը հաջորդաբար հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ էր։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և կրթության ոլորտներին վերաբերող կոնվենցիաների աշխատանքներին: Նա նաև կարևորել է երիտասարդության հարցերով ոլորտային համագործակցության զարգացումը` ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը։

Գաբրիելա Ռամոսը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի մասին` ներկայացնելով երիտասարդության, ռասայական խտրականության դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունը։

Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում ՀՀ-ում մշակվում է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ակնկալում են ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական եզրակացությունը:

«Մեզ համար հետաքրքրիր է նաև ընդդեմ խտրականության և ռասիզմի դեմ պայքարի շրջանակում համագործակցության ծավալումը, քանի որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում «Խաղաղ կրթություն» կարգախոսով և փորձում է առաջ մղել այդ գաղափարը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Գաբրիելա Ռամոսն ընդգծել է, որ երիտասարդական քաղաքականություն իրականացնելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևորում է միջմշակութային երիտասարդական ծրագրերի իրականացումը, և այս առումով ՀՀ փորձը շատ հետաքրքիր է։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930