Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տեսակի՛ դեմ գործ ունեն, իմ տեսակը, որ հայրենասեր է, հավատք ունի, խիղճ ունի, չի կոտրվի, իրանց «ստուկաչը» չէ, դրա համար էլ էդպես է». Վարդան Ղուկասյան

Ապրիլ 05,2024 15:32

«Երկրի 70%-ը էսօր դատ ու դատաստանի տակ է ընկնում, էլ ինչի՞ մասին է խոսքը, էսպես երկիր չեն պահում՝ բռնել տալով, պատին ծեփելով, գետին պառկեցնելով՝ էդպես չեն ապրում ու ապրեցնում: Էս ղեկավարները պիտի կարողանան ապրեն ու ապրեցնեն, ոչ թե էս ձեւի անեն: Եթե այս մեղադրանքները այդպես լինեին, գյումրեցիները ինձ էդքան ձայն չէին տա մինչեւ էսօր: 5 անգամ ընտրվել եմ՝ առանց կաշառքի, առանց կեղծիքի: Օֆիսս նստած՝ վերջում էլ երկու անգամ պատգամավոր եղա: Դա նշանակում է, որ էդ մարդիկ ինձ սիրում ու հարգում են»,- Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց իր ու որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի նկատմամբ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների մեղադրանքին:

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում այդ գործի քննությունն էր:

Ըստ մեղադրանքի, 1999-2012 թվականներին Վարդան Ղուկասյանը, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին, համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության բաժնի պետերի օժանդակությամբ ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք: Անշարժ գույքերի՝ օտարման օրվա դրությամբ կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:

Արդյունքում՝ Վարդան Ղուկասյանը պետության և համայնքի շահերին պատճառել է էական վնաս, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլն 60 հազար 815 դրամ կադաստրային արժեքով 4 անուն անշարժ գույքերը: Գույքերի մի մասը Վարդան Ղուկասյանն օտարել է «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել ինքն ու եղբայրը, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, իր ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին, հետո տվյալ հողամասը փոխանցել է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին:

Վարդան Ղուկասյանին հարցրեցինք՝ եթե հանիրավի են մեղադրում, բա դատախազի ներկայացրած փաստերը, որ ապօրինի աճուրդներ են եղել, փաստաթղթեր ու ստորագրություններ են կեղծվել, ի՞նչ է նշանակում՝ նա պատասխանեց. «24 գործի մասին է խոսքը, որից 10-ը Բալասանյան Սամվելի օրոք էր, էս տղեն չգիտի էլ հավանական է: Էս 10 գործը իմ օրոք էլ չի եղել, Ղուկասյան Վարդանի վրա մեղադրանքը դրել են, բերել դատարանում կարդում են: Խայտառակություն է»:

Հարցին՝ ձեր դեմ ի՞նչ ունեն, որ ձեզ այսպես ուզում են «փուռը տալ»՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Իմ տեսակի՛ դեմ գործ ունեն: Իմ տեսակը, որ հայրենասեր է, հավատք ունի, խիղճ ունի, չի կոտրվի, իրանց «ստուկաչը» չէ, դրա համար էլ էդպես է: Սա իմ տեսակն է, որ իրանց դուր չի գալիս, դրա համար 2007 թվականին պահ մտան, հարձակվան, խփեցին, 4 տղեն մահացան, մենք էսօր «ինվալիդ» ենք կանգնած ու այսպես շարունակական: Էս վերջի անգամ էլ տղուս տարան, 7 ամիս պահեցին, վերջում արդարացրեցին, էս է, ուրիշ ի՞նչ կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930