Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում ինչ կառուցվել է՝ էս տղու շնորհիվ է կառուցվել, փոխանակ մի բան էլ ինձ մեդալներով պարգեւատրեք, բերել կանգնեցրել եք էստեղ». Վարդան Ղուկասյան

Ապրիլ 05,2024 14:52

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի նկատմամբ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք թույլ տալու գործի քննությունն էր:

Ըստ մեղադրանքի, 1999-2012 թվականներին Վարդան Ղուկասյանը, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին, համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության բաժնի պետերի օժանդակությամբ ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք: Անշարժ գույքերի՝ օտարման օրվա դրությամբ կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:

Արդյունքում՝ Վարդան Ղուկասյանը պետության և համայնքի շահերին պատճառել է էական վնաս, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլն 60 հազար 815 դրամ կադաստրային արժեքով 4 անուն անշարժ գույքերը: Գույքերի մի մասը Վարդան Ղուկասյանն օտարել է «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել ինքն ու եղբայրը, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, իր ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին, հետո տվյալ հողամասը փոխանցել է Վարդան Ղուկասյանի որդուն`Սպարտակ Ղուկասյանին:

Դատական նիստին Վարդան Ղուկասյանը եւ իր բարեկամները, պաշտպանական կողմը դեմ էր, որ տեսանկարահանում լիներ, անգամ լուսանկարմանն էին դեմ: Վարդան Ղուկասյանն ասաց, որ լրագրողները իրեն դիտավորյալ գեշ են հանում, պատճառը դա է:

Նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ դուք մեղադրվում եք մի շարք օտարման ոչ ենթակա հողամասեր օտարելու, նաեւ պատմամշակութային հուշարձան վնասելու համար, ո՞րն է ձեր դիրքորոշումը՝ պատասխանեց. «Ես ծիծաղում էի, չէի՞ք զգում: Ստացվում է, որ 2009-ից մինչեւ 2012-ը Գյումրիում ապրող բնակիչները՝ 157 հազար բնակչության տեղը պատասխան պետք է տա Վարդան Ղուկասյանը, այսինքն, բոլորի տեղը պետք է ես պատասխան տամ: Էսպես են հավանաբար ՀՀ օրենքները: Ինչ ներկայացվեց,միայն ծիծաղի առարկա է, որովհետեւ ոչ մի օրինական հստակ փաստարկ, որ Վարդան Ղուկասյանը մեղավոր է… չհասկացա, թե ինչում եմ ես մեղավոր:

Պատմամշակութային 1700 հուշարձան պաշտպանել է էս մարդը: Քաղաքում տեսեք ինչքան հուշարձաններ կան, որ էսօր-էգուց փլվելու են: Մի հուշարձանի մասին է խոսքը, որ գաք տեսնեք՝ փրկել ենք: 1800 թվականի հուշարձանը վերակառուցվել է նույն ձեւով, ուղղակի հարցը դա չի, հավանական է՝ մարդիկ ուզում են խլել: Գիտե՞ք ինչ, «Օազիս» սրճարանը, որ ասում են, դա 60 հոդվածի սահմանափակումների մեջ չի մտնում,Կադաստրը ներկայացրել է, փաստաթղթերը կան: Քաղաքի հատակագծի մեջ ֆիքսած է: Սայաթ-Նովայի շենքը, որ ասում են, այնտեղ գրված է՝ կիսակառույցի տեղը կառուցել են նորը: Նույն ձեւի շենք 10 մետրի վրա կա մոտիկ գալող չկա: Այգու մեջ հիմա «Դոմուս» կենտրոն են կառուցել հսկայական, Մայր Հայաստանում հյուրանոց են կառուցում:

Իմ օրոք քաղաքի հատակագիծ չի եղել, 2006-ին մի հատ էսքիզ են բերել տվել, էդ էսքիզի վրա մենք աշխատել ենք: Երբ որ նմանատիպ հողատարածքներ են եղել, մարդիկ ուղարկել են մարզպետարան, Քաղաքաշինության նախարարություն, պտտվել է, թույլտվությունը ստացել է, հետ է եկել: Հիմա իրենք հավանական է՝ էդ թղթերը ավերել են, պատռել են, կերել են, չգիտեմ ինչ են արել, ասում են՝ էդ փաստաթղթերը չկան: Եթե չկան, ամեն տարի Քաղշինը ստուգել է Գյումրու քաղաքապետարանի էդ գործերը, մարզպետարանը նույնությամբ ստուգել է, վարչապետի վերահսկողական ծառայությունը ստուգել է, նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգել է, ոչ մի բան ոչ մի տեղ չեն գտել, հիմա 14 տարի է անցել՝ նոր միամիտ պատահական ինչ-որ մի բան են ուզում հայտնաբերեն:

Ինչ իրենք ասում են՝ ընդամենը 30 մլն դրամի մասին է խոսքը, էդ 30 մլն-ը հլը պիտի ապացուցեն, որ էդպիսի բան կա, որովհետեւ բոլոր այդ կառույցները, որ օտարվել են, իր նախնական գնով, որ գնահատել են, դրանից բարձր գնով վաճառել են: Մարդիկ երկրաշարժից հետո շենք-շինություն, բնակարան են կառուցել, դրա համար 15 հազար քառակուսի մետրը թուրքին տվեցին, հիմա երկրաշարժից հետո բնակարան կորցրած մարդկանց տվել ենք, որ շենք-շինություն կառուցեն, դրա համար ինձ մեղադրա՞նք եք առաջադրում: Գյումրիում ինչ կառուցվել է՝ էս տղու շնորհիվ է կառուցվել, փոխանակ մի բան էլ ինձ մեդալներով պարգեւատրեք, բերել կանգնեցրել եք էստեղ, յանի… էդ ինչքա՞ն գործ էր, խայտառակություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930