Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերջին 33 տարիների ընթացքում դժվար է վկայակոչել մի ժամանակահատված, երբ հավաքական արևմուտքը փորձի այսքան սիրաշահել օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին. Ստեփան Հասան-Ջալալյան

Ապրիլ 05,2024 13:42

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՐԵՎՄՈւՏՔԸ «ԾՆԿԻ Է ԵԿԵԼ» ԱՊՇԵՐՈՆԻ ՍՈւԼԹԱՆԻ ԱՌՋԵՎ

Ինչպես հայտնի է 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը քննարկվելու են հիմնականում տնտեսական բնույթի հարցեր:

Նախքան հանդիպումը ապրիլի 3-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևին է զանգահարել Էնթոնի Բլինքենը, իսկ ապրիլի 4-ին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Վերջիններս սուլթանին հավաստիացրել են, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Վերջին 33 տարիների ընթացքում դժվար է վկայակոչել մի ժամանակահատված, երբ հավաքական արևմուտքը փորձի այսքան սիրաշահել օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին:

ԱՄՆ պետական քարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի վերոնշյալ վարքագծի դրդապատճառները լավագույնս բնութագրում են Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի վերջերս Բաքվում հնչեցրած որոշ հայտարարություններ:

2024թ. մարտի 18-ին աշխատանքային այցով գտնվելով Բաքվում և հարցազրույց տալով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, մասնավորաբար, հայտարարել է. «Ադրբեջանը ՆԱՏՕի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության տեսանկյունից, հատկապես, երբ Ռուսաստանը սկսեց արդյունավետորեն օգտագործել գազը որպես գործիք՝ փորձելով շեղել ՆԱՏՕի դաշնակիցներին Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժումից: Եվրոպայում ՆԱՏՕի դաշնակիցների համար չափազանց կարևոր էր հրաժարվել ռուսական գազից։ Այս առումով, Ադրբեջանից մատակարարումների ավելացումը թույլ է տվել Եվրոպայում ՆԱՏՕի դաշնակիցներին վերացնել իրենց կախվածությունը Ռուսաստանից՝ որպես գազ մատակարարող։ Այս ամենն արվել է շատ արագ, արդյունավետ և բավականին հաջող՝ հաշվի առնելով շատ ծանր հանգամանքները։ Այժմ անհրաժեշտություն կա ավելի մեծացնել ադրբեջանական գազի արտահանումը մոտավորապես 12 միլիարդից մինչև 20 միլիարդ խորանարդ մետր, ինչը կազմում է Եվրոպայում գազի սպառման զգալի մասը, և որոշ դաշնակիցների համար Ադրբեջանի գազը շատ կարևոր է:

Բացի բնական գազի մատակարարումից, ողջունում եմ նաև էլեկտրահաղորդման գծերի միջոցով էլեկտրաէներգիայի արտահանման աշխատանքների մեկնարկը։ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ուղղակի արտահանումն է՛լ ավելի կմեծացնի նրա նշանակությունը՝ որպես Եվրոպայի, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕի դաշնակիցների համար էներգիա մատակարարող երկիր։»:

Ահա թե որն է «ժողովրդավար» ԱՄՆ-ի և Եվրոպայի լռության պատճառը, երբ ինը ամիսներ շարունակ արցախահայությանը սովահար անելուց հետո, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, հինգերորդ անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2023թ. սեպտեմբերի 19-ին չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:

Փաստորեն կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար կարևոր ու առաջնահերթ դեր ունեն ամեն նյութականը, այլ ոչ թե ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, որոնք այդքան թմբկահարվում են:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930