Բրյուսելում այսօր՝ ապրիլի 5-ին նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումից պաշտոնական Երեւանը ֆինանսական աջակցության ակնկալիքներ ունի։
Մինչդեռ, հիշեցնենք, 44-օրյա պատերազմից հետո էլ էր Արեւմուտքը մեր երկրին խոստացել 2,6 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրել, մի մասը՝ գրանտ, մի մասը՝ վարկ, որն այդպես էլ մնաց թղթի վրա, առայսօր ընդամենը 150 միլիոն են այդ գումարից հատկացրել։ Իշխանությունների պահվածքը տնտեսագետ Ատոմ Մարգարյանը համեմատում է հայտնի ֆիլմի հերոսների հետ․ ««Ոսկե հորթի» հայտնի հերոսներին են հիշեցնում, երբ մեկը մյուսին հարցնում է՝ որքա՞ն է քեզ պետք՝ երջանիկ լինելու համար, կոնկրետ թիվ է ասում, հիմա մեր իշխանություններինն է․․․ Անհեթեթությունն էլ պետք է սահման ունենա։ Ո՞վ է իրենց իրավունք տվել առեւտուր անել, երկիրը հանել աճուրդի, ո՞ր լիազորություններով։ Ես խորհուրդ կտամ՝ բացել իրենց նախընտրական ծրագիրը եւ կարդալ, այդօրինակ բազարների մասին գրե՞լ են․․․ սա ցույց է տալիս, որ ոչ թե քաղաքական գործիչների հետ գործ ունենք, այլ փողոցում խառը կանաչի վաճառող բազազների հետ։ Նման մակարդակի զրույցներ վարելը, թե իբր Արեւմուտքը կգա, մեզ կփրկի թուրքի երախից եւ մեզ կպաշտպանի, ուղղակի մանկամիտ խոսակցություններ են»։
Մարգարյանի համոզմամբ, ԵՄ-ն այսօր ինքն ունի աջակցության կարիք․ «ԵՄ-ն այսօր ասեղների վրա է նստած, քայքայվող, փլուզվող ռեգիոն է, ԵՄ-ն դարձել է անգլո-սաքսոնական զույգի աղքատ սատելիտը, ինչի՞ մասին է խոսքը։ Նրանք մեծ խնդիր ունեն իրենց տնտեսությունների հետ, ինչո՞ւ պիտի մեզ գումարներ տան: Ուկրաինային էլ էին խոստացել զինել, հիմա ԵՄ զինապահեստները դատարկ են, ակնհայտ է, որ բթացած եվրոպական ժողովուրդները հիմա արթնանում են, մեկը մյուսի ետեւից նրանց կառավարություններն ընկնում են»։
«Իսկ մեզ տված խոստումները նման են ձկան խայծի՝ գցում են ու ոնց պետք է՝ սկսում կառավարել: Կոռումպացված, վարկաբեկված էլիտաները, այո, մշտապես քարոզչական հնարքներով փորձում են մնալ ջրի երեսին, բայց, ինչպես հայտնի է, փրփուրներից չես կարող երկար կախվել։ Ի վերջո, ոչ մեկին իր սիրուն աչքերի համար միլիարդավոր դոլարներ չեն տալիս, եթե, իհարկե, սեղանի վրա քո տարածքներն ու պետականությունը չեն, իսկ սրանք այդ գումարները լցնելու են իրենց անձնական հաշիվների վրա, լցնելու են շվեյցարական բանկեր։ Չեք կարող դրսից ողորմություն բերել ու բանակը զինել, ձեզ թույլ չեն տա, գումար տվողները հիմար չեն, եթե նույնիսկ տան, կասեն` գնացեք, շրջանցող ճանապարհներ սարքեք, Նոյեմբերյանից դեպի Բավրա, Այրում գնացող: Սա ծրագիր է, կշարունակեն այնքան, մինչեւ մնա Հայաստանից մի Երեւան»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: