ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին (D-MA), Բիլ Քեսիդին (R-LA), Թոմ Թիլիսը (R-NC) և Գարի Փիթերսը (D-MI) նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին՝ որպես բանակցությունների նախապայման, առաջնահերթություն տալ հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, որոնք ապօրինաբար կալանավորված են Ադրբեջանի կողմից, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նամակը, որը կոչ է անում Պետդեպարտամենտին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտումների ակտ, ընդգծում է Բայդենի վարչակազմի կողմից միջազգային երաշխիքների ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի պաշտպանությունը ապահովելու անհրաժեշտությունը: Թեև Բայդենի վարչակազմը պաշտոնապես հաստատել է վերադարձի իրավունքը մի քանի հրապարակային հայտարարություններով, այն չի ձեռնարկել որևէ շոշափելի գործողություն՝ երաշխավորելու ապահով և անվտանգ պայմանները, որոնք անհրաժեշտ են հայերի՝ հետապնդումից զերծ լինելու և իրենց տներում խաղաղ ապրելու համար: