Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոռետեսական սցենարի հավանականությունը

Ապրիլ 05,2024 10:00

Դժվար է քննադատել այն կտրուկ քայլերը, որոնք ձեռնարկում են ՀՀ այսօրվա իշխանությունները, որպեսզի «ռուսներն այստեղից ռադները քաշեն» (եթե օգտագործենք այդ՝ իշխանությունների կողմնակիցների բառապաշարը): Նախորդ հոդվածներից մեկում գրել եմ «լռության պարույրի» մասին: Մարդիկ վախենում են հայտնվել մարգինալ փոքրամասնության մեջ եւ, լավագույն դեպքում, լռում են: Իսկ ավելի հաճախ  միանում են բարձրաձայն (կասեի անգամ՝ ճղճղան) եղանակով հնչող կարծիքին: Այդ դեպքում, եթե չես կրկնում «ռադները քաշելու» թեզը, վտանգ կա, որ քեզ կպցնելու են «ռսաստրուկի» պիտակը կամ որեւէ նման բնորոշում, որը կա իշխանական քարոզչության զինանոցում:

Բայց քանի որ ինձ համար բացարձակապես միեւնույն է, թե ինչ տպավորություն եմ ես թողնում մարդկանց վրա, ես իմ մտահոգությունն, այնուամենայնիվ, կհայտնեմ: Ո՞վ գիտի, գուցե կան չնախապաշարված մարդիկ (լավ կլիներ, որ լինեին նաեւ քաղաքական վերնախավում), որոնց իմ գրածները թերեւս պետք կգան:

Իշխանությունն իր ներկայացուցիչներով, կողմնակիցներով եւ քարոզիչներով ներկայացնում է միայն լավատեսական սցենարը՝ մենք քաղաքականապես, տնտեսապես եւ ռազմական առումով ինտեգրվում ենք Արեւմուտքի մեջ ու դուրս ենք գալիս Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Լավատեսության հիմքն այն հավատն է, որ Արեւմուտքն ամբողջությամբ անկեղծ է մեզ հետ հարաբերություններում, նա զմայլված է մեր «ժողովրդավարությամբ» եւ, հետեւաբար, նրա ուշքն ու միտքը մեզ զինելն է եւ թուրք-ադրբեջանական հարձակումից պաշտպանելը:

Բայց մենք ունենք պատմական փորձ, այդ թվում՝ 20-րդ դարի առաջին տասնամյակների: Եվ այդ փորձը մեզ հուշում է հոռետեսական (իրատեսական) սցենարի հնարավորությունը: Ադրբեջանը Ռուսաստանի խրախուսմամբ նոր պատերազմ է սկսում, Մակրոնն ու Բլինքենը խիստ դատապարտող հայտարարություններ են անում, բայց մեզ ոչ մի գործնական (ռազմական) աջակցություն չեն ցուցաբերում: Հերթական պարտությունից հետո նույն Փաշինյանը դարձյալ գնում է ռուսների դուռը՝ դա նրանից միանգամայն սպասելի է: Նրանք, ովքեր այսօր փրփրած խոսում են ռուսների՝ «ռադները քաշելու» օգտին, հիանալու են նրա իմաստությամբ եւ «օրհնելու են էն սհաթը»: Կամ՝ ներկայիս վարչապետը հեռանալու է, եւ նույնն անելու են մերօրյա «Մռավյաններն» ու «Կասյանները», պայմանականորեն ասած՝ ընդդիմությունը:

Անկախ նրանից, թե ով է դա անելու, Ռուսաստանի հովանավորության պայմանները լինելու են ի վնաս մեր ինքնիշխանությանը: Եվ դրա պատճառն այսօրվա հախուռն, անհավասարակշիռ քաղաքականությունն է:

Առաջարկում եմ առանց էմոցիաների մտածել այդ՝ երկրորդ սցենարի հնարավորության մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հեղինակը շատ ճիշտ նկարագրեց այն ծրագիրը, որի համար նիկոլը նշանակվել է կրեմլի կողմից և սերժից հանգիստ ստացել իշխանությունը։ Իշխանության հանձնման-ընդունման ժամանակ սերժը նիկոլին բացատրել է, որ ոստիկանությունն այսուհետ քոնն է լինելու։ Դե նիկոլն էլ ուրախ-ուրախ սկսել է ամբիոնից վանկարկել. “ոստի-կանը-մեր-նէ, ոստի-կանը-մեր-նէ” ու իբր “թավշյա հեղափոխություն” է արել։
    Ինչ վերաբերում է հեղինակի նշած երկրորդ սցենարին, ապա դրա մասին մեզ մտածելու ժամանակ չեն տալու և դա կիրառելու են ռուսները Հայաստանը “փրկելու” ժամանակ։ Իսկ մեր օրերի “մռավյանն” ու “կասյանը” կգբ-ում երևի արդեն վերապատրաստում են անցնում։

  2. Լավատես says:

    Բարի եւ չար ոստիկանների սցենարի մեջ ենք ամեն անգամ հայտնվում, սկզբից չարը սահմանի քոչվորներն էին եւ բարին՝ քրիստոնյա հնդեւրոպական լեզվաընտանիքի սապոգը, այսօր այդ սապոգը ավտոկրատ է եւ դրա համար դարձել է չարը, իսկ բարին՝ քրիստոնյա հնդեւրոպական լեզվաընտանիքի եւ ժողովրդավարական պսպղուն ֆանտիկն է, հետո էս ֆանտիկին մի պիտակ կկպցնենք ու նա կդառնա չարը եւ բարին կլինի էլի ինչ որ մեկը առանց պիտակի եւ այսպես շարունակ, քանի դեռ մե՛նք չենք փոխվում: Եթե չենք փոխվում, մենք մնում ենք բարի եւ չար ոստիկանների սցենարում, իսկ երբ փոխվում ենք եւ դառնում ենք մի շունչ մի մարմին,դառնում ենք Մե՛նք ենք տերը մեր երկրի, Մե՛նք ենք տերը մեր ճակատագրի: Քոչվորն էլ, սապոգն էլ ֆանտիկի հետ միասին նույն տիրոջն են ծառայում, իսկ մենք կծառայենք միայն մեր Արարչին, երբ մեր ազգի մեջ լինի միասնություն, երբ ընտրողի եւ ընտրվողի շահերն իրար համընկնում են, երբ պետությունն ու ազգը մի շունչ մի մարմին են, երբ իսկական անկախ ազգասեր եւ հավերժ ընդդիմադիր մտավորականությունը մեծագույն հարգանքով վստահությամբ եւ ակնածանքով է վերաբերվում գործող արաչագործ պետական գործիչների գործունեությունը: Որպեսզի փոխվենք, մեր ազգասեր մտավորականությունը ժողովրդի դատին պետք է ներկայացնի իր կողմից ձեւավորած ստվերային կառավարությունը եւ մինչեւ հաջորդ ընտրությունները ժողովրդին կազմակերպի, դաստիարակի եւ խիստ ու արդար ուսուցչի մնան կրթի՝ օրենքի սահմաններում:
    Հետո նույնը պետք է անենք մեր քաղաքական քաշի հարեւանների հետ, որ նրանց ազգասեր մտավորակասնությունը ստեղծի իր ստվերային կառավարությունը եւ դառնա ռազմավարական դաշնակիցը մեր ստվերային կառավարության: Մենք քաղաքական սպառողից պետք է վերածվենք քաղաքական արարչագործի: Միայն արարչագործն է ծառայում Արարչին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930